Հակոբ Արշակյա՞նն է Չոբանյանի բախտին «քար գցել»

168.am-ի տեղեկություններով, Հայկ Չոբանյանի՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում չվերանշանակվելու և այդ պաշտոնում ՀՀՇ-ական, ՀԱԿ-անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատուրյանին նշանակելու հարցում իր դերակատարումն է ունեցել ԱԺ փոխխոսնակ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը:

Մեր տեղեկություններով, նա նույնիսկ փորձել է միջամտել Չոբանյանի գործերին, որը, ըստ էության, լավ էլ աշխատում էր Նիկոլ Փաշինյանի հետ՝ կիսելով նրա կողմից իրականացվող քաղաքականությունը:

Նշենք, որ Հակոբ Արշակյանը, ինչպեսև Վահագն Խաչատուրյանը, Տեր-Պետրոսյանի կադրերից են, Արշակյանը 2008–2012թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ է եղել, 2012 թվականից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահը:

Ի դեպ, ժամանակին՝ 2013-ին, և՛ Վահագն Խաչատուրյանը, և՛ Հակոբ Արշակյանը դեմ էին Կենսաթոշային պարտադիր կուտակային համակարգին:

Եվ չի բացառվում, որ նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության ոլորտում են նրանք համակարծիք: Եթե այդպես է, թերևս, ոչ մի լավ բան չպետք է սպասել:

Գոնե Հակոբ Արշակյանի պաշտոնավարման ընթացքում տեսել ենք, թե ինչ տեմպերով է «զարգանում» ռազմարդյունաբերությունը, երբ շուրջ 10 ամիս է՝ Ռազմարդյունաբերական կոմիտեն չունի նախագահ: Տեսել ենք Արշակյանի օրոք ռազմարդյունաբերական ցուցահանդեսներին ՀՀ-ի մասնակցության մակարդակը, երբ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում այս տարվա փետրվարի 21-25-ը կայացած «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին ռազմական արտադրանքի նմուշների փոխարեն՝ բուկլետներով էինք ներկայացել, իսկ ռազմական արտադրանքի նմուշները մաքսանենգ ապրանքի կարգավիճակում մնացել են Մոսկվայում, և մինչ օրս էլ Երևան չեն հասել:

Մյուս կողմից, Հայկ Չոբանյանը ԲՏԱ նախարար էր նշանակվել ընթացիկ տարվա ապրիլի 2-ին, և փաստորեն նրան ևս չի հաջողվել լուծել այս հարցը՝ Հայաստան վերադարձնել ՌԴ-ում արգելափակված պահվող ցուցանմուշները:

Ի դեպ, չնայած 168.am-ի համառ ջանքերին՝ Հայկ Չոբանյանը շարունակեց պահպանել լռություն՝ անպատասխան թողնելով մեր հարցերը՝ արդյո՞ք սպասելի էր իր չվերանշանակումը, ինչը կարող էր նման որոշման պատճառ հանդիսանալ, միգուցե այլ պաշտոնի առաջարկ է եղել:

Հիշեցնենք, որ երբ Հայկ Չոբանյանը նոր էր նշանակվել ԲՏԱ նախարար, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ իշխանական ընտանիքը, մասնավորապես, Աննա Հակոբյանը, դեռ մարտի 12-ին է Հայկ Չոբանյանին առաջարկել դառնալ ԲՏԱ նախարար, որը միանգամից ընդունվել է, այնուհետ ապրիլի 2-ին օրենքի ուժ ստացել:

Իսկ թե ստվերային ինչ պատճառներ կան Հայկ Չոբանյանին՝ կառավարության նոր կազմում չընդգրկելու իշխանական որոշման առանցքում, կամ ինչու է Նիկոլ Փաշինյանը մտափոխվել, հետևել Հակոբ Արշակյանի խորհրդին, ժամանակը ցույց կտա:

Տեսանյութեր

Լրահոս