ՀՀ քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը 2 տարի դարձնելու նախագիծն ընդունելիս ՄԻՊ-ի որևէ նկատառում չի ընդունվել
Հունվարի 27-ին՝ կառավարության վերջին նիստում, որոշվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 974-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանում ««Հյուպատոսական ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներով» բառերը փոխարինել «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով» բառերով:
Նախագիծը մշակվել էր ՀՀ ոստիկանության կողմից: Այն չզեկուցվող հարցերի թվում էր:
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերությունը սահմանել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի վավերականության ժամկետով: Մինչդեռ, գործող կարգավորման համաձայն՝ մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:
Նախագծով, միաժամանակ փոփոխվում է ՀՀ քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու առավելագույն 10 տարվա ժամկետը՝ կրկին դառնալով 2 տարի:
Քանի որ Նախագծերը շրջանառման փուլում Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) կարծիքի չէին ներկայացվել, թեև դրանք վերաբերում են մարդու իրավունքներին առնչվող հարցերի, ՄԻՊ աշխատակազմում դրանք ուսումնասիրության առարկա են դարձել, ինչի արդյունքում ստորև ներկայացվում են մի շարք նկատառումներ և մտահոգություններ:
Պաշտպանը մի շարք առաջարկներ է ներկայացրել կառավարությանը, Ոստիկանությանը, Արտաքին գործերի նախարարությանը
Նախ ՀՀ ՄԻՊ-ը նշել էր, որ նախագիծը բավարար հիմնավորված չէ:
«Պետք է հատուկ ընդգծել, որ նախագծային ցանկացած լրացում կամ փոփոխություն պետք է ունենա պատշաճ հիմնավորում, երբ խոսքն առավել ևս վերաբերում է անձի իրավունքներին միջամտություն ենթադրող, վիճակն այլ կերպ վատթարացնող կարգավորումներին: Պետք է բացառել այն իրավիճակները, երբ օրենսդրական գործող կարգավորումներում որևէ նորմ փոփոխվում, լրացվում կամ առավել ևս վերացվում է՝ առանց դրա պատշաճ, մանրամասն հիմնավորման կամ անհրաժեշտության փաստարկման»,- նշել էր ՄԻՊ-ը՝ հավելելով, որ բերված չէ նաև որևէ միջազգային փորձ:
Արման Թաթոյանի հաջորդ նկատառումը վերաբերում էր գանձվող պետական տուրքին: ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար պետտուրքը 1000 դրամ է, մինչդեռ օտարերկրյա պետություններում վավերական՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար որպես հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրք գանձվում է 65.000 ՀՀ դրամ:
Փաստորեն, օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիներն իրենց անձնագրերի վավերականության ժամկետի ավարտից հետո նոր անձնագիր ստանալու համար յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ պետք է վճարեն 65.000 ՀՀ դրամ:
Ստացվում է, որ նախագծային լուծումները նաև լրացուցիչ և անհամաչափ ֆինանսական բեռ են ստեղծում քաղաքացիների համար:
Այս նկատառումը, ինչպես և նախորդը, չի ընդունվել կառավարության կողմից: Պաշտպանը նկատել է նաև, որ նախագծային լուծումները թվարկված խնդիրներից բացի, լրջագույն այլ խնդիրների առաջ կարող են կանգնեցնել հատկապես օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիներին: Խնդիրը, մասնավորապես, այն մասին է, որ օտարերկրյա պետություններում ՀՀ անձնագրեր տրամադրելու գործընթացն ապահովում են ՀՀ հյուպատոսությունները, իսկ դրանք ամեն քաղաքում չէ, որ տեղակայված են: Բերել էր ՌԴ օրինակը, նշել, որ այդ երկրում մենք ընդամենը 8 հյուպատոսություն ունենք, որոնք կենտրոնացված են հիմնականում երկրի արևմտյան հատվածում, և հարց է ծագում, թե ինչպես են երկրի արևելյան քաղաքներում և գյուղերում բնակվող ՀՀ քաղաքացիները 2 տարին մեկ հաճախականությամբ հասնելու այդ հսկայածավալ երկրի հակառակ ծայրամասում գտնվող քաղաքներ՝ նոր անձնագրեր ստանալու կամ անձնագրերը փոխանակելու համար:
Սա նույնպես մերժվել է:
Ըստ Պաշտպանի՝ նախագծային լուծումները մտահոգիչ են նաև քաղաքացիության ապահովման տեսանկյունից: Վերջինս նկատում է, որ երբ լրանա քաղաքացու անձնագրի վավերականության երկամյա ժամկետը, և վերը ներկայացված խոչընդոտներից ելնելով՝ անձը չկարողանա նոր անձնագիր ստանալ, ապա ռիսկի տակ է դրվելու նրանց երկքաղաքացիության պահպանման հարցը:
Պաշտպանի այս նկատառումը ևս անտեսվել է:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև ՀՀ արտգործնախարարությանն է հարցեր ու առաջարկներ ներկայացրել, որոնք կրկին չեն ընդունվել:
Մասնավորապես, վերջինս նկատել է՝ ներկայացված նախագծերի հիմնավորումներում, ըստ էության, որևէ փաստարկ ներկայացված չէ, այլ միայն նշված է, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու սույն որոշումների մեջ՝ նվազեցնելով անձնագրերի վավերականության 10 տարի ժամկետը, այն սահմանելով 2 տարի՝ առանց հիմնավորելու, թե ինչով է պայմանավորված այդ անհրաժեշտությունը։
Բացի այդ, ըստ ՄԻՊ-ի, ներկայացված նախագծերով առաջարկվող փոփոխությունը ոչ միայն նպատակահարմար չէ ակնկալվող արդյունքի իմաստով, այլև ամբողջովին հակասում է ընդամենը մեկ տարի առաջ ՀՀ կառավարության կողմից կատարված փոփոխությանը, որի նպատակն էր նախկինում սահմանված 5 տարվա սահմանափակումը վերացնել և քաղաքացիներին հնարավորություն տալ ի սկզբանե, անձնագիրը ստանալիս, դրանց վավերականությունը կատարել անձնագրի ամբողջ ժամկետով, այսինքն՝ 10 տարով։
Արման Թաթոյանը դիմել էր նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), Արդարադատության նախարարությանը՝ կրկին փաստարկներ ներկայացնելով, թե ոլորտային շահերի տեսանկյունից ի՞նչ խնդիրներ է պարունակում այդ նախագիծը:
Եվ միայն Արդարադատության նախարարությունն է մասամբ ընդունել ՄԻՊ առաջարկները, այն էլ՝ որոշումների ընդունման համար հիմք հանդիսացող Պաշտպանի նշած լիազորող նորմերի բացակայության մասով. լրացրել էին:
Եվ վերջ: Պաշտպանի մատնանշած որևէ բովանդակային առաջարկ չի ընդունվել, որևէ հարցի պատասխան չի տրվել: