«Ալիևի պրոբլեմը եղել ու շարունակում են մնալ նախորդ նախագահները, հատկապես՝ Երկրորդ և Երրորդ նախագահները». Արտակ Զաքարյան

«Ալիևն ամենայն հավանականությամբ տեսնում է, որ և՛ Երկրորդ, և՛ Երրորդ նախագահի շուրջ մարդիկ սկսում են ավելի մեծ հույսեր կապել։ Նա հնարավորություններ է տեսնում, որ կարող է ինչ-որ պահից նրանք վերցնեն իրենց ձեռքը Հայաստանի կառավարումը, իսկ դա փակելու է Ադրբեջանի, այսպես ասած, բոլոր ոտնձգությունների ճանապարհը։ Դա ստիպելու է Թուրքիային ու Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ի՞նչ մտավախություններ ունի Ալիևը, երբ ամեն անգամ հայտարարում է, որ թույլ չի տալու, որպեսզի Հայաստանի բանակը վերականգնվի և վտանգ ներկայացնի Ադրբեջանին։

Ըստ նրա, Ալիևը մտավախություններ ունի, որ Երկրորդ և Երրորդ նախագահների հնարավոր կառավարման ժամանակ հնարավորություն է բացվելու Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերակենդանացնելու, միջազգային գործընկերներին ներգրավելու։ Նաև հնարավորություն է ստեղծելու հայ-ռուսական իրականում կառուցողական, գործընկերային, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները նորից վերականգնելու և տարածաշրջանային անվտանգության հարցում Հայաստանի դերը բարձրացնելու։

«Այդ ամենը նաև հնարավորություն է ստեղծելու Հայաստանի ներսում հայ հասարակությանը կոնսոլիդացնելու։ Այն, ինչը թվարկեցի, Ալիևի սրտով չէ, նրան այսօր ուղղակի պետք է, որ Հայաստանը որևէ ամբիցիա ու շահ չունենա, լինի ուղղակի սպառող՝ խաղաղություն, էներգիա, սնունդ սպառող, բայց դրա փոխարեն՝ իրենք ինչպես ուզեն, այնպես վերաբերվեն Հայաստանի հետ։ Ուզեն՝ միջանցք բացեն, զրկեն իրավունքներից, կրակեն կամ չկրակեն, և այսպես շարունակ։ Իսկ վերջում հայ ժողովուրդն այս տարածաշրջանում դառնա ուղղակի եկվոր, որին պետություն չի հասնում։ Հետևաբար, այն, ինչ ուզում է Ալիևը՝ չի թաքցնում, բայց ինչո՞ւ է մեր իշխանությունը պարում Ալիևի դուդուկի տակ՝ սա է անհասկանալի»,- հավելեց Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ պատերազմից առաջ և հետո Ալիևը ՀՀ ներկայիս իշխանության հետ խնդիր չի ունեցել։

«Ալիևի պրոբլեմը եղել ու շարունակում են մնալ նախորդ նախագահները, հատկապես՝ Երկրորդ և Երրորդ նախագահները»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս