Ոչ թե արտաքին, այլ պետական պարտքն է մոտենում 10 միլիարդի շեմին. Բաբկեն Թունյան

ԱԺ նիստում հունվարի 18-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ Համաշխարհային բանկի վիճակագրությամբ՝ նախկին սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է 1-ին տեղը՝ 20.21 տոկոս: «Այսինքն՝ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է»,- հարց էր հնչեցրել պատգամավորը:

Նա Հայաստանի տնտեսության 2020 թվականի այլ ցուցանիշներ էլ էր ներկայացրել՝ տնտեսությունը «ընկել է» 7,4 տոկոսով, գնաճը 7,7 տոկոս է, որից սննդամթերքի աճը 12,9 տոկոս է, բանջարեղենը՝ 40 տոկոս: «Այսպես որ շարունակվի՝ մի աման բորշը մի քանի ամիս հետո դառնալու է դելիկատես՝ միս, կաղամբ, գազար, ո՞վ է այդպես բան իրեն թույլ տվել. հացն ընդամենը տասը տոկոսով է թանկացել»,- նշել էր  նա:

«Ինչն է Հայաստանում աճե՞լ. արտաքին պարտքը: Այս տարի այն կհատի 10 միլիարդի սահմանը, տիկնայք և պարոնայք, շնորհավորում եմ»,- արձանագրել էր պատգամավորը:

Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր՝ հունվարի 19-ին, որոշեց պատասխանել ընդդիմադիր գործընկերոջը՝ նկատելով. «Պարո՛ն Խաչատրյան, Դուք երեկ ասում էիք, որ Հայաստանում գործազրկության մակարդակը 20 տոկոս է, Վրաստանում՝ 12.5 տոկոս է: Այսինքն՝ մենք ձախողել ենք ամեն ինչ, իրենց մոտ ամեն ինչ հաջող է: Նախ՝ շեշտենք մի բան՝ Ձեր բերած ցուցանիշը վերաբերում էր 2020 թվականին՝ մինչդեռ Դուք խոսում էիք այսօրվա իրավիճակի մասին: Երկրորդը՝ Համաշխարհային բանկի կայքը ես նայեցի, Համաշխարհային բանկի կայքում, իրոք, Ձեր նշած՝ 20.21 ցուցանիշն է, բայց ՀԲ-ն նշում է, որ հիմնվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների վրա, իսկ ԱՄԿ-ն հենվում է մեր Վիճակագրական կոմիտեի տվյալների վրա»:

Նա հավելեց, որ թե՛ անցած տարի, թե՛ հիմա ՀՀ-ում գործազրկության մակարդակն ավելի ցածր է, քան Վրաստանում:

Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի՝ արտաքին պարտքի մասին դիտարկումներին՝ Բաբկեն Թունյանը ոչ թե վիճարկեց արտաքին պարտքի հնչեցվող 10 միլիարդ դոլարին հասնող շեմի մասին հայտարարությունը, այլ փորձեց ուղղումներ մտցնել ձևակերպման մեջ:

«Մեր արտաքին պարտքը չի մոտենում 10 մլրդ-ի շեմին, մոտենում է պետական պարտքը։ Արտաքին պարտքն անցած տարվա վերջին 60 տոկոսն անցել է՝  67 տոկոս է դարձել, բայց այս տարվա բյուջեով նախատեսված է, որ մենք կվերադառնանք ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմաններին։ Այստեղ ավելի կարևոր է պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ոչ թե՝ բացարձակ մեծությունը։ Եվ եթե պարտքի բեռի ավելացումը շնորհավորելու բան է, ես Ձեզ հիշեցնեմ, որ 2009 թվականին, երբ դուք կոալիցիայի անդամ էիք, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 16,4 տոկոսից հասավ 46 տոկոսի։ Բայց մենք չենք շնորհավորել, որովհետև սա շնորհավորելու բան չէ, սա ուղղակի փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել»։

Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանի պետական պարտքի մեծ մասն արտաքին պարտքն է՝ դրսից ստացված վարկեր, փոխառություններ, արտարժութային պետական պարտատոմսերի թողարկումից, տեղաբաշխումից ստացված գումարներ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31