Հրթիռների գործը Փաշինյան-Տոնոյան հարաբերությունների տիրույթո՞ւմ է. ինչո՞ւ են պատժում Տոնոյանին և նրա պատճառով՝ մյուսներին
Օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում, իսկ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանն առաջարկեց լրատվադաշտում և հանրությանը հայտնի «անորակ հրթիռների» գործը վերանվանել «անորակ» գործ, կամ «որակյալ հրթիռների» գործ, երբ պարզ դարձավ, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը շարունակելու են մնալ կալանքի տակ, և միայն ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանն է 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելու:
«Մեր խորին համոզմամբ, այստեղ իրավաբանություն չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանի փաստաբանը:
Արդյո՞ք գործ ունենք քաղաքական որոշման հետ՝ հաշվի առնելով, որ Դավիթ Տոնոյանը նաև քաղաքական ֆիգուր է, Արմեն Հարությունյանն արձագանքեց, թե երբ ասում է՝ դատարանի որոշումը իրավաբանության հետ կապ չունի, նկատի ունի, որ այն օրենքի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Միևնույն ժամանակ, ըստ էության, չբացառեց Տոնոյանի շուրջ հնարավոր քաղաքական ինչ-ինչ գործընթացների գործոնը այս հարցում:
«Քաղաքակա՞ն որոշում է, թե՞ այլ շրջանակների ազդեցության՝ ոչ քաղաքական, այս պահին զերծ կմնամ որևէ գնահատական տալ: Թեև բոլորս հասկանում ենք, որ այս պրոցեսով անցնում է նաև քաղաքական դեմք, և չենք բացառում, որ նաև այդ ազդեցությունը լինի»,- շարունակեց Դավիթ Գալստյանի պաշտպանը:
Հրթիռները մարտական խնդիր են կատարել, թշնամու օբյեկտներ խոցել
Ստացվում է՝ հրթիռների գործը Նիկոլ Փաշինյան-Դավիթ Տոնոյան հարաբերությունների տիրույթո՞ւմ է, և գուցե ոչ միայն արցախյան վերջին պատերազմին առնչվող: Սա, իհարկե, կարող է ասել միայն Դավիթ Տոնոյանը, և, թերևս, ժամանակն է, որովհետև հատկապես, երբ դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնվեց և խնդրո առարկա հրթիռները չփորձարկվեցին, շատերի մոտ հաստատվեց այն սկզբնական ենթադրությունը, որ դրանց պիտանիության հարցը՝ տեխնիկական վիճակի և ժամկետի առումով, ընդամենը պատրվակ է Նիկոլ Փաշինյանի համար՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու:
Հունվարի 3-ին Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես, ՀՀ վարչապետը, երբևէ մատնացույց չի արել «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրներ, և, որ խնդրո առարկա հրթիռները կիրառվել են արցախյան վերջին պատերազմի ժամանակ:
«Վարչապետից որևէ նման դիտարկում չեմ հիշում։ Կարծում եմ, եթե ունենար, կհայտներ, քանի որ տեղեկատվության պակաս չի ունեցել, և իմ նշանակումից ի վեր ՊՆ գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության, ստուգման և քննման ներքո:
Բազմիցս եղել է, որ գնման միևնույն դրվագով քննություն են իրականացրել վերը նշված մի քանի գերատեսչություններ: Գնման որոշումը կայացվել է ՀՀ Զինված ուժերի կիրառման ապահովման համար, և խնդրո առարկա զինամթերքը կիրառվել է մարտական պատրաստության, անգամ ռազմական գործողությունների ընթացքում, և դա անհերքելի փաստ է»,- ասել էր Տոնոյանը:
Նույնը 168.am-ի հետ զրույցում մի քանի անգամ պնդել է նաև Դավիթ Գալստյանի պաշտպանական կողմը՝ հրթիռներն օգտագործվել են արցախյան վերջին պատերազմում, լուծել են հստակ մարտական խնդիր, և Դավիթ Գալստյանի՝ պատերազմի օրերին հրամանատարական կետում եղած ժամանակ հրթիռների որակի, ժամկետանց լինելու հետ կապված որևէ հարց չի բարձրացվել, ինչպեսև դրանից առաջ: Ավելին, դրանք կիրառողները համապատասխան ցուցմունքներ են տվել:
«2011 թվականից ի վեր մինչև 2021-ը՝ նախքան այս գործի հարուցումը, այս հրթիռների մասով որևէ խնդիր երբեք չի եղել, այժմ էլ չկա խնդիր: Այդ հրթիռները մարտական խնդիր են կատարել, թշնամու օբյեկտներ են խոցել: Դրա մասին հստակ տեղեկություններ կան գործում: Դրանք փաստեր են, որոնք կան օբյեկտիվ իրականության մեջ: Թուղթը բացում ես՝ մարդը ցուցմունք է տվել: Ասել է՝ ինչ է եղել, ոնց է եղել: Բոլորը միանշանակ կանչվելու են դատարան, դատակոչված են: Այնտեղ մարդիկ կան, որոնց, ենթադրում եմ, նախաքննության մարմինը հենց նպատակային չի ներառել, որովհետև հասկացել է, որ այդ մարդկանց ցուցմունքները բավականին խոցելի կարող են լինել, բայց դրանք էլ արդեն մեր միջնորդություններում կան»,- մեզ հետ հարցազրույցում ասել էր Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ ՊՆ-ն ի պատասխան իրենց առաջարկ-գրությանը, որ վերադարձնեն հին հրթիռները և դիմացը ստանան նորը, նախարարությունից հասկացրել են, որ հրթիռների որակի հետ կապված իրենք խնդիր չեն տեսնում:
Այլ հարց է, որ ԱԱԾ-ն, իր լծակներն օգտագործելով, թույլ չի տվել, որ Պաշտպանության նախարարությունը որևէ վերաբերմունք ցույց տա իրենց գրություն-առաջարկներին՝ վերադարձնել խնդրո առարկա հրթիռները, դիմացն ընդունել նորը:
«Եթե այդ հրթիռները վերադարձվեն, գումարի հարցը լուծվի կամ այն, այսպես ասած, վերականգնվի, արդեն խնդիր չի լինի, և գործը կփակվի»,- 168.am-ի հետ զրույցում շեշտել է Գալստյանի պաշտպանը՝ հավելելով, որ այս դեպքում մարդկանց կալանավորելու ձևական հիմքն էլ չի լինի, և, որ հրթիռների վաղեմության ժամկետը 30 տարի է:
Այսօր դատարանում ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Հակոբ Մարտիրոսյանը, խոսելով իր պաշտպանյալին կալանքի տակ թողնելու դատարանի որոշումից, հայտարարեց, որ գործ ունենք առերևույթ քաղաքական հետապնդման հետ, և իր հերթին պնդեց՝ հրթիռները կիրառվել են:
«Այս գործով պիտի պարզվի կարևորագույն հարցը՝ զենքը պիտանի՞ էր կրակելու համար, թե՞ ոչ: Նշանակված փորձաքննությունը հետ են կանչում, որը պիտի որոշեր՝ հրթիռը պիտանի՞ էր, թե՞ ոչ: Քրեական գործում մենք ունենք փաստեր, օդաչուների ցուցմունքը, որ հրթիռները բոլորը կրակում էին: Այս դեպքում այս մարդկանց մեղքն ինչո՞ւմն է: Իսկ նպատակը սա է՝ ցույց տալ, որ հրթիռները լրիվ եղել են անպիտան, և դա է եղել պարտության պատճառը: Սա է, դուք որոշեք՝ այս գործի մեջ կա՞ քաղաքական ենթատեքստ, թե՞ չկա»,- ասաց Մարտիրոսյանը:
Դավիթ Տոնոյանն իր հայտարարություններում նշել է, որ իշխանությունների մոտ «քավության նոխազ» գտնելու ցանկություն է տեսնում, որը, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, և, որ տպավորություն ունի՝ իրեն պատժում են:
«Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել և լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»,- հունվարյան իր հայտարարություն-հարցազրույցում նշել էր Տոնոյանը:
Այս հայտարարության մեջ պաշտպանության նախկին նախարարն անակնկալներ էր խոստանում: Իսկ թե երբ այն կլինի և ինչ զարգացումների արդյունքում, կարելի է միայն կռահել: Մի բան հստակ է՝ Դավիթ Տոնոյանը պետք է խոսի, թե ինչի համար է իրեն «պատժում» Նիկոլ Փաշինյանը, որից տուժում է բանակի առանց այն էլ վնասված վարկը և հեղինակությունը, ավելին, այս գործով անցնող մարդիկ: Այսինքն, այստեղ նաև այլոց ճակատագրի համար պատասխանատվության հարց է:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին ազատ արձակեցին գրավի դիմաց, որովհետև ՊՆ-ն մասնագետի խնդիր ունի: Ասում են՝ Սուրեն Պապիկյանն այս տրամաբանության համատեքստում ցանկություն-առաջարկ է հայտնել ազատել Համբարյանին: