«Խոսակցություն կա, որ կենդանիներին ուզում են վերացնեն, էլիտար թաղամաս սարքեն»․ կենդանաբանական այգու նախկին աշխատակից

Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին հենց այգու մուտքի մոտ: Պատճառն այգու կենդանիների մեծ թվով անկումներն են։

Այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ միտում են տեսնում կենդանիների անկման մեջ,  կարծես  որոշ շրջանակներ, այդ  թվում՝ այգու նախկին տնօրենը, իրականացնում են իրենց ծրագրերը։

«Մենք Ռուբեն Խաչատրյանի տնօրինության օրոք շատ երկար պայքարել ենք իր աշխատաոճի դեմ։ Երևանի քաղաքապետարանը աշխատանքից ազատեց Ռուբեն Խաչատրյանին, դրանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վլադիմիր Սիմոնյանը, հետո Վլադիմիր Սիմոնյանին հեռացրեցին ու նշանակեցին Արևիկ Մկրտչյանին։ Մեր պայքարը եղել է այն, որ այգու տնօրենը պետք է պարտադիր կոմպետենտ մարդ լինի, որովհետև այս այգին գնում է կործանման։ Ռեժիսորի դեմ պայքարեցինք, դրանից հետո բերել են ճարտարապետ․․․

Մեր պահանջն այն է, որ կենդանիների անկման դեպքերին հստակ պարզաբանում տրվի։ Իմ խորին համոզմամբ՝ սա արվում է հատուկ, կարծում եմ՝ տարածքը  պետք է ազատել, որովհետև ըստ օդում կախված լուրերի՝ պարբերաբար խոսակցություններ են ի հայտ գալիս, մեկն այն է, որ կենդանաբանական այգու տարածքում ուզում են էլիտար թաղամաս սարքեն, երկրորդ խոսակցությունն էլ այն է, որ Ռուբեն Խաչատրյանի պլանների մեջ է, որ նա իր հիմնադրամով բերի կենդանիներ, հանձնի ի պահ պետությանը, կամ տարածքը վերցնի վարձով, սարքի մասնավոր կենդանաբանական այգի»։

Հարցին՝ արդյոք տեղյա՞կ է, թե վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգում քանի կենդանի է անկել, այգու նախկին աշխատակիցը պատասխանեց․

«Շատ են անկել, անկել է սիբիրյան լուսան, արջ, մուֆլոն, բեզոարյան այծ, անկել է կուլանը, բազմաթիվ թռչուններ են անկել, օձերի բաժնում է անկումներ գրանցվել․․․ Եթե մենք հասել ենք մի վիճակի, որ չենք կարողանում մի այգի պահենք, որ սա դարձել է կոռուպցիայով ու ծանոթով մարդկանց նշանակելու տեղ, եթե սա պետք է փակվի, մի՛ սպանեք կենդանիներին, ազնվորեն ասեք, կարծում եմ՝ հանրությունն ըմբռնումով կմոտենա․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս