Այն ժամանակ արտաքին պարտքը վերցվում էր կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, այժմ կոնկրետ ի՞նչ խնդիր են լուծում. Խաչատրյանը՝ Թունյանին
«Մեծացել է թե՛ մեր պետական պարտքը, թե՛ արտաքին պարտքը. ցավալի իրականությունը դա է, և պետք չի փորձել սոփեստությամբ ինչ-որ բան համոզել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի դիտարկմանը, թե «ոչ թե արտաքին, այլ պետական պարտքն է մոտենում 10 միլիարդի շեմին»:
«Մեր պետական պարտքը, իհարկե, ավելի մեծ է, քան արտաքին պարտքը, բայց, վերջիվերջո, եթե մենք պարտք ենք վերցնում, այդ պարտքը պետք է վճարենք. տարբերություն չկա՝ մենք արտաքի՞ն պարտք ենք վճարում, թե՞ ներքին պարտք ենք վճարում»: Այսինքն՝ ՔՊ-ական պատգամավորը բովանդակությունը թողած՝ ձևի հետևից է ընկնում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ հունվարի 18-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին պարտքը կհատի 10 միլիարդի սահմանը:
Այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը որոշել էր պատասխանել ընդդիմադիր գործընկերոջը՝ վիճարկելով ոչ թե արտաքին պարտքի՝ 10 միլիարդ դոլարին հասնող շեմի մասին հայտարարությունը, այլ՝ Արթուր Խաչատրյանի ձևակերպումը:
«Մեր արտաքին պարտքը չի մոտենում 10 մլրդ-ի շեմին, մոտենում է պետական պարտքը։ Արտաքին պարտքն անցած տարվա վերջին 60 տոկոսն անցել է՝ 67 տոկոս է դարձել, բայց այս տարվա բյուջեով նախատեսված է, որ մենք կվերադառնանք ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմաններին։ Այստեղ ավելի կարևոր է պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ոչ թե՝ բացարձակ մեծությունը»,- պարզաբանել էր Բաբկեն Թունյանը՝ Արթուր Խաչատրյանին հիշեցնելով, որ 2009 թվականին, երբ նա կոալիցիայի անդամ էր, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 16,4 տոկոսից հասել էր 46 տոկոսի։
Մեզ հետ զրույցում Արթուր Խաչատրյանն էլ Բաբկեն Թունյանին հիշեցրեց 2000-ականների մի քանի դրվագ. «Եթե ինքը հղում էր կատարում 2000-ականներին, երբ մեր պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունն ավելի մեծ էր, հիշեցնեմ, որ այն ժամանակ արտաքին պարտքը վերցվում էր որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար: Այսինքն՝ արտաքին պարտքերը, որ վերցվում էին, նույնիսկ վերջերս՝ դեռ մի քանի տարի առաջ, դրանք գնում էին կոնկրետ ենթակառուցվածքների վրա, հիմնական միջոցների կուտակման վրա:
Այժմ իրենք, օրինակ, 2021 թվականի հունվարին 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր թողարկեցին. ո՞ւր գնաց այդ 750 միլիոնը, կոնկրետ ի՞նչ խնդիր էր լուծում, ի՞նչ հավելյալ արժեք ստացավ այս պետությունը, ի՞նչ ծրագիր իրականացվեց: Իրենք անցում են կատարել պետական պարտքի, արտաքին պարտքի՝ թիրախային վարկերից՝ դեպի պարտատոմսային ֆինանսավորման, որպեսզի այդ հետագծելիությունը չերևա, որ չհարցնենք՝ էդ փողը վերցրեցիր, ի՞նչ ես տեղը կառուցել: Նշեմ նաև՝ այդ եվրապարտատոմսերն ավելի թանկ էին, քան արտաքին թիրախային պարտքերը»:
Առկա տնտեսական իրավիճակում իշխանական ու մերձիշխանական շրջանակներից հնչող լավատեսական հայտարարությունները, տնտեսագետի կարծիքով, սին հույսերով մարդկանց կորստի ցավը բթացնելու փորձեր են:
«Իշխանությունները պարտությունից հետո փորձում են ցույց տալ, որ հնարավորությունների ժամանակաշրջան է բացվել, և այո՛, մենք պարտություն կրեցինք, կորցրեցին Արցախի մեծ մասը, ու ընդհանրապես, Արցախի ճակատագիրը հարցականի տակ է, բայց փոխարենը՝ մենք ունենք հնարավորություններ: Նույն թեզն է, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին հնչեցրել՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, Ղարաբաղի հարցը քանի չի լուծվել: Հիմա, ըստ իրենց, իրենք Ղարաբաղի հարցը լուծեցին, սկսելու է լավ ապրելու ժամանակը. փորձում են այդ կորստի ցավը մեղմել՝ կեղծ հույսեր տալով»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով նախարար Քերոբյանի՝ «հույս արթնացնելու մասին» հայտնի արտահայտությունը:
Նկատենք՝ Հայաստանի պետական պարտքի մեծ մասն արտաքին պարտքն է՝ դրսից ստացված վարկեր, փոխառություններ, արտարժութային պետական պարտատոմսերի թողարկումից, տեղաբաշխումից ստացված գումարներ։