Բաժիններ՝

Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները…

Քրիստոնեական եկեղեցու մեծագույն անձանցից մեկն է Աթանաս Հայրապետ: Իր աստվածաբանական ուսումը ստացել է հայրենի քաղաքի հանրահռչակ աստվածաբանական ճեմարաններում: Սարկավագ է ձեռնադրվել իր քաղաքի Ալեքսանդր Պատրիարքի ձեռամբ և որպես նրա անձնական քարտուղար ներկա է եղել Նիկիայի Ժողովին, ապա որպես Պատրիարք, 328 թ.-ին, երբ հազիվ լրացել էր նրա 33 տարեկանը, հաջորդեց Ալեքսանդրիայի Պատրիարքական աթոռին: Գրեթե իր ամբողջ կյանքը անցկացրեց Արիոսականների դեմ պայքարելով, որը վարակել էր իր շրջանի գրեթե բոլոր եկեղեցիները, հատկապես Բյուզանդիոնը, ամբողջ Փոքր Ասիան, Սիրիան և Եգիպտոսը: Բազմիցս աքսորվեց արիոսական կայսրերի կողմից, սկսած Կոստանդիանոս Մեծից, որը նրան աքսորեց 336 թ.-ին: Վերադարձավ նրա մահից հետո: 339 թվականին իր զորավոր արիոսական հակառակորդների երեսից պարտադրաբար Հռոմ փախավ:

Տիեզերական Եկեղեցու մյուս վարդապետ Ս. Կյուրեղ Երուսաղեմացին էր, ով մանուկ հասակից խիստ բարեպաշտ էր և իրեն անմնացորդ նվիրել էր աղոթքին ու հոգևոր կրթությանը: Նախ սարկավագ, ապա քահանա դառնալով՝ նա բոլորին զարմացնում էր Սուրբ Գրքի փայլուն իմացությամբ և իր իմաստուն քարոզներով: Ձեռնադրվելով Երուսաղեմի պատրիարք՝ իր հայրապետության 35 տարիներից 16-ը սուրբն անցկացրեց վտարանդության ու հալածանքների մեջ՝ քանիցս աքսորվելով արիոսականների զրպարտությունների պատճառով, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին:

Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի 2-րդ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաև հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Ս. Խաչի երևման առիթով Կոստանդինոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության:

351 թ. մայիսին, Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք, օրվա երրորդ ժամին (ժամը 9-ին) երկնքում երևում է Փրկչի խաչի նշանը՝ տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը:

Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլև տարբեր դավանանքների ու կրոնների պատկանող մարդիկ: Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված՝ գոհություն հայտնելով Բարձրյալին՝ այս մեծ շնորհին արժանացնելու համար:

Երկնային հրաշքի շնորհիվ շատերը հավատում են Հիսուսին, մկրտվում սուրբ Կյուրեղի ձեռքով՝ անդամագրվելով Քրիստոսի Եկեղեցուն: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց եկեղեցու Ս. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել են այդ նորադարձ քրիստոնյաները:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս