Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են ապրում Վարդաշենից տեղափոխված անօևթանները, ի՞նչ հանգամանքներում է մահացել տեղափոխված շահառուն
«Ուրբաթ օրը մենք կազմակերպել ենք շահառուների տեղափոխումը Հանս Կոֆոեդ հիմնադրամի կացարանից թիվ 1 խնամքի տանը կից կացարան: Կանչել ենք ավտոբուսներ, քանի որ նախարարությունը տրամադրել էր մեկ ավտոբուս, ինչը բավարար չէր»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Համայակ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Վարդաշեն 9-րդ փողոցում գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շուրջ 100 անօթևան շահառուների ահազանգին՝ առ այն, որ ստիպված են կացարանն ազատել մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը, քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ֆինանսավորում չի ապահովվել: Շահառուների համար նախարարության կողմից առաջարկված այլընտրանքը՝ 4-րդ գյուղում գործող անօթևանների կացարան տեղափոխվելը՝ ընդունելի չէր:
Ի դեպ, այս այլընտրանքին անդրադարձել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ արձանագրելով․ «Տուն-ինտերնատի առաջարկվող մասնաշենքում չկան մարդկանց արժանապատիվ բնակության և կենսական կարիքների համար նվազագույն պայմաններ։ Մասնավորապես, թեև Նախարարությունը նախատեսել է, որ 93 շահառուները պետք է տեղափոխվեն դեկտեմբերի 31-ից, այդ մասնաշենքում դեռ դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք մասնագետների տեղեկացմամբ՝ պետք է վերսկսվեին 2022 թվականի հունվարի 3-ից:
Նախարարության խիստ թերի իրազեկման պատճառով հաստատությունը տեղյակ չի եղել, թե շահառուներն ինչ կարիքներ ունեն․ օրինակ՝ նրանցից քանիսն ունեն հաշմանդամություն, այդ թվում՝ տեղաշարժման դժվարություններ, քանիսն ունեն անկողնային խնամքի կարիք։ Արձանագրվել է, որ մասնաշենքը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդ թվում՝ առկա չէ վերելակ։ Հակառակ նրան, որ շահառուների կարիքների մասին չկա պատշաճ տեղեկություն՝ ներկայացվել է հաստիքների ավելացման պահանջ, ինչը խնդրահարույց է մարդկանց կարիքներին համապատասխանության տեսանկյունից»։
Համայակ Ղազարյանը նշեց, որ թեև բոլոր շահառուները կացարանից թեև տեղափոխվել են, բայց ոչ բոլորն են մնացել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի հատկացված մասնաշենքում.
«Եղել են շահառուներ, որոնք գիշերել են փողոցում, շահառուներ, որոնք վերադարձել են կացարան, և մեր միջնորդությամբ փորձել են վարձով բնակարաններ գտնել, որպեսզի մի քանի հոգով համախմբվեն և ամենաչնչին վարձ պահանջող բնակարանում բնակվեն»:
Հարցին, թե տեղյա՞կ է՝ արդյոք ՄԻՊ կողմից բարձրաձայնված խնդիրները լուծման փուլո՞ւմ են, նա պատասխանեց. «Բարձրաձայնված խնդիրներին տեղյակ եմ, մեր շահառուներն այդ հրապարակումից հետո եղել էին այնտեղ, հաստատել, որ նույն պայմաններն են, ինչի մասին որ պարոն Թաթոյանը բարձրաձայնել էր»:
Շահառուների փոխանցած տեղեկություններով էլ, տեղափոխումից հետո անկողնային վիճակում գտնվող իրենց կացարանակիցներից մեկը մահացել է:
168.am-ը կապ հաստատեց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժ/պ Կոլյա Մակարյանի հետ՝ տեղեկանալու Վարդաշենի կացարանի նախկին շահառուների ճակատագրի, արձանագրված մահվան դեպքի մանրամասների մասին:
Կոլյա Մակարյանի զբաղվածության պատճառով մեր հարցերին պատասխանեց այդ պահին կացարանում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը:
«Բոլորը տեղափոխվել են, սնունդն ապահովված է: Ես եկել եմ հենց այդ հարցերով: Այժմ փորձում ենք լուծել իրենց աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրները,- ասաց Արթուր Կեսոյանը, ապա պատասխանելով հարցին՝ արդյո՞ք լուծում են ստացել ՄԻՊ բարձրաձայնած խնդիրները՝ նկատեց,- Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է. մեզ խոսք են տվել տասնօրյա ժամկետում այդ բոլորն իրականացնել: Շահառուների կեսին տեղավորել ենք մեր հիմնական բաժանմունքներում, մնացածներին՝ անօթևանների կենտրոնում»:
Նախարարության աշխատակցից հետաքրքրվեցինք նաև՝ տեղյա՞կ է արդյոք այդտեղ գրանցված մահվան դեպքի մասին, նա պատասխանեց.
«Քանի որ Կոֆոեդ հիմնադրամում բնակվել են 65 տարեկանը լրացած, 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցած անձինք, որոնք իրավունք չունեին այնտեղ բնակվելու. իրենք պետք է ուղեգրված լինեին տուն-ինտերնատ, սակայն պահել են, որոնց մեջ եղել է նաև անկողնային վիճակում ապրող շահառու: Նրան տեղափոխել ենք շտապօգնության մեքենայով, և հենց այդ գիշերը մահացել է:
Տնօրենը դիմել է ոստիկանություն, դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռևս չկա»:
Ոստիկանությունից մեզ հետ զրույցում տեղեկացրին՝ ահազանգը ստացել են բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխված է եղել դին.
«Այս պահին մեզ մոտ նյութեր են նախապատրաստվում. դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չենք ստացել»:
168.am–ը կտեղեկացնի նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին: