Արդյո՞ք հիմա դրա լավագույն ժամանակ է․ Տնտեսության ծանր կյանքն ավելի են ծանրացնում

Իշխանությունները որտեղ առաջընթաց են տեսնում, շտապում են կանխել։ Այնպես են անում, որ եղածն էլ քանդեն։ Զարմանալի չէ, որ մեր տնտեսության երբեմնի առաջատար ճյուղերը վերջին շրջանում հայտնվել են տեղապտույտի մեջ։ Զարգացում չկա, մի բան էլ հետ են գնում։

Ընդերքը երկնիշ աճում էր, հարկային այնպիսի կարգավորումներ մտցրեցին, որ աճն ընդհանրապես կանգ առավ։ Վերջին ամիսներին այն այլևս անկումային է։

Արտադրության ծավալներն այստեղ սկսեցին նվազել այն բանից հետո, երբ կառավարությունը շտապեց արտահանման վրա տուրք մտցնել։ Ու չնայած միջազգային շուկաներում առկա բարձր գներին, դա հանգեցրեց արտադրության ծավալների նվազման։ Արտահանման տուրք մտցնելիս, մասնագետներն ու ոլորտի մասնակիցներն այդ մասին զգուշացնում էին կառավարությանը, բայց լսող չեղավ։ Արդյունքը եղավ այն, որ տնտեսության այդ կարևոր ճյուղը դադարել է նպաստել արդյունաբերության աճին, երբ դրա կարիքը ցածր տնտեսական ակտիվության պայմաններում առավել մեծ է։

Նույնը տեղի է ունենում ծխախոտագործության ոլորտում։ Վերջին տարիներին ծխախոտագործությունը դարձել էր Հայաստանի տնտեսության առանցքային և դինամիկ զարգացող ճյուղերից մեկը։ Արտադրության ծավալներով այն առաջ էր անցել նույնիսկ խմիչքներից և զիջում էր միայն հանքարդյունաբերությանը։

Բայց վերջին շրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Մի կողմից՝ իրականացվող հարկային քաղաքականությունը, որն ուղեկցվում է արտադրության թանկացմամբ և իրացման շուկաների կորստով, մյուս կողմից՝ տնտեսական ճգնաժամը, հանգեցրին արտադրության ծավալների կրճատման։ 2020թ. նվազումը կազմեց գրեթե 20 տոկոս։ Նույնիսկ այդպիսի կտրուկ անկումից հետո այն չկարողացավ վերականգնվել նաև անցած տարի։

Պաշտոնապես հրապարակված ցուցանիշները վկայում են, որ 2021թ. 11 ամսում արձանագրվել է 14,3 տոկոս նվազում։ Ծխախոտի արտադրատեսակների արտադրությունը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 124 մլրդ դրամ։ Այն դեպքում, որ 2 տարի առաջ, երբ ամեն ինչ բարեհաջող էր ընթանում ոլորտի համար, արտադրության ծավալը անցնում էր 175 միլիարդից։ Այդ ցուցանիշով այն զիջում էր միայն հանքարդյունաբերությանը։ Գրեթե 10 միլիարդով առաջ էր անցել խմիչքների արտադրությունից։ Անցած տարվա տվյալներով, արդեն գրեթե 60 միլիարդով հետ է ընկել։

Երկու տարվա ընթացքում հայկական ծխախոտի արտադրությունը կրճատվել է 51 մլրդ դրամով կամ ավելի քան 29 տոկոսով։ Եթե 2019թ. Հայաստանում արտադրվել էր 30 միլիարդ, ապա անցած տարի՝ 21 մլրդ հատիկ սիգարետ։

Ծխախոտի արտադրությունը գնալով կորցնում է իր դիրքերը։ Արտադրության ծավալների նվազումը, բնականաբար, կապված է իրացման հետ։ Ընդ որում՝ ինչպես դրսում, այնպես էլ՝ ներսում։ Հարկային այն քաղաքականությունը, որը որդեգրել է կառավարությունը, տանում է ոլորտի կործանման։

Ծխախոտի ակցիզային հարկի բեռը տարեցտարի ավելանում է։ Դա հանգեցնում է արտադրության ինքնարժեքի բարձրացման և արտադրանքի թանկացման։

Այս տարի ևս ծխախոտի ակցիզային հարկի բեռը կավելանա՝ կրկին հանգեցնելով իրացման գների բարձրացման։

Արտադրության ծավալների կրճատումը ազդում է ոչ միայն ընդհանուր տնտեսության, այլև արտահանման ու բյուջեի հարկային մուտքերի վրա։

Կար ժամանակ, երբ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում էր ծխախոտի տեղական արտադրության ընկերություններից մեկը։ 2019թ. արտադրության պիկին, ոլորտի ամենախոշոր ընկերությունը՝ ի դեմս «Գրանդ Տոբակոյի», պետական բյուջե էր վճարել 57 մլրդ դրամի հարկ։ Վերջին 1-2 տարիներին այլևս այդպես չէ։ Ոլորտի ընկերությունների կողմից բյուջեի վճարվող գումարներն էապես նվազել են։ Պատկերացնելու համար նշենք, որ անցած տարվա առաջին ինը ամիսներին (տարեկան ցուցանիշները դեռ հայտնի չեն) նույն «Գրանդ Տոբակոն» վճարել է ընդամենը 24 մլրդ դրամի հարկ։

Հարկային բեռի ավելացումից բացի, ոլորտի համար խոչընդոտներ են ստեղծվում նաև այլ հարկադիր միջոցների կիրառմամբ։

Ինչպես հայտնի է, այս տարվա սկզբից ուժի մեջ են մտել այն սահմանափակումները, որոնք նախատեսվում են ծխախոտի իրացման ժամանակ։ Շուտով կարգելվի ծխախոտի օգտագործումը նաև հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ ինչպես փակ, այնպես էլ՝ բաց տարածքներում։

Սա լինելու է ևս մեկ հարված տեղական ծխախոտի արտադրությանը։ Ճիշտ է, սահմանափակումները վերաբերում են նաև ներմուծվող ծխախոտներին, բայց այս ամենից տուժում է առաջին հերթին տեղական արտադրությունը։ Որքան էլ համարենք, որ հայկական ծխախոտի որակը բարձր է, այն չի կարող մրցակցել միջազգային խոշոր կորպորացիաների հետ ու գնալով կորցնելու է շուկան։

Այն քաղաքականությունը, որը համառորեն առաջ են տանում իշխանությունները, հարվածելու է նաև հանրային սննդի ոլորտում գործող ընկերություններին։ Վերջիններս արդեն ահազանգում են հնարավոր հետևանքների մասին։

«Սա անհիմն, անիրագործելի ու անտրամաբանական պոպուլիզմով համեմված օրենք է։ Սա ռեկորդակիր օրենք է իր անտրամաբանությամբ, պարզապես առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հաճոյացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որովհետև աշխարհում չկա ավելի անտրամաբանական բան, քան բացօթյա տարածքում, ռեստորանում արգելել ծխելը։ Իրենք ուղղակի «մուռ» են հանում ռեստորաններից, և որոշ ռեստորանատերեր, որոնք այն ժամանակ ասոցիացիայի անդամ էին, նրանց թողտվության և լուռ համաձայնության պայմաններում մարտ ամսից մեծ վնաս է հասցվելու ամբողջ ինդուստրիային։ Կան բազմաթիվ ռեստորաններ, որոնք առհասարակ փակման եզրին են, սա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում ինդուստրիայի համար։ Այս օրենքը պարզապես անիրագործելի է։ Այս մարդիկ ինչպե՞ս են պատկերացնում, որ բացօթյա որևէ տարածքում ծխելն արգելեն, սա, այսպես ասած՝ ձեռառնոցի է։

Առհասարակ հակածխախոտային օրենքը խաղ է անում ՀՀ պետական բյուջեի 100 մլրդ դրամանոց ներհոսքի հետ, էլ չեմ խոսում ռեստորաններին առանձին հասցված վնասների մասին»,- 168.am-ի հետ զրույցում օրերս հայտարարել էր «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանը։

Հանրային առողջության պահպանման առումով, ծխախոտի իրացման սահմանափակումների կիրառումը գուցե և արդարացված է։ Բայց արդյո՞ք հիմա դրա լավագույն ժամանակ է։ Երբ տնտեսությունը և հատկապես այն ոլորտները, որոնց առնչվում են այդ սահմանափակումները, կանգնած են լուրջ դժվարությունների առաջ, նախ պետք է փորձել օժանդակել, որպեսզի դրանք ոտքի կանգնեն, իսկ հետո մտածել սահմանափակումներ կիրառելու մասին։ Թե չէ ստացվում է, որ նրանց, առանց այն էլ՝ ծանր կյանքը իշխանություններն ավելի են ծանրացնում, ինչ է թե՝ որոշ կառույցների դուր գալու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս