Որպես կանադահայ, Կանադայի քաղաքացի՝ ինձ համար ցավալի է, որ Հայաստանն այդպիսի ներկայություն կարող է ունենա Կանադայում. Հրաչ Ջաբրայան

168.am-ը երեկ տեղեկացրել էր՝  Կանադայում Հայաստանի նոր դեսպանը, ամենայն հավանականությամբ, կլինի Նաիրի Սարգսյանը՝ Փաշինյանի նախկին օգնականը, հանրության շրջանում «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը, և վերջապես՝ 1996-ին սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Զարեհ Սարգսյանի որդին:

Նաիրի Սարգսյանի կենսագրության մեջ, թերևս, հիշատակության արժանի միակ դրվագը 2018թ․ ապրիլին պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Ռադիոտան դուռը կոտրելն է եղել, իսկ «նոր» Հայաստանում արդեն՝ «հպարտ քաղաքացիներին» տիկ-տոկով դաստիարակելու վեհ առաքելությունը: Ի դեպ, իր շարքը նա սկսել է շշերը չթափելու քարոզից, բայց դեռևս չի հասել «դռները չկոտրելու» տարրական բարեկրթությունն ուսուցանելուն:

Թե ինչպե՞ս պետական լուրջ ինստիտուտներով հայտնի Կանադայում կվերաբերվեն պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Ռադիոտան դուռը կոտրած դեսպանին, ժամանակը ցույց կտա, իսկ թե ինչպես կվերաբերվեն կանադահայերը նման նշանակմանը՝ հետաքրքրվեցինք կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանից:

Մեր հարցին ի պատասխան՝ Հրաչ Ջաբրայանը նախ ծիծաղեց, ապա արձագանքեց. «Ծիծաղելի է: Դե, դեսպանի պաշտոնը լուրջ պաշտոն է, և, բնականաբար, այդտեղ լուրջ դիվանագետ անձնավորություններ են պետք: Մենք բավական տարիներ Կանադայում ունեցել ենք ամենալավ դեսպանները. հատկապես նախավերջին դեսպանի՝ Արմեն Եգանյանի աշխատանքի մասին կուզեմ նշել. նա հիասքանչ աշխատանք էր տարել հայ համայնքի հետ բոլոր շրջաններում: Վերջին դեսպանի՝ տիկին Անահիտի հետ շփում չեմ ունեցել, չեմ կարող մանրամասնել:

Հայաստանի այս իշխանության ներկայացուցիչներին ես լուրջ չեմ ընդունում, և որպես կանադահայ, Կանադայի քաղաքացի՝ ինձ համար ցավալի է, որ Հայաստանն այդպիսի ներկայություն կարող է ունենա Կանադայում»:

Անդրադառնալով առհասարակ այս իշխանությունների հանդեպ Սփյուռքի վերաբերմունքին՝ կանադահայ գործարարը շեշտեց, որ «նա, ով ունի ազգային ջիղ և գոյատևել է՝ պահելով իր ինքնությունը, ապրել է Արցախով ու Հայաստանով, այսօր չի ընդունում այս իշխանություններին»:

Նկատենք՝ 168.am-ը տեղեկացրել էր նաև, որ Հայկ և Նաիրի Սարգսյանները Կանադայում ապրող քույր ունեն, և Նաիրի Սարգսյանի նշանակումն իրենց ընտանիքի համար բոլորովին էլ վատ տարբերակ չէ:

Հիշեցնենք, որ ներկայումս Կանադայում ՀՀ դեսպանը կադրային դիվանագետ Անահիտ Հարությունյանն է, ով 2019թ․ ապրիլի 11-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա): Անահիտ Հարությունյանը դիվանագիտական ծառայություն է իրականացրել Շվեյցարիայում, Բելգիայում, եղել է ԱԳ նախարարի օգնական, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի 1-ին քարտուղար, Արգենտինայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի 3-րդ քարտուղար, 2001թ.-ից՝ նույն բաժնի վարիչ, աշխատել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում:

Բայց, ինչպես ասում են, զարմանալի չի լինի այս կենսագրությամբ դիվանագետի փոխարինումը դիվանագիտական փորձառություն չունեցող մեկով, քանի որ «կոտրված դռնից» բացված «Նոր Հայաստանում» նման նշանակումների պակաս չկա. Լիլիթ Մակունցը վկա:

Տեսանյութեր

Լրահոս