Ո՞ւմ հաշվին է կառավարությունը խոստանում չբարձրացնել սակագինը

Իշխանությունը խոստանում է գազի սակագինն անապահովների համար չբարձրացնել։ Այն բանից հետո, երբ գազամատակարար ընկերությունը ներկայացված սակագնային հայտով առաջարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին բարձրացնել անապահովներին մատակարարվող գազի սակագինը՝ այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ո՞ւմ և ինչի՞ հաշվին է կառավարությունը նման խոստում տալիս, առայժմ հայտնի չէ։

«Հակված եմ վստահ լինել՝ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու, կարծում եմ՝ դուք էլ հասկանում եք՝ նույնիսկ կալորիականության հաշվարկի կիրառման պարագայում դա չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին»,- ասում է Մհեր Գրիգորյանը, ով երկար բանակցություններից հետո հասավ նրան, որ Հայաստանը ստիպված է լինելու ավելի մեծ գին վճարել մատակարարվող գազի համար։

Որտեղի՞ց Մհեր Գրիգորյանին այդքան վստահություն, որ անապահովների համար գազի գինը չի բարձրանալու։ Չէ՞ որ սակագների սահմանումը բացառապես անկախ Հանձնաժողովի գործունեության տիրույթում է։

Բայց եթե նույնիսկ համարենք, որ հենց այդպես էլ լինելու է և անապահովների համար գազի սակագինը մնալու է անփոփոխ, միևնույն է, ինչ-որ մեկը պետք է վճարի այն գինը, որը «Գազպրոմ Արմենիան» ակնկալում է ստանալ անապահովների համար սակագինը բարձրացնելու արդյունքում։

Նախկինում այդ գինը վճարել են մյուս սպառողները։ Չնայած պարտավոր էր վճարել կառավարությունը, եթե ուզում է սոցիալական խնդիր լուծել։

Այլապես հեշտ է սպառողների մի խմբի հաշվին նվազեցնել մյուս խմբի սակագինը և դա ներկայացնել՝ որպես բարեհոգություն անապահովների նկատմամբ։ Իսկ որտե՞ղ է պետության դերը։ Մինչև հիմա կառավարությունն անապահովների համար սակագնային ճնշումը թուլացնելու գործում որևէ մասնակցություն չի ունեցել։ Բայց հպարտացել է, թե անապահովների համար ավելի ցածր սակագին է սահմանել։ Եվ ոչ միայն գազի, այլև հանրային մյուս ծառայությունների դեպքում։

Հայտնի է, անապահովներն ավելի քիչ են վճարում՝ ինչպես գազի որոշ քանակության, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի և խմելու ջրի սպառման դիմաց։

Ոչ մեկը դեմ չէ, որ հասարակության անապահով խավերի համար հանրային ծառայությունների սակագները պետք է ավելի ցածր լինեն։ Բայց դրա համար կա պետություն, որը պարտավոր է իր վրա վերցնել և փոխհատուցել այդ ծանրությունը։

Դա կարող է լինել՝ ինչպես սակագների սուբսիդավորման, այնպես էլ՝ անապահովներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով։

Բայց մեր դեպքում ո՛չ մեկը կա, և ո՛չ էլ մյուսը։ Հեշտ ձև են գտել՝ բեռը դնել այլ սպառողների վրա ու պարծենալ, թե կարողացել են անապահովների համար ավելի արտոնյալ սակագներ սահմանել։ Պետությունը հենց նրա համար է, որ այդպիսի դեպքերում կիրառի իր սոցիալական քաղաքականությունը։

Սոցիալական քաղաքականությունն այն չէ, որ սակագների ֆինանսական բեռը պարզապես բաշխվի սպառողների տարբեր խմբերի վրա։

Ներկայացված հայտը վկայում է, որ գազամատակարար ընկերությունը հավասարության նշան է դրել բոլոր սպառողների միջև, իսկ բաշխման ու տարբերակման խնդիրը թողել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։

Անկախ նրանից, թե ի՞նչ կորոշի Հանձնաժողովը, ինչպե՞ս կբաշխի սակագները սպառողների տարբեր խմբերի միջև, անապահովների համար գազի սակագինը կբարձրացնի՞, թե՞ չի բարձրացնի, երկիրը, միևնույն է, վճարելու է գազի ներմուծման թանկացման գինը։ Ինչքան էլ Հայաստանի գլխավոր բանակցողը, ի դեմս Մհեր Գրիգորյանի, փորձի մանևրել ու հայտարարել, որ սահմանին գազի գինը մնացել է անփոփոխ, դա ոչ մի արժեք չունի. Հայաստանն ապրիլի 1-ից նույն քանակությամբ գազ ստանալու դիմաց ստիպված է անհամեմատ ավելի բարձր գին վճարել։

Դժվար չէ հաշվարկել, թե «սահմանին չթանկացած» գազի պայմաններում դա ինչքան է կազմելու։

Հայաստանը տարեկան ստանում է շուրջ 2,2 մլրդ խորանարդ մետր ռուսական գազ։ Եթե մինչև հիմա այդքան գազի դիմաց սպառողները վճարում էին տարեկան 363 մլն դոլար, ապա ապրիլի 1-ին հաջորդող մեկ տարում կվճարեն ավելի քան 390 մլն դոլար։

Ինչպես տեսնում եք, տարբերությունը բավական մեծ է. այն հասնում է 28 մլն դոլարի։

Որքան ավել գազ ներմուծենք և սպառենք, այնքան այդ գինը կբարձրանա։

Ինչքան էլ փորձ արվի սա այլ կերպ ներկայացնել և շուռ տալ իրականությունը, միևնույն է, սպառողներն ապրիլի 1-ից ավելի շատ գումար են վճարելու նույն քանակությամբ գազի սպառման դիմաց։ Ոչ մի նշանակություն չունի՝ դա կվճարեն անապահովնե՞րը, բնակչության մյուս խավե՞րը, թե՞ պարզապես տնտեսությունը։ Այդ գումարը դուրս է գալու մեր երկրից, այն էլ առաջին հերթին՝ բնակչության գրպանից։ Նույնիսկ տնտեսության համար գազի թանկացումն անուղղակիորեն դառնալու է քաղաքացու, նաև անապահով քաղաքացու բեռը։ Քաղաքացին է վճարելու այդ գինը՝ ապրանքների ու ծառայությունների թանկացման ձևով։

Ապրանքների ու ծառայությունների թանկացումից տուժելու է նաև տնտեսության մրցունակությանը։

Փոխարենը՝ սրանից միակ շահողը լինելու է կառավարությունը։ Սակագների բարձրացման արդյունքում ավելանալու են պետական բյուջեի եկամուտները։ Բայց նույնիսկ այդ ավել եկամուտները կառավարությունը չի ուզում ուղղել հասարակության խոցելի խավերի, ինչպես նաև տնտեսության առանձին հատվածների սակագնային բեռը թուլացնելուն։

Հանձնաժողովը կարճ ժամանակ ունի քննելու և հաստատելու գազի թանկացման հայտը։ Դրա համար օրենքով 80 աշխատանքային օր է նախատեսված, բայց Հանձնաժողովը ստիպված է շատ ավելի սեղմ ժամկետում դա անել։ Չնայած վաղուց գիտեին, որ սակագները բարձրանալու են, այստեղ էլ ամեն ինչ արել են, որպեսզի այն հնարավորինս երկար ժամանակ թաքուն պահեն հասարակությունից։ Հիմա Հանձնաժողովը ստիպված է մինչև փետրվարի վերջ հաստատել նոր սակագները, որպեսզի ապրիլի 1-ից դրանք մտնեն ուժի մեջ։ Այն ժամանակ էլ կերևա, թե սպառողների որ խմբի համար սակագները որքան կկազմեն։

Մինչ այդ այլևս հայտնի է, որ ներկայացված հայտը սակագների վրա լրացուցիչ առնվազն 28 մլն դոլարի ճնշում է առաջացնում։ Բայց միայն դա չէ էներգակիրների շուրջ կառավարության վարած «փայլուն» բանակցությունների արդյունքը։ Եվս շուրջ 32 մլն դոլար պիտի վճարենք «Հրազդան-5»-ին։

Հիմա հաշվեք, թե ինչ են արժեցել կառավարության վարած բանակցությունները մեր տնտեսության ու սպառողների գրպանի վրա. ընդհանուր առմամբ հավելյալ առնվազն 50 մլն դոլար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս