Նոր մշակումներից՝ մինչև տարեվերջ ԱԹՍն-երի սերիական արտադրությո՞ւն. Իրատեսությո՞ւն, թե՞ զուտ ակնահաճո հայտարարություն

Aysor.am-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ասել է, որ Հայաստանը մինչև տարեվերջ կունենա սերիական կամ մասսայական արտադրության անօդաչու թռչող սարքեր։

Նախարարը մանրամասնել է, որ դեկտեմբերի վերջին-հունվարի առաջին տասն օրվա մեջ Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող ընկերությունները համապատասխան քանակությամբ արտադրանք պետք է հանձնեին, սակայն վերջին պահին ինչ-որ խնդիր է եղել, բայց մի քանի ընկերություն կարող է մոտակա ժամանակ վերջնական ավարտել ու պաշտպանության հանձնել իրենց նպատակին ծառայող ԱԹՍ-ներ։

Հիշեցնենք, որ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը 2021-ի փետրվարին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հայկական հարվածային ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկումներ, և, որ հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերի մասով գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի շրջանակներում կան ֆինանսավորված տասնյակ նախագծեր: Այսինքն, ԱԹՍ-ների սերիական արտադրության մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Հակոբ Արշակյանը:

«Դրանց մի մասն արդեն իրենց տրամաբանական ավարտին են հասցվում: Թե հարվածային, թե հետախուզական տեսանկյունից, արդեն իսկ արտադրական հնարավորությունների ենք հասնում: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում»,- վստահեցրել էր Արշակյանն ու հավելել, որ դրանք լայնորեն կիրառվել են Արցախի պատերազմի ընթացքում:

Վերադառնալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գործող նախարարի հայտարարությանը, նշենք, որ 168.am-ին հասած տեղեկություններով, նոր մշակումների համար նախատեսված բյուջեի 60 տոկոսը վերցվել և ուղղվել է արդեն արտադրվող ապրանքի արտադրությանը, որից արդեն բավարար քանակի կա:

168.am-ը փորձեց ԲՏԱ նախարարությունից ճշտել՝ երբ նախարար Խաչատուրյանը հայտարարում է, որ մինչև տարեվերջ կունենանք սերիական կամ մասսայական արտադրության անօդաչու թռչող սարքեր, խոսքն արդեն արտադրության փուլում գտնվող արտադրանքի մասի՞ն է, թե՞ նոր մշակումների, ինչին ի պատասխան՝ ԲՏԱ նախարարությունից ասացին, որ խոսքը նոր մշակումների մասին է:

Թե ինչպես ենք այս դեպքում մինչև տարեվերջ կազմակերպելու ԱԹՍ-ների սերիական արտադրություն՝ թողնում ենք ձեր երևակայությանը:

Ի դեպ, նախարարությունից նպատակահարմար գտան գաղտնի պահել ԱԹՍ-ների, այսպես ասած, տեսակն ու բնույթը, նաև նոր մշակումներին ուղղված ֆինանսական միջոցների չափը: Իհարկե, պարզ է, որ խոսքը հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների մասին է, ինչի մասին ավելի վաղ «գաղտնազերծել» էր Հակոբ Արշակյանը:

Ի դեպ, 168.amգրել էր, որ Հայկ Չոբանյանի՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում չվերանշանակվելու և այդ պաշտոնում ՀՀՇ-ական, ՀԱԿ-անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատուրյանին նշանակելու հարցում իր դերակատարումն է ունեցել ԱԺ փոխխոսնակ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը:

Նշենքոր Հակոբ Արշակյանը, ինչպեսև Վահագն Խաչատուրյանը, Տեր-Պետրոսյանի կադրերից են, Արշակյանը 2008-2012թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ է եղել, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահը:

Ժամանակին՝ 2013-ին, և՛ Վահագն Խաչատուրյանը, և՛ Հակոբ Արշակյանը դեմ էին Կենսաթոշային պարտադիր կուտակային համակարգին:

Եվ չի բացառվում, որ նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության ոլորտում են նրանք համակարծիք: Եթե այդպես է, թերևս, լուրջ բեկում սպասելը լուրջ ջանքեր է պահանջում:

Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում Հակոբ Արշակյանը, խոսելով ռազմարդյունաբերության հատկացումների մասին, հայտարարել էր, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով 2017-ին հատկացվել է 1.6 մլրդ դրամ, 2018-ին՝ 2.4 մլրդ դրամ, 2019-ին՝ 3.8 մլրդ դրամ, 2020-ին հատկացումը փաստացի կազմել է 3.3 մլրդ դրամ, դրան գումարվել է լրացուցիչ 3.4 մլրդ դրամ՝ պատերազմի մեկնարկին զուգահեռ: 2021-ին նախատեսվել է 4.6 մլրդ դրամի չափով հատկացում:

Որքանո՞վ է արդարացված հատկացումների ավելացումը, արդյո՞ք այդ միջոցները չեն փոշիացվում այս տարբերակով: Նշենք, որ ռազմատեխնիկական գիտնականներից և մասնագետներից կազմված կոնստրուկտորական բյուրոներ չստեղծվեցին, ինչպես առաջարկում էին փորձագետները, երբ Ռազմարդյունաբերության կոմիտեն հանվեց ՊՆ ենթակայությունից:

2021-ի հոկտեմբերի 2-ին ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ով նաև ղեկավարել է Ռազմարդյունաբերական կոմիտեն, 168.am-ին տված հարցազրույցում ասել էր․

«Ինչ վերաբերում է գիտատեխնիկական, փորձակոնստրուկտորական բյուրոներին, միանշանակ ողջունելի տարբերակ է: Դրա վերաբերյալ որոշակի աշխատանքներ իմ ժամանակ սկսվել էր, բայց արդյունք չկար դեռ՝ ժամանակի առումով, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ես հիմա տեղեկատվություն չունեմ, թե ինչ փուլում են այդ աշխատանքները: Բայց կարծում եմ, որ պետք են այդպիսի բյուրոներ, որոնք գիտականորեն և ավելի համակարգային կառաջարկեն հարցերի լուծման տարբերակները:

Իսկ այն, ինչ մեզ մոտ կա, փորձի մեթոդներով է. ստացվեց՝ ստացվեց, չստացվեց՝ չստացվեց: Այսինքն, շատ բաներ, որ մերոնք անում են, կիրառություն չի գտնում: Միգուցե այս կամ այլ պատճառով լավ է: Կա՛մ էլ՝ դրա կարիքն է վերացած լինում, կա՛մ ինքնարժեքն է բարձր լինում, կա՛մ չենք կարողանում դնել սերիական արտադրության: Գումարների փոշիացման մասով ես չպատասխանեմ, բայց եթե մենք ամեն ինչ փորձենք սարքել, և կիրառության մեջ չդրվի, իհարկե, գումարները կփոշիանան: Իսկ եթե վերցնենք կոնկրետ նմուշ, կոնկրետ ժամկետներով, ապա այս դեպքում էլ, իհարկե, գումարները պետք է մեծ լինեն և նպատակային: Բայց ավելի լավ է չորսը լինի, քան քսանը, երեսունը՝ միջակ և ոչ արդյունավետ»:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2011-ին կայացած զորահանդեսին ցուցադրվեց «Կռունկ» անօդաչու թռչող սարքը: ԱԹՍ-ի արտադրության մասին 2016-ին որոշ տեղեկություն էր տրամադրել ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի նախկին պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։

«Նման անօդաչուների մեկ համալիրի գինը (2 ինքնաթիռ, մեկ ղեկավարման կայան) միջազգային շուկայում տատանվում է 2-2,5 մլն դոլարի սահմաններում: Հայաստանը սեփական ուժերով ու տասնյակ անգամներ ավելի քիչ միջոցներ ծախսելով՝ կարողացավ ստեղծել «Կռունկը», որը լայն կիրառություն գտավ հայկական բանակում: Մեր սարքի տակտիկատեխնիկական բնութագիրը չի զիջում նույն դասում առկա իր անալոգներին»,- ասել էր նա:

Ավելի ուշ, «Կռունկի» կառուցվածքի հիման վրա մասնագետները ստեղծեցին «X-55» հետախուզական ԱԹՍ-ն, որի նախագծման աշխատանքները սկսվել էին 2012 թվականին, իսկ առաջին փորձարկումն ու շահագործումը կատարվել է 2014-ին:

Փորձագետների կարծիքով, այն, ըստ էության, իր խնդիրը վատ չի կատարել, այդ թվում՝ 2016-ի քառօրյայի ժամանակ:

Մեր տեղեկություններով՝ վերը նշված անօդաչու սարքերը կիրառվել են նաև հուլիսյան դեպքերի ժամանակ և վերջին պատերազմում:

168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե «X-55» կամ X-55M ԱԹՍ-ների խմբաքանակ վերջին անգամ ե՞րբ են պատվիրել, այսինքն՝ վերը նշված անօդաչուի արտադրության կամ մոդիֆիկացիայի, մոդեռնիզացիայի հետ կապված ի՞նչ գործընթաց կա, քանի որ տեղեկություններ կան, որ արդեն մի քանի տարի է՝ ՊՆ-ից լուրջ պատվեր չի ստացվում:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչությունից գրավոր պատասխանել էին, որ հարցապնդվող տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք:

Տեսանյութեր

Լրահոս