Դատարանները մասնագիտացած կառույցներ չեն, դրա համար ՀՀ-ում ոչ մի դեպք չի եղել, երբ շնորհված վկայագիրը հետ է վերցվել. Կրթության փորձագետ
Գիտական պաշտպանություններում գրագողությունների խնդրի լուծման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավական դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում:
ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը դեռևս 2021թ. դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ պետք է սահմանվի աստիճանազրկման կարգ:
«Այդ կարգը հնարավորություն կտա պաշտպանությունից հետո, նույնիսկ տարիներ անց, եթե հայտնաբերվի գրագողությունը, անձին զրկել գիտական աստիճանից: Ինչպես վարորդական իրավունքից վարորդին հնարավոր է զրկել, այդպես էլ այս պարագայում պետք է լինի այդ հնարավորությունը: Պետք է աշխատանք տանել այդ կարգն ունենալու համար: Այս առաջարկն ընդգրկված է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում»,- ասել էր Կարեն Քեռյանը:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ աստիճանակարգ տալուց պետք է ուշադիր լինել:
«Օրենսդրական որևէ կարգավորում չկա առ այսօր, և միակ ձևը մնում է այդ ամենը դատական կարգով կազմակերպելը, իսկ դատարանները մասնագիտացած կառույցներ չեն: Նրանք չեն կարող մտնել բովանդակության մեջ, և դրա համար ՀՀ-ում ոչ մի դեպք չի եղել, երբ շնորհված վկայագիրը հետ է վերցվել: Սակայն սրանից 3 կամ 4 տարի առաջ ՌԴ-ն կատարեց համապատասխան օրենսդրական փոփոխություն և հնարավորություն տվեց պաշտպանելուց հետո 10 տարվա ընթացքում բողոքի առկայության դեպքում ևս մեկ անգամ անդրադառնալ ատենախոսությանը և արտագրություններ գտնելու դեպքում զրկել տված վկայականից: ՌԴ-ում ինչ-որ ձևով սկսել է գործել այդ դրույթը, իսկ Հայաստանում անհրաժեշտ է նախ օրենքում նման գործառույթներ վերապահել, հետո ենթաօրենսդրական ակտերով, կառավարության որոշմամբ, ԲՈԿ-ի կանոնադրությամբ կամ Գիտության կոմիտեին, նախարարությանը ընձեռված հնարավորությամբ ստեղծել բազա, որ նման գործառույթ իրականացնեն, ինչը կնպաստի որակի բարձացմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը:
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հայտարարությանը, որ նախատեսվում է փոփոխություն կատարել ասպիրանտուրայի ընդունելության կարգում, ըստ որի՝ «Համակարգչային հմտություններ» առարկայի քննություն այլևս չի պահանջվելու: Ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն միայն օտար լեզվից և մասնագիտական առարկայից, քանի որ, ըստ փոխնախարարի, նման քննության կազմակերպումն այսօր ժամանակավրեպ է, կրթության փորձագետը նշեց, որ արդեն քննություն չեն հանձնում նաև «փիլիսոփայություն» առարկայից, իսկ ինչ վերաբերում է օտար լեզվին, ապա այն կարևոր է, որովհետև գիտնական լինելը չի նշանակում շատ կոնկրետ մասնագետ լինել:
«Ասպիրանտուրա ընդունվելիս հնարավորություն կա քննություն հանձնել նախընտրելի օտար լեզվից, բայց այն ձևը, որով անցկացնում ենք օտար լեզվից ընդունելության քննություններ, դա շատ անընդունելի է, որովհետև մասնագետները հանձնում են ընդհանուր քննություն, օրինակ՝ TOEFL-ով, բայց իր մասնագիտականից ընդհանրապես կարող է բոբիկ լինել կամ հեռու: Այսինքն, պետք է ձևը փոխվի, որովհետև հետագայում այդ լեզուն օգտագործվելու է, օրինակ, արտասահմանյան երկրներում գիտական պարբերականներում հրապարակումներ տպագրելու համար»,- մանրամասնեց կրթության փորձագետը: