Փալասախմբի կողքն են կանգնել իրենց մտավորականներ համարող լրտեսները. Խաչիկ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկել ու կերտել է ստի մի կայսրություն ու հիմա այդ կեղծ կայսրությունն ավելի փայլփլուն է դարձնում՝ խոստանալով, թե ահա Թուրքիայի հետ սահմանը կբացվի, ահա հայերին կերակուր կտան, ահա մեր երկիր փող կգա։

Այս ստերին հավատացող հասարակության մի հատվածը շարունակում է գտնվել սպասման ռեժիմի մեջ՝ չհիշելով, որ թեև այդ ամենն իրեն խոստացող մարդն Արցախում հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց իրականում այդպես չեղավ, չի՛ հիշում, որ այդ նախադասությունն ասող Լեոնիդն իր կյանքը տվեց Արցախի համար, մինչդեռ Փաշինյանը չունի կյանք՝ Արցախին տալու, հետևապես, նրանք ոչինչ էլ չեն, ու անընդհատ ստեր հրամցնելով՝ դեռևս հասարակության որոշ շերտերի կարողանում են բթացնել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Արցախի 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ ստեղծված իրավիճակում հասարակությանը թմբիրից հանելու գործում կարևորելով հայ մտավորականության առաքելությունը։

«Մտավորականությունը պետք է գիտակցի այս մոլորությունը, որովհետև ակնհայտ է, որ հայրենիքը սրընթաց անդունդն է գլորվում։ Այս կործանումը պետք է կասեցնել։ Ցավոք, դեռևս չի հաջողվում, որովհետև շատ է սուտը, ու անընդհատ մեղավոր են նշանակվում նախկինները, թեև պետք է ասեմ, որ այդ նախկինները՝ իրենց սխալներով հանդերձ, ունեն մի մեծ առավելություն՝ նրանք պետականություն ու պետություն են պահպանել ու փոխանցել են լիարժեք երկիր, լիարժեք Արցախ։ Այդ նախկինների օրոք հայերը գլուխները բարձր էին պահում, հպարտությամբ էին քայլում, իսկ հիմա գլխիկոր են, որովհետև պետության ու պետականության այդ հաղթանակներն այս իշխանությունը տարավ քաղաքական խայտառակ պարտության։ Իրենց մտավորականներ համարող շատ մարդիկ էլ կան, որոնք լրտեսներ են, որոնք դավաճանում են մեր երկիրը ու կանգնում փալասախմբի կողքը, ասում, թե պետական այրերի կողքն են կանգնում, մինչդեռ պետություն չկա, պետականություն չկա»,- ասաց Մանուկյանը։

Բանաստեղծը վստահեցնում է՝ առաջին պատերազմի հաղթությունը քաղաքական պարտության տարած իշխանությունը հստակ հասկանում է, որ մեծ հանցագործություն է տեղի ունեցել, և այն տարածքները, որոնք հայ ժողովրդի զավակները պահպանել են հերոսաբար, պատերազմից հետո հանձնել է, ուստի հիմա պետք է զոհաբերի ամեն ինչ և զոհաբերելու է։

«Ուստի ես զարմանում եմ այն ծնողների վրա, որոնք շարունակում են թույլ տալ, որ այս իշխանությունն իրենց զավակների պահածը փշրի. չէ՞ որ սրանք բանակի կողքին ուղղակի չեն կանգնում։ Փոխարենը՝ ես իմ մի բուռ այս երկրի համար եմ անհանգստանում, ուզում եմ տեսնեմ, որ մեր քաջերի նվիրումը իզուր չէ, հակառակ դեպքում սրանք ամեն ինչ կորցնում են, որովհետև սրանց մտածղության մեջ հաղթանակ չկա»,- ասաց Մանուկյանը։

Նրա փոխանցմամբ՝ ոչ միայն հաղթանակ չկա, այլ պարտված պետության ղեկավարը խոսում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին։

«Հիմա մի պետության իշխանություն, որը պարտվել է, հիմա էլ սուտ է տարածում, թե փորձում է խաղաղություն հաստատել և ինչ-որ բան անել տարածաշրջանների մակարդակով։ Ի՞նչ խաղաղության դարաշրջանի մասին է խոսքը, եթե դու ինքդ քո տարածքները չես կարողանում պահել։ Սրանից զավեշտալի բան չկա։ Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ ստելով և արժեքները ջարդելով. ախր սա ո՞վ է, որ ինչ-որ բան անի կամ ինչ-որ մեխանիզմ շարժի։ Ելքը մեկն է՝ մենք պետք է նախ գնահատական տանք, որ ապրում ենք ստի մեջ, ու հանրությանը հարցնենք՝ հանրությո՛ւն, իսկ դու ուզո՞ւմ ես, որ քո զավակին մտցնես այդ ստի երախը, որի գլխին կանգնածն է այս ամենի պատասխանատուն։ Ես ասել եմ՝ ես չեմ կասկածում, ինքն է այս ամբողջ խայտառակ պարտության պատասխանատուն, Գլխավոր հրամանատարը՝ ինչպես ասում էր կիսահարբած, ուստի իրենից եմ պահանջում այս հաղթականության ջնջման պատասխանատվությունը, որը ոչ մեկի վրա էլ չի կարողանալու գցել։ Ինքն է պատասխանատուն. գալու է սթափության պահը, ու ժողովուրդը մի օր ոտքի է կանգնելու։ Պատերազմներն առջևում են»,- ասաց Մանուկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս