«Որ հատվածում ադրբեջանցիները չեն մտել ՀՀ տարածք, այնտեղ առնվազն նստած են սահմանագծին․ այս պարագայում հայկական կողմից հայելային հետքաշման մասին հարց բարձրացնելը չեմ պատկերացնում՝ էլ որտե՞ղ պետք է հետ քաշվեն»

168.am-ի ցրուցակիցն է Սյունիքի մարզի Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։

– Պարոն Զաքարյան, երկար ժամանակ Մեղրիի համայնքապետ լինելուց հետո ընտրվեցիք ԱԺ պատգամավոր, այսօր խորհրդարանական աշխատանք եք իրականացնում։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում օրենսդիրում։

– Մեղմ ասած, ոչ այդքան լավ։

– Ի՞նչը Ձեր սրտով չէ, գուցե աշխատա՞նքն է քիչ։

– Մթնոլորտը, ակնհայտ է, ո՛չ կառուցողական, ո՛չ աշխատանքային մթնոլորտ է։ Բայց հույս ունենք, որ կկարգավորվի։

– Այս իշխանության հետ Ձեր աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում։

– Գլոբալ հարց եք տալիս, այս իշխանության հետ աշխատանք ասելով՝ նայած ինչ նկատի ունեք։ Մենք քաղաքական ընդդիմություն ենք, մեր խմբակցությունն ընդդիմադիր խմբակցություն է։ Եթե իշխանության հետ աշխատանք ասելով՝ նկատի ունեք իշխանության հետ ամբողջովին համաձայն լինելը, իհարկե՝ ոչ։ Դասական քաղաքագիտություն է, եթե իշխանությունն ուզում է ուժեղ իշխանություն լինել, ինքը պետք է ձգտի ունենալ ուժեղ ընդդիմություն։ Փիլիսոփայության մեջ այսպիսի հասկացողություն կա՝ հակադրությունների միասնության և պայքարի օրենք։ Աշխատանքի կարգավորում ասելով՝ սա նկատի ունեի, և այդ հակադրությունները պետք է նպաստեն երկրի զարգացմանը։

– Իշխանությունը ժամանակ առ ժամանակ խոսում է սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին։ Դուք այդ հայտարարությանն ինչպե՞ս եք վերաբերվում, և առհասարակ Ձեզ համար հասկանալի՞ է՝ եթե հետ են քաշվում, օրինակ, մեր զորքը որքա՞ն է հետ քաշվում, ո՞րն է լինելու չեզոք գոտին։

– Հայաստանի կողմից հայելային հետքաշման առաջարկին խիստ բացասաբար եմ վերաբերվում։ Առնվազն սահմանների այն հատվածը, որտեղից ես տեղյակ եմ, չկա մի այնպիսի հատված, որտեղ հայկական զորքերը, սահմանապահները գտնվեն ադրբեջանական տարածքում։ Սահմանապահները բուն սահմանագծին չեն նստում, ես սահմանամերձ տարածքի բնակիչ եմ, Մեղրին խորհրդային ժամանակաշրջանից սկսած՝ Իրանի հետ սահմանակից է։ Հետխորհրդային ժամանակաշրջանում՝ նաև Նախիջևանի Հանրապետության, Ադրբեջանի հետ, և կարծում եմ՝ իրավունք ունեմ խոսելու սահմաններից՝ որպես ավելի իրազեկված մարդ։ Ավանդաբար միշտ սահմանում՝ սահմանագծին նստած չեն լինում, այդ չեզոք գոտին պահպանվում էր։ Հիմա ես նույնիսկ տեղ չգիտեմ, որտեղ այդ չեզոք գոտին պաշտպանված լինի։ Որ հատվածում ադրբեջանցիները չեն մտել ՀՀ տարածք, այնտեղ առնվազն նստած են սահմանագծին։ Այս պարագայում հայկական կողմից հայելային հետքաշման մասին հարց բարձրացնելը չեմ պատկերացնում, թե էլ որտե՞ղ պետք է հետ քաշվեն։

 – 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սյունիքի մարզում հայկական զորքը հետ քաշվեց, իշխանությունները հայտարարեցին, որ գործընթացը տեղի է ունեցել բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Հետագայում պարզվեց, որ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը փաստաթուղթ է ստորագրել։ Որպես Մեղրիի նախկին համայնքապետ՝ Դուք տեղյակ եղե՞լ եք, որ հայկական զորքը հետ է քաշվում ստորագրված ինչ-որ փաստաթղթի հիման վրա։

– Մեղրիի հատվածում սահմանային խնդիր գրեթե չի եղել, մեծ մասամբ՝ շնորհիվ այնտեղ եղած ՌԴ սահմանապահ զորքերի։ Նոյեմբերի 9-ից հետո իրենք նաև ստանձնեցին առնվազն Մեղրու տարածքում Նախիջևանի Հանրապետության և Ադրբեջանի, Զանգիլանի սահմանագծի պահպանությունը։ Առ այսօր որևէ խնդիր չի եղել, առնվազն ես տեղյակ չեմ։

Ինչ վերաբերում է այդ հրամանին, ապա ես ավելացնելու որևէ բան չունեմ, փաստերը ձեր առջև են։ Ավելի ճիշտ կլինի՝ այդ հարցերն ուղղեք Կապանի համայնքապետարանին և Կապանում բնակվող իրավասու անձանց։ Իհարկե, ես էլ եմ Սյունիքից, բայց հաշվի առնելով, որ 5 ամիս բացակա եմ եղել իրականությունից, գուցե իմ պատասխանը թերություններ պարունակի, դրա համար չէի ցանկանա խոսել։

– Ձեր դեմ հարուցված քրեական գործը Ձեզ որևէ կերպ կաշկանդո՞ւմ է խորհրդարանում Ձեր աշխատանքում, այսինքն՝ բարձրաձայնելու իշխանությունների թերությունները, անգործությունը։

– Քրեական գործի մասով ասեմ, որ ես նույնիսկ մինչև վերջ չեմ հասկացել, չեմ ընկալում մեղադրանքի էությունը։ Որքան էլ փաստաբանները խորհրդակցում են, փորձում են բացատրել, իրականում չեմ հասկանում մեղադրանքի էությունը, սա հումոր չէ։ Կխնդրեի սահմանափակվենք այսքանով, քրեական գործը դեռևս ընթացի մեջ է, գործը դատաքննության փուլում է, չէի ցանկանա դրա մասին խոսել, նաև փաստաբաններն են խորհուրդ տվել շատ չխոսել քրեական գործի մասին։

Ինչ վերաբերում է կաշկանդվածությանը, ապա մեր պայքարը, ցանկությունը մեր պետության հզորացումն է, ներկա փուլում գոյատևումն է, կործանումից փրկելն է։ Այդ ճանապարհին շատ ավելի վտանգավոր իրավիճակներ են եղել։ Իմ ամբողջ գործունեության, ապրած կյանքի ընթացքում, թե՛ 90-ականների Արցախի պատերազմում, թե՛ 44-օրյա պատերազմում, թեև չէի ուզում խոսել դրանց իմ մասնակցությունից, բայց որպեսզի ձեր հարցին ամբողջական պատասխան լինի, ասեմ, որ կյանքը վտանգի ենթարկելուց մեծ վախ չկա, և եթե կարիքը կա, մենք պատրաստ ենք մեր կյանքը վտանգել և դա ապացուցել ենք։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս