««Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է դառնա մեր ազգային երազանքը». Թևան Պողոսյան
«Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք միասնական լինենք, կարող ենք մեր առջև դնել ազգային նպատակ և սկսել դա իրագործել: «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է դառնա մեր ազգային երազանքը, որի հիման վրա մենք պետք է ձևավորենք մեր միասնական մոտեցումներն այս հարցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույցի ընթացքում ընդգծեց՝ եկել է, որպեսզի նորից հայտարարի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Երրորդ նախագահը վստահ է, որ չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դրա համար դեռևս կան հնարավորություններ:
Թևան Պողոսյանի խոսքով՝ միասնականության դեպքում անպայման «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը կյանքի կոչելու ճանապարհները կգտնվեն.
«Դժվար ճանապարհ է լինելու, բայց լինելու է: Մեկ անգամ չեմ ասել՝ ցավում եմ, որ այսպես էլ չընկալեցինք, թե ինչպես պետք էր նույնիսկ պատերազմի ժամանակ այն վերածել հայրենականի կամ Սարդարապատի, որ դառնային այդ մեկ բռունցքը, մինչև վերջ պայքարեինք, ոչ թե ճանապարհի կեսից կանգնեինք: Այստեղ է գալիս այն գաղափարը, որ՝ այո՛, գործող իշխանություններն այդ ժամանակ երևի նպատակ էին դրել, որ Արցախը պետք է հանձնել, Արցախը բեռ է, պետք չէ Արցախով զբաղվել, դրա համար էլ նման արդյունք են ունեցել և՛ բանակցային գործընթացում, և՛ ռազմական գործողությունների ժամանակ: Բայց եթե ազգը հիմա նորից միավորվի, այսօր էլ կան բոլոր մոտեցումները, որոնցով կարելի է քայլ առ քայլ հասնել նրան, որ իսկապես թույլ չտանք, որ Արցախը վերջնական հանձնվի Ադրբեջանին»:
Հարցին՝ Երրորդ նախագահն էլ համախմբման կոչ արեց, հաշվի առնելով մեր քաղաքական դաշտը՝ տեսնո՞ւմ է այդ համախմբման հնարավորությունը, Թևան Պողոսյանը պատասխանեց.
«Հնարավորություններ միշտ կան, հարցն այն է, որ դա պետք է դառնա քո նպատակը: Երբ դառնում է նպատակ, օրինակ՝ գործող իշխանություններն ասում են՝ ոնց որ թե պառակտվում էինք, բայց ուզում էինք, որ լավ լինի, ի՞նչ գործողություններ պետք է անենք, պետք է անենք այն բոլոր բաները, որ միասնական լինենք, ներողություն ենք խնդրում, մեր վարած քաղաքականությունը չի բավարարում դա անել, գիտակցաբար հեռանում ենք: Մնացած բոլորը նույն կերպ պետք է այդ մոտեցումները ցուցաբերեն, ամեն մարդ՝ իր բաժնով: Եթե սերը լիներ դեպի ազգային երազանքը և դեպի հայրենիքը, այս գործողությունները կլինեին նոյեմբերի 10-ին»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական մեսիջներին, նա նշեց, որ այն պարզապես իրազեկող հարցազրույց էր.
«Ինձ համար բանակցային գործընթացների նրբությունների վերաբերյալ նորություն չկար, բայց դա գալիս է անհատական այն բանից, որ դու զբաղվում ես այդ հարցով, հետաքրքրված ես, ժամանակին եղել ես դրա մեջ: Շատ մարդկանց համար այդտեղ կային նորություններ, բայց լսո՞ւմ էին, խորանո՞ւմ էին, նախկինում իմացած տեղեկությունների հիման վրա սեփական դատողությունները, նորը ստանալուց հետո, փոխեցի՞ն: Ցանկացած մարդ լսում է այն, ինչ ինքը ցանկանում է լսել, այն, ինչ Սերժ Սարգսյանը ասել է, չի նշանակում, որ մարդիկ դա են լսում: Հիմա դա է խնդիրը՝ հարցազրույցը նրա համար էր, որ ասվի՞, թե՞ նաև լսվի: Եթե լսվի, ընկալվի, միգուցե տեղին գաղափար կդառնա»: