Արցախում ամուսնությունների թվի նկատելի աճ է գրանցվել
2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության Քաղաքացիական ակտերի գրանցման ոլորտում կատարվել է 5212 ակտային գրանցում, 9311 գործողություն, մասնավորապես՝ ուղղումներ, տեղեկանքների ու կրկնօրինակների տրամադրում։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 31-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի ցուցանիշները համեմատվել են և՛ 2019 թվականի, և՛ 2020 թվականի ցուցանիշների հետ, քանի որ 2020 թվականը բացասական առումով աննախադեպ տարի էր Արցախի համար։
«Անցած տարվա ընթացքում գրանցվել է 1555 ծնունդ, որը 2020 թվականի ցուցանիշից պակաս է 113-ով, իսկ 2019թվականից՝ 576-ով։ Ծնվածների ընդհանուր թվից 680-ը արական, իսկ 875-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են։ Ակտային գրանցումների ուսումնասիրությունից երևում է, որ տղաների մոտ ամենատարածված անուններն են Դավիթը, Նարեկը և Տիգրանը, իսկ աղջիկների մոտ՝ Նարեն, Մարիան և Մանեն։
Տարվա ընթացքում մահերի թիվը կազմել է 1350, որը 2020 թ.-ի ցուցանիշից պակաս է 179-ով, իսկ 2019թ.-ի ցուցանիշը գերազանցում է 195-ով։ Մահացած քաղաքացիներից 569-ը հանդիսանում են արական, իսկ 781-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ, ընդ որում` տասնմեկը, դժբախտաբար, մինչև մեկ տարեկան երեխաներ են։
Ամուսնությունների թիվը կազմել է 1314, որը 2020 թ-ի ցուցանիշը գերազանցել է 1149-ով, իսկ 2019 թ-ինը՝ 478-ով. մենք ամուսնությունների թվի բավականին մեծ աճ ունենք` նախորդ երկու տարիների համեմատ։ Գրանցված 1314 ամուսնություններից քսանը օտարերկրյա քաղաքացու հետ է. 14-ը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, երեքը՝ Ուկրաինայի, մեկը՝ Թուրքմենստանի, մեկը՝ Հնդկաստանի, մեկը՝ Լուգանսկի ժողովրդավարական հանրապետության»,- ներկայացրել է Ժ. Միրզոյանը։
Բնութագրությունը հասանալի չէԸստ նախարարի տված տեղեկատվության՝ Արցախում ամուսնալուծությունների թիվն անցած տարում կազմել է 194, որը ավել է 140-ով 2020 թ.-ի ցուցանիշից, և պակաս է 13-ով 2019-ի ցուցանիշից։ 2021 թ.-ին կատարվել է որդեգրման հինգ գրանցում, 2020-ին՝ մեկ, իսկ 2019-ին՝ վեց։ 178 հայրության ճանաչման գրանցում է արձանագրվել, 2020-ին՝ 128-ի և 2019- 113-ի դիմաց։