Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում հայտարարել են, որ ՌԴ-ի դիվանագետներին չեն արտաքսում Նահանգներից
ԱՄՆ-ը Պետդեպարտամենտի հրահանգն արտաքսում չի համարում, որի համաձայն Ռուսաստանի մի քանի տասնյակ դիվանագետներ պետք է Վաշինգտոնից հեռանան այս տարվա հունվարին եւ հունիսին: Այդ մասին ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում «Ինտերֆաքս»-ին հայտնել են փետրվարի 1-ին:
«Դա արտաքսում չէ: Ռուսաստանի իշխանությունները տեղեկացված են եղել, որ կարող են փոխարինել այն դիվանագետներին, որոնք կլքեն երկիրը՝ այդ պաշտոններում նշանակելով իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների այլ աշխատակիցների»,-ասել են ԱՄՆ-ի դեսպանությունում:
Այնտեղ, մասնավորապես, այսպես են պատասխանել գործակալության այն հարցին, թե ԱՄՆ-ի դիվանագետներն արդյոք Ռուսաստանից կհեռանան որպես պատասխան միջոց ԱՄՆ-ի իշխանությունների որոշման: Վաշինգտոնի կարծիքով, ամերիկյան մոտեցումն «ավելի մեծ զուգակշռություն է ապահովում երկու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքում, քանի որ դրանց անձնակազմը փոխվելու է նույն հաճախականությամբ»:
«Դա կօգնի դյուրացնել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի աստիճանական վերականգնումը, որն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ հաստատելու համար»,-հայտարարել են ԱՄՆ-ի դեսպանությունում: Անցած շաբաթ Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը, կատարելով Պետդեպարտամենտի հրահանգը, մտադիր է գործել՝ ելնելով փոխադարձության սկզբունքից: