Ինչպե՞ս հաջողել ՏՏ ոլորտում երիտասարդ տարիքում․ Մանե Պողոսյան
14-ամյա Մանե Պողոսյանը սովորում է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում։ Արդեն 4 տարի է՝ հաճախում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
«Խմբակավարիս`Եղիշե Ամիրյանի շնորհիվ ստացել եմ մեծ մոտիվացիա։ ՏՏ ոլորտի շրջանակներում բազում մրցույթների եմ մասնակցել` «Դիջիկոդ» (2018,2019,2020), «Թեքնովեյշն» (2019,2020), Shtigen Kids, Awesone Foundation, և 3 անգամ «Արմաթ» Տեխնոճամբար (2015,2016,2019)»,- պատմում է նա։
Վերջին տարիներին Մանեն ստեղծել է մի շարք խաղեր և նախագծեր։
«Առաջին հաջող նախագիծս «Դիջիկոդ 2018» մրցույթի ժամանակ եմ ներկայացրել՝ ստեղծելով խաղ, որը կոչվում է «Գնդլիկ Բոքոնիկ»։ Մրցույթում գրավել եմ 2-րդ հորիզոնականը։ Խաղում ներկայացված էր 5 փուլ։ Խաղը կարող էին խաղալ և 2 հոգով, և 1 հոգով։
Երկրորդ հաջողությունս «Թեքնովեյշն 2019» մրցույթն էր, որի ժամանակ մեր Bright Mind թիմին հաջողվեց անցնել լավագույն թիմերի մեջ։ Մրցույթի ժամանակ ստեղծել էինք հավելված, որը կոչվում էր First Aid։ Հավելվածում ներկայացված էին առաջին բուժօգնության բոլոր կանոնները, և, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն տուժածին։
Բացի այդ, լրացրել եմ Shtigen kids-ի հարցաշարն արևային էներգիայի մասին և գրանցել եմ լավագույն արդյունքը»։
Մանե Պողոսյանն այժմ իր նոր նախագծերով պատրաստվում է երկու մրցույթների։
«Առաջինը «Դիջիկոդ 2020-ն» է։ Ստեղծել եմ խաղ, որը բաղկացած է 3 փուլից։ Յուրաքանչյուր փուլ՝ ևս 2 փուլից։ Խաղի շնորհիվ ավելի կզարգանա խաղացողի ինտելեկտը։ Խաղում կա նաև բոնուս աշխարհ, որն ամբողջությամբ տրամաբանական հարցերի վրա է կենտրոնացած։
Երկրորդը «Թեքնովեյշն 2020-ն» է, այս տարի ստեղծել ենք նոր հավելված, որը վերաբերում է Սոցիալ ձեռներեցներին։ Իսկ ես html/css/js ծրագրավորման լեզուներով ստեղծել եմ հավելվածի կայքը։ Կայքը դեռ ավարտուն չէ, որովհետև գտնվում է «Արմաթ Լաբի» համակարգչի մեջ, իսկ դպրոցները հիմա փակ են»։
Չնայած երիտասարդ տարիքին, Մանեն արդեն ունի տարբեր նախագծերի մասնակցելու և հաջողելու փորձ։ Նա իր հասակակիցներին խորհուրդ է տալիս քննարկել, փնտրել և հետևել մտքի թռիչքին։
«Առաջինը՝ ուղղակի պետք է քրտնաջան աշխատեն, իրենց ծրագրերը ցույց տան մտերիմներին և հարցնեն՝ արդյո՞ք նրանք կօգտագործեն դա, թե՞ ոչ
Երկրորդը՝ չպետք է մտածեն, թե ամեն ինչ գիտեն տվյալ ծրագրի կամ ծրագրավորման լեզվի մասին, որովհետև ամեն անգամ մի նոր բան են հայտնագործում։
Ինչ-որ բան սկսելուց առաջ երկար քննարկեն խմբակավարի և ընկերների հետ։ Նոր ծրագիրը սկսելուց առաջ փորձեն Google-ում փնտրել, որպեսզի հետո չորակազրկվի, կամ չմտածեն, թե կրկնօրինակված ծրագիր է։
Եվ նախագծի ծրագիրը գրելուց գնացեք ձեր մտքի թռիչքի հետևից»։
Մանեն իր հետագան պատկերացնում է Հայաստանում՝ անկախ գործունեության ոլորտից։
«Հայաստանը հիմա գտնվում է ՏՏ ոլորտի զարգացման փուլում, դրան նպաստում են ԱՏՁՄ-ն և «Արմաթը»։ Ինքս որոշել եմ, որ կրթությունս շարունակելու եմ Հայաստանում, դա կլինի կապված ՏՏ ոլորտի հե՞տ, թե՞ ոչ։ Աշխատանքս նույնպես ՀՀ սահմաններից դուրս չեմ տանելու։ «Արմաթն» ինձ մեծ փորձ տվեց ու ինձ համար ամենակարևոր բանը` ալգորիթմական մտածողություն»,- նշում է Մանեն։
Սիրարփի Աղաբաբյան