Բաժիններ՝

«Սարերի հովին մեռնել պետք չի, պետք է ապրել էդ սարերի համար»․ Մանե Պողոսյան

Հունվարի 29-ին իրականացված «Հզոր համայնք» միջոցառումը Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և Ջավախքից մեկ հարկի տակ էր հավաքել 440 երիտասարդների և ոլորտի 40-ից ավելի առաջատարների։

Մարզի երիտասարդների մասնագիտական և առաջնորդության կարողություններն էականորեն զարգացնելու նպատակով՝ մասնակից անդամները միջոցառման ընթացքում և դրանից հետո լավագույն փորձագետների կողմից ստացան համայնքների զարգացման նոր մեթոդներ և գործիքակազմեր, համայնքներում, երիտասարդական կենտրոններում արդյունավետ թիմերի կազմավորման և առաջնորդման կարևորագույն հմտություններ և կարողություններ։ Մասնակիցներն ունեցան քննարկում առաջատար փորձագետների հետ՝ մտահորիզոնը հավելյալ ընդլայնելու և համայնքների զարգացման համար նոր գաղափարներ գեներացնելու նպատակով։  Մարզի երիտասարդները ստացած նոր մեթոդների և կարողությունների հիմքով արդեն ցանկություն ունեն նախաձեռնելու անհատական ծրագրեր, որոնք ուղղված են լինելու համայնքի երիտասարդների և իրենց համայնքների զարգացմանը։

Միջոցառման մասնակիցներից Մանե Պողոսյանը նշում է, որ այս միջոցառումը չեն հասկանա մարդիկ, ովքեր մինչ օրս հետաքրքրված չեն երկրի ներկայով և ապագայով։

«Սարերի հովին մեռնել պետք չի, պետք է ապրել էդ սարերի համար։ Մեր Հզոր Մտքի կողմից կազմակերպված #մեգաօֆֆլայնացումն է։ Ինչո՞ւ այդպես, որովհետև իրար գլխի էին հավաքվել շուրջ 440 երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից (ներառյալ՝ Արցախ ու Ջավախք) և ոլորտի մի շարք ոլորտի առաջատարներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով։

Սա չեն հասկանա այն մարդիկ, ովքեր մինչև օրս մտահոգված չեն երկրի ներկայով ու ապագայով, բայց այս մարզեցիները անում են ամեն ինչ թե՛ իրենց, թե՛ իրենց մարզերի զարգացման համար։  Չեն հասկանա այն մարդիկ, ովքեր ամեն վայրկյան մտածում են, թե՝ բա սա ապրելու երկիր չի, թողեք փախեք։ Եվ, ի վերջո, չեն հասկանա բոլոր էն մարդիկ, ովքեր երբևէ չեն զգացել մարզերի ուժը։ Իսկ այս ամեն ինչը անհնար կլիներ՝ առանց գաղափարակից մարդկանց, էն մարդկանց` ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հզոր ապագայի համար»,- նշում է Մանեն։

Միջոցառման մասնակիցներից Ստելլա Ավետիքյանը ևս կիսվել է իր  կարծիքով։

«Այս մեծ աշխարհում՝ փոքր, բայց Հայաստանում զգալի օղակ լինելու մասին խոսել է, հիմա պատկերացրեք՝ օղակները շղթայվում են պրոցեսների ընթացքում:

Նման շղթայում եղավ միջոցառման ընթացքում, երբ մասնակիցներն ու գաղափարակից հյուրերը հավաքվել էին «Հզոր համայնքում»։

Այժմ ներկայացնենք երեկվանից առանձնացված այն կետերը, որոնք հուշում են գալիք դրական փոփոխություններ բերող արդյունքների մասին`

– Երեխաներ կային, ում համար սա  Հզոր Միտք / Strong Mind կամ Մարզերի երեխաները մարզերում գալուց հետո առաջին օֆֆլայնացումն էր։

– Մարզերի երեխաները թիմ դարձան։

– Տեղում մեծերի և փոքրերի էներգիա և ինֆոփոխանակություն տեղի ունեցավ»,- նշում է Ստելլան։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ուսուցիչ և «Թեյքառ» ստարտափի հիմնադիր Վիգեն Խաչատրյան նշում է, որ նման արդյունք պատկերացնելը բարդ էր։

«Ես այսքան լավ չէի պատկերացնում այս ամենը։ Այսքան բան, այսքան շատ մարդ, երեխաներ, ովքեր երևի ամեն մարզում, ամեն համայնքում շատ քչերից են կամ ընտրյալներն են, մի տեղում չէի պատկերացնում։ Հնարավորություն ունեցա նրանց բոլորին տեսնել մի տեղում, հետևել նրանց մտքերի բախմանը, ականատես լինել նրանց ստեղծագործականությանը, նրանց տարբերվողականությանը։ Այդ առումով շատ տպավորիչ էր և շատ հետաքրքիր։

Միջոցառումը, անշուշտ, շատ կարևոր էր այն առումով, որ շփումը, միջմարզային կապը շատ կարևոր են։ Եթե ենք խոսում ենք միջմարզային շփման մասին, չենք կարող դրանք դիտարկել առանձին-առանձին, դրանք պետք է դիտարկենք կայուն զարգացման տեսանկյունից»։

Վիգենի խոսքով՝ շատ կարևոր է, որ կապ և հաղորդակցություն լինի իրարից հեռու գտնվող մարզերի և Երևանի միջև։

«Կարելի է ասել, որ շատ օգտակար կլինի, որ արդեն շատ լինեն միջոցառումներ, մտքերի, ծրագրերի, գաղափարների փոխանակում։ Միայն ցանցային համագործակցությունների և առաջնորդների ցանցային վիճակի հետ է պայմանավորված լինելու մեր պատկերացրած զարգացումը, որովհետև մի կետի, օրինակ՝ Երևանի հետ կապով զարգացումը չեմ պատկերացնում։ Ըստ իս, պետք է Հայաստանին փրկել Երևանից՝ մարզերի և մարզերի ակտիվ ապագա առաջնորդների, համայնքային զարգացման մեծ պոտենցիալի և մեծ էներգիայով լցված երիտասարդների շնորհիվ։

Միջոցառման ընթացքում էլի շատ կարևոր բաների ականատես եղա, թե ոնց էին երիտասարդները մեղվի նման իրար հետ շփվում, չէին կշտանում շփումից, մտքերի փոխանակումից։ Սա շատ ոգևորիչ է և նշանակում է, որ իրոք մտքեր կան, և իրոք ոգևորվածություն կա։ Դա նոր կապերի սկիզբ է, որի վրա դրված էր հենց շեշտը։ Դա նաև խրախուսվում էր, և անգամ մրցույթ էր կազմակերպված՝ ֆեյսբուքյան ընկերների ավելացման հետ կապված։

Իմ հիմնական հարցը շատ-շատերին եղել է, թե՝ ինչի՞ համար ես եկել, ո՞ր հարցն է, որի պատասխանը ստանալու համար եկել ես այստեղ։ Ու շատ քչերն էին, որ հստակ հարցեր չունեին։ Եվ շատ քչերն էին, ովքեր չգտան իրենց հարցի պատասխանը»,- նշում է Վիգենը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս