«Հրթիռների գործով 27 վկա կա, որևէ մեկը Դավիթ Գալստյանի անունը չի տվել». փաստաբան
Հրթիռների գործը քննվում էր ԱԱԾ-ում, և Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը վստահ է՝ ԱԱԾ-ն, իր լծակները օգտագործելով, թույլ չի տվել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը որևէ վերաբերմունք ցույց տա իրենց գրություն-առաջարկներին՝ վերադարձնել խնդրո առարկա հրթիռները, դիմացն ընդունել նորը:
«Եթե այդ հրթիռները վերադարձվեն, գումարի հարցը լուծվի կամ այն, այսպես ասած, վերականգնվի, արդեն խնդիր չի լինի, և գործը կփակվի»,- 168.am-ի հետ հարցազրույցում նշեց Գալստյանի պաշտպանը՝ հավելելով, որ այս դեպքում մարդկանց կալանավորելու ձևական հիմքն էլ չի լինի:
«Այս գործի քննության ամբողջ նպատակը մարդկանց կալանքի տակ պահելն էր, իսկ թե ինչ պատճառներով, գործի ընթացքը հստակ ցույց տվեց: Եվ այն մարդիկ, որոնք չդիմացան և ցուցմունքներ տվեցին՝ ազատության դիմաց, այդ մարդիկ հայտնվեցին ազատության մեջ: Ես չեմ ուզում որևէ գնահատական տալ այս ամեն ինչին, բայց իմ խորին համոզմամբ, երբ որ վկաներին միանգամից մեղադրանքներ առաջադրվեցին, նրանք ձերբակալվեցին և կալանավորվեցին, դրանից հետո ցուցմունքները փոխեցին, և, կոպիտ ասած, նախաքննությանը հարմար որոշակի ցուցմունքներ տվեցին, այդ մեղադրյալները հայտնվեցին ազատության մեջ: Իսկ այն մեղադրյալները, որոնք սկզբունքային դիրքորոշում ունեին և չկատարեցին նախաքննության մարմնի ապօրինի պահանջները, մինչև օրս շարունակում են մնալ կալանքի տակ»,- ընդգծեց Հարությունյանը:
Այս համատեքստում Դավիթ Գալստյանի պաշտպանն ասաց, որ հրթիռների գործով 27 վկա կա, որևէ մեկը Դավիթ Գալստյանի անունը չի տվել:
«Ընդհանրապես Դավիթ Գալստյանին վերաբերող որևէ տվյալ այս գործում առկա չէ: Որևէ մեկն այնպիսի տեղեկություններ չի հայտնել, որը հիմք կտար պնդելու, որ Դավիթ Գալստյանը խարդախություն է արել, կամ այնպիսի կապեր է ունեցել…»,- շեշտեց Արմեն Հարությունյանը:
Ի դեպ, Դավիթ Գալստյանն առաջիններից է, որ ցուցմունք է տվել հրթիռների գործի հետ կապված՝ որպես վկա: Իսկ ավելի ուշ մի քանի առերեսումներ է ունեցել, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Մակար Ղամբարյանի հետ:
Թե ինչ է ասել Դավիթ Գալստյանը դատարանում և ում հետ ու ինչ հեռախոսազրույցներ է ունեցել, որոնք վերծանվել են, մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: