
Սերժ Սարգսյանն «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բաց բանախոսությամբ է հանդես եկել

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում բաց բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով: Քաղաքացիական կրթության դպրոցի մասնակիցներից բացի հանդիպմանը մասնակցեցին նաև ոլորտի փորձագետներ և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով հետաքրքրված գործիչներ:
Բանախոսության ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձավ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի կողմից տարվող դիվանագիտական ջանքերին` հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման ուղղությամբ: Մատնանշվեցին բանակցային գործընթացում արձանագրված հաջողությունները, առկա հնարավորությունները և մարտահրավերները:
Բանախոսության ավարտին երրորդ նախագահը պատասխանեց հակամարտության կարգավորման վերաբերյալ դպրոցի մասնակիցների և փորձագետների հարցերին։