Բաժիններ՝

«Մայրաքաղաքը» կառուցիր այնտեղ, որտեղ դու ես. երեխաները մարզերում սովորում են, ստեղծում և գումար վաստակում

«Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) սոցիալական նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում բնակվող երեխաներն ու պատանիները հնարավորություն են ստանում ծանոթանալու իրենց բնակավայրից դուրս գտնվող Հայաստանին: Երեխաներն այցելում են իրենց մարզից բնակլիմայական պայմաններով ու մշակույթով տարբերվող մարզեր՝ շփվելով և ընկերանալով իրենց հասակակիցների հետ: Նախագծի շրջանակներում կազմակերպվում են քայլարշավներ, կինոդիտումներ, խաղեր, խարույկի շուրջ երգ ու պար և այլն՝ կախված բնակավայրի առանձնահատկություններից ու տեսարժան վայրերից:

Բացի այդ, սոցիալական նախագծի շրջանակներում մարզերի երեխաները զարգացնում են իրենց գիտելիքները տարբեր ոլորտներում՝ գեներացնելով գաղափարներ և ստեղծելով նախագծեր, որոնց շրջանակներում կարողանում են զարգացնել իրենց գիտելիքները, ինչպես նաև գումար վաստակել հենց իրենց մարզերում։

Նախագիծը ֆինանսավորվում է նվիրատվությունների միջոցով և մարզեցիների ջանքերով։

ՄԵՄ-ի հաջողված նախագծերից է IT’s a Village օնլայն խանութը, որտեղ, արտադրողից մինչև կառավարող, բոլորը երեխաներ են, ովքեր աշխատում են տեխնիկական և բիզնես խորհրդատուների օգնությամբ։ Այստեղ վաճառվում են մարզերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների պատրաստած արտադրանքները։ Դրանք ներառում ենք ֆիլամենտից եռաչափ մոդելներ և փայտի վրա լազերային ու նկարազարդ աշխատանքներ։ Արտադրանքներն առաքվում են ցանկացած ուղղությամբ, փոստի և կամավորների միջոցով։ Այս նախագծի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ 168.amանդրադարձում։

ՄԵՄ-ի անդամ Ստելլա Ավետիքյանը լավ հիշում է 2020 թվականի փետրվարի 20-ը, երբ իր կուրսընկերուհի Աիդա Ջանջուղազյանի խորհրդով միացավ Աշխարհը փոխող կամավորներին։

«Եթե 2020 թվականը բոլորի համար անհաջողության տարի էր, ապա ինձ համար զարգացման ու զարգացման հնավորությունների տարի էր։ Հենց այս տարվա սկզիբն էր, երբ մտա ՄԵՄ-ի շարքեր, ու սկսվեց ներսիս ու առօրյայիս փոփոխությունները»։

Ստելլան Դսեղից է, 18 տարեկան։

«Ի սկզբանե, սովորությանս համաձայն, շատ չէի խոսում, մինչև որ իրոք զգացի` սա հրաշալի հարթակ է և՛ նորը սովորելու, և՛ իմացածով կիսվելու համար։ Այդ օրը սկսվեց աճի ու զարգացման մի մակարդակ, որտեղ հիմա հասել եմ։ Ի սկզբանե ՄԵՄ գալով՝ մասնակցում էի փոքր կամավորական աշխատանքների, որը այդ պահին հիմնականում event managment-ն էր։

Վեբինարների կազմակերպման ընթացքում սովորում էինք՝ ինչ է իվենթ մենեջմենթը, որովհետև մեծամասնությունս առաջին անգամ էինք առնչվում։ Ամեն շաբաթ անում էինք մի միջոցառում։ Ի սկբանե որպես նորեկ էի, հետո արդեն՝ որպես փորձառու։ Սկսվեց իմ ակտիվությունը ՄԵՄ-ում։ Ու սկսվեցին «առաջին անգամներս»՝ առաջին քայլերս իվենթ մենեջմենթում, առաջին փորձս content writing-ում, ֆրիլնասինգում ու, ի վերջո, առաջին փորձս մեծ բիզնես նախագծերի համակարգման հարցում։
Արդյունքում, այս պահին ՄԵՄ-ի 2 ենթանախագծերի՝ հյուրատների և հյուրընկալվողների միջև միջնորդ հարթակ «Լիներ հեռու մի անկյունի» և հայերենի օնլայն դասեր անող «Բառ ու բանի» համահիմնադիր-համակարգողն եմ, գեներացնում եմ գաղափարներ»,- պատմում է Ստելլան։

«Լիներ հեռու մի անկյունը» միջնորդ ծառայություն է մատուցում հյուրատների և այն մարդկանց միջև, ովքեր ուզում են հյուրատուն գտնել։

«Մենք համագործակցում ենք հյուրատների հետ, ունենք հյուրատների բազա։ Մենք մարդկանց նախընտրած չափանիշերով առաջարկում ենք հյուրատուն՝ ստանալով որոշակի տոկոսներ, եթե նրանք ընտրում են այդ տարբերակը։ Ի սկզբանե էջը նախատեսված էր գյուղական տներ ներկայացնելու համար, բայց հետո գաղափարը այնքան զարգացրինք, որ հասանք բիզնես մոդելի։ Պատերազմի ընթացքում դադարեցրել էինք նախագծի աշխատանքներն ու զարգացումը, բայց ապրիլին կրանա նախագծի 1 տարին, և ավելի մեծ թափով կսկսենք աշխատանքները։

««Լիներ հեռու մի անկյունը» իմ առաջին գործն էր նախագծերի մենեջմենթի ոլորտում, բայց ոչ վերջինը, որովհետև մեկը մյուսի հետևից եկան տարբեր նախագծեր։ Հիմա զբաղվում եմ 4 նախագծի մենեջմենթով։ Դրանցից մեկը «Բառ ու բանը» նախագիծն է, որը հայերեն սովորելու առցանց հարթակ է, որտեղ կարող են սովորել ռուսերեն խոսող մարդիկ։ Այս պահին զբաղվում ենք թիրախային լսարանի փնտրտուքով, պատրաստում ենք մասնագետներին, զարգացնում ենք էջը, ծրագրային պլանը, որ սկսենք տարբեր խմբերի հետ աշխատանքը։

Այս նախագծում ամբողջ աշխատանքը կատարվում է օնլայն՝ նաև մարզերի երեխաների կամավոր աշխատանքի աջակցությամբ։

Ստելլան նաև ունի թիմ, որի հետ աշխատում է անիմացիաների ոլորտում։ Թիմի առաջին պատվերը եղել է Կանադայից։ Ստելլան և ընկերները նպատակ ունեն ստուդիա բացել։

Ստելլան այժմ աշխատում է նաև վերը նշված IT’s a Village նախագծի շրջանակներում, որտեղ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների երեխաներին առաջարկվում է անել ֆրիլանս աշխատանք և այդ միջոցով գումար վաստակել։

«Ուզում ենք տարածել այս մշակույթը, որ շատերը երեխաներին վստահեն»։

ՄԵՄ-ի անդամ Անի Ղազարյանը ևս աշխատում է IT’s a Village նախագծում և աջակցում է մարզերի երեխաների համար օնլայն աշխատանք գտնելուն։

21-ամյա Անին, ով Դվին գյուղից է, համոզված է, որ կրթություն, աշխատանք,
հմտություններ, նոր միջավայր ձեռք բերելու համար պետք չէ շտապել մայրաքաղաք, այլ մայրաքաղաքը կառուցել այնտեղ, որտեղ դու ես։

«Ես ապրում եմ մայրաքաղաք Դվինում։ Գյուղի զարգացման ուղիների փնտրտուքներն ինձ բերեցին ՄԵՄ։ Չէի պատկերացնի, որ ՄԵՄ-ի ֆեյսբուքյան խմբում արած գրառումը կփոխի կյանքիս ուղին։
Առանց որևէ նյութական միջոց ծախսելու, հարյուրավոր կիլոմետրեր իրարից հեռու գտնվելով, սովորեցինք դրամաշնորհային ծրագրեր գրել, վեբինարներ կազմակերպել, մասնակցեցի Eworld մանկական հիմնադրամի և Excelist-ի կազմակերպած Excel-ի խորացված եռամսյա, օտար լեզուների դասերի, կարիքից ելնելով մեկ օրում Youtube-ի միջոցով սովորեցի Adobe Photoshop, խորացրեցի Adobe Premiere Pro ծրագրի հմտությունները, ամբողջությամբ սկսեցի տիրապետել Trello, Google Drive գործիքներին, և շատ այլ բաներ»,- ասում է նա։

Անիի առաջին մեծ նախագծերից մեկը բարեգործական համերգի կազմակերպումն է, որի միջոցով կազմակերպիչները հավաքել են մոտ 2000 դոլար գումար և ապահովել են 50 երեխաների հեռախոսներով։

«Մեր՝ մարզեցիներիս ամենամեծ աշխատանքը, որի կազմակերպմանը մասնակցեցին ՀՀ գրեթե բոլոր մարզերից, բարեգործական օնլայն համերգի կազմակերպումն էր։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես՝ Դվինից, մյուսը՝ Թալինից, մյուսը՝ Սվարանցից, այդպես շարունակ՝ գրեթե բոլոր մարզերից, յուրաքանչյուրս մեր տանը նստած՝ կազմակերպեցինք բարեգործական համերգ, որի արդյունքում 50 մարզեցի երեխա ապահովվեց տեխնիկական միջոցներով»։

Անին ապահովել է համերգի ուղիղ հեռարձակումն ու մոնտաժը։
«Հատկանշական է՝ ՄԵՄ-ի շնորհիվ ձեռք բերեցի նոր աշխատանք Eworld մանկական հիմնադրամում՝ որպես վիդեոմոնտաժող և մի շարք ծրագրերի համակարգող։
ՄԵՄ-ի շնորհիվ բացահայտեցի IT ոլորտը, հատկապես՝ AR/VR տեխնոլոգիաները, և ձեռք բերեցի մյուս աշխատանքը՝ հենց թալինցիների կողմից ստեղծված TakeAR ստարտափում որպես ծրագրերի համակարգող/համահիմնադիր»։

TakeAR-ը զբաղվում է AR (Augmented Reality) տեխնոլոգիայի հիմքով աշխատող հավելվածների պատրաստմամբ: AR տեխնոլոգիան թույլ է տալիս սմարթֆոնի տեսախցիկի միջոցով ճանաչել մեզ շրջապատող միջավայրի բաղադրիչները (նկարները, օբյեկտները) և մեր միջավայրը համալրել թվային կոմպոնենտներով (3D մոդել, 2D անիմացիա, աուդիո, վիդեո):

«Այս ամենը կատարում եմ հե՛նց իմ գյուղից, հե՛նց իմ տանից»,- ասում է նա։

Օրերս Արարատի մարզի Դվին գյուղում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որի բացման գումարը հավաքվել էր ՄԵՄ-ի միջոցով։

«Մենք 55 ժամում հավաքեցինք 10 հազար դոլար գումար, որը ընկերություններից մեկը կրկնապատկեց և Դվինում բացվեց ինժեներական լաբորատորիա։ Իսկ շուտով Արտաշատում կբացվի ԱԹՍ-ների մասնագիտացված խմբակ։

Այս պահին թիմով աշխատում ենք Արարատի մարզում ևս 3 «Արմաթ» բացելու համար։ Նաև նպատակ ունենք Արտաշատ քաղաքում կամ տեխնոպարկ, կամ «Թումո» բացելու հետ կապված։ Այժմ ընթանում են բանակցությունները»,- պատմում է Անին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս