«Անորակ հրթիռների» գործը կամ «ռազմական» կոռուպցիայի վերացումը թուրք-ադրբեջանական հետաքրքրությունների տրամաբանության մեջ
2021 թվականն առանձնացավ ռազմական և պաշտպանական ոլորտի նախկին ու այդ պահին դեռ գործող բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև՝ ՀՀ-ին և բանակին հիմնական զենք մատակարարողի դեմ իշխանությունների իրավական գործողությունների ակտիվացմամբ, որոնք դեռ չեն մոտեցել իրենց եզրագծին և իրենց շարունակությունն են ունենալու նոր տարվա ընթացքում:
Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ իշխանությունների գործողությունների նպատակը ոչ թե կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է կամ առհասարակ բացառումը ՀՀ զինված ուժերում, Պաշտպանության նախարարությունում, այլ բանակի հեղինակությանը և ոչ միայն հեղինակությանը հերթական հարվածներ հասցնելը, հատկապես, երբ ժամանակին Փաշինյանը թույլ չի տվել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել ՊՆ-ում: Երկրորդ՝ արցախյան վերջին պատերազմի հանգամանքները «ջրի երես» հանելու խնդիր կար և կա, ուստիև՝ մեկուսացումների: Բացի այս, յուրաքանչյուր թիրախի մասով կան առանձին այլ պատճառներ:
Եվ այսօր ունենք մի քանի ամիս կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ, ՀՀ-ին և բանակին զենքի մատակարար, ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետ, նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ:
«Անորակ հրթիռների» գործի մեկնարկը
Սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, որ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյան թույլ է տվել լիազորությունների չարաշահում: Խոսքը 1985-1991թթ. արտադրության ավիացիոն, այսպես ասած, անպիտան հրթիռների գնման մասին է: Ըստ ԱԱԾ-ի, մեկ միավոր հրթիռի դիմաց վճարվել է 1.100 ԱՄՆ դոլար:
«…Նույն պաշտոնատար անձը, չիրականացնելով ապրանքի զննում և փորձարկում, իր նախագահությամբ գործող հանձնաժողովի կողմից կազմված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նյութական միջոցների ընդունման ակտում, կազմված պայմանագրի կամ դրա մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացությունում ներառել է անհամապատասխանություններ չլինելու, բոլոր ապրանքները տեխնիկական բնութագրերին համապատասխան լինելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկություններ և տվել դրական եզրակացություն, որի արդյունքում ՀՀ զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել օրացույցային ժամկետներն անցած, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատև պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ, որի հիման վրա մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումար»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ «անորակ հրթիռների» գործով ԱԱԾ-ն ձերբակալեց ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին, ինչի մասին պաշտոնական տեղեկություններ չեղան: Այս պահին Համբարյանը կալանքի տակ է, իսկ Բաբայանը ազատ է արձակվել: Ի դեպ, սկզբում նրանք ունեցել են վկայի դատավարական կարգավիճակ, որով էլ սկզբում հարցաքննվել են:
Իսկ ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի պաշտպանները նպատակահարմար գտան որդեգրել դեռևս լռություն պահպանելու մարտավարություն և տարվա ընթացքում լրագրողների հարցերին չպատասխանեցին:
Արդեն սեպտեմբերի 30-ին ավելի քան 2 մլրդ դրամ հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և ավելի ուշ կալանավորվեցին Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո):
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Այս գործով հոկտեմբերի 2-ին կալանավորվեց նաև ԳՇ՝ այն ժամանակ՝ դեռ պետի տեղակալի կարգավիճակում գտնվող Ստեփան Գալստյանը, ում դեկտեմբերին ազատեցին պաշտոնից:
Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) չեզոքացնելու անվտանգային ռիսկերը, ներքին ու արտաքին շարժառիթները
Նախ հաշվետու տարվա փետրվարին ԱԱԾ-ն բերման ենթարկեց Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին:
Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը ՊՆ-ի հետ կնքել էր պայմանագիր, պարտավորվել 2018թ. բանակին մատակարարել 1983-86թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը ՊՆ-ից այս գործարքի դիմաց ստացել է 1 միլիոն դոլարից ավելի գումար:
Սակայն ավելի ուշ, երբ փորձաքննությունն ապացուցեց զինամթերքի պիտանի լինելու փաստը, գործն ըստ էության մտավ փակուղի, բայց և անհասկանալի պատճառներով չկարճվեց:
Հետո արդեն, ինչպես վերևում նշեցինք, սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն «անորակ հրթիռների» գործով մեղադրեց նաև Դավիթ Գալստյանին: Այս գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի շահերի պաշտպանները, բնականաբար, պահանջեցին և շարունակում են պահանջել հրթիռների որակը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակել, ինչին, ըստ էության, իշխանությունները չգնացին:
168.am-ը գրել էր, որ հավաստի տեղեկություններով, ՊՆ պահեստում պահվող հրթիռների մի խմբաքանակ ՄԱԿ-ի թույլտվությամբ շատ ավելի բարձր գնով մատակարար ընկերությունն արտահանել է երրորդ երկիր, և այնտեղից ոչ մի բողոք չի եղել զինամթերքի որակի հետ կապված: Ավելին, հետագայում մատակարար ընկերությունը ցանկացել է արտահանել ՊՆ պահեստում պահվող այդ հրթիռների նոր խմբաքանակներ, սակայն նրան արգելել են՝ նշելով, որ ՀՀ-ն էլ դրանց կարիքը ունի, և ուշ թե շուտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում դրանք անպայման ձեռք են բերվելու: Այսինքն, դրանք ՊՆ պահեստում մնացել են ֆինանսական խնդիրների պատճառով: Եվ մեր բանակն այսօր էլ ունի ավիացիոն այս հրթիռների կարիքը:
ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնել էին նաև, որ 2018 թվականից հետո ձեռք բերված խմբաքանակը՝ ավելի քան 400 հատ, կիրառվել է արցախյան վերջին պատերազմի ժամանակ, և դրանց հետ կապված դարձյալ ոչ մի խնդիր չի եղել, թեպետ ԱԱԾ-ն պնդում է, թե 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ դրանք չեն կիրառվել:
168.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը նշել էր, որ նախաքննության մարմինը առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության՝ հրաժարվել է փորձաքննություն իրականացնել։
Քրեական դատավարությունը նախատեսում է անկախ փորձագետի ինստիտուտը, որի դեպքում բացառվում է որևէ կաշկանդվածություն, ուստի Գալստյանի փաստաբանական թիմը մեկ անգամ չէ ասել, որ պատրաստ է հրավիրել մասնագետների՝ Եվրոպայից, Ռուսաստանից։
«Այդպես ենք արել նաև նախկին քրեական գործով։ Սակայն նախաքննության մարմինը հրաժարվել է մեր ներգրաված մասնագետներից։ Իսկ այս գործով մենք դրսի մասնագետներից ստացել ենք մասնագիտական կարծիքներ, որոնք անպայման կներկայացվեն նախաքննության մարմնին։ Սակայն այդ կարծիքները չեն կարող փոխարինել դատավարությամբ նշանակված փորձաքննության եզրակացությանը, որը որպես ապացույցի տեսակ՝ ավելի ծանրակշիռ է։ Մենք արդեն իսկ հիմնավորել ենք, որ հրթիռների որակի և անպիտան լինելու պնդումները անհիմն են անհերքելի փաստարկներով։ Դա է պատճառը, որ նախաքննության մարմինը հրաժարվել է փորձաքննություն իրականացնել, քանի որ իրենց համար էլ, կարծում եմ, ակնհայտ է այդ փաստը, որ փորձաքննության արդյունքներով մեղադրանքները կհիմնազրկվեն։ Նույն պատկերն էր նաև նախորդ գործով։ Փորձաքննությունը, որքան հնարավոր է՝ ձգձգեցին, վերջում փորձաքննության ընթացքում գրանցվեցին գերազանց արդյունքներ, ինչը մերկացրեց ապրանքի անորակ լինելու հետ կապված կեղծ մեղադրանքը»,- նշել էր նա:
Ընդհանրապես, ժանգի առկայությունը նման տեսակի հրթիռների վրա նորմալ երևույթ է, և այդ ժանգ պարունակող կետերի առկայությունը դեռևս հիմք չէ հրթիռներն անպիտան համարելու։ Դրա մասին են վկայում՝ ինչպես մասնագետները, այնպես էլ՝ մասնագիտական գրականությունը։
Եթե այսօր, օրինակ, հնարավորություն ունենանք զննել ցանկացած առաջադեմ երկրի զենքի պահեստ, նմանատիպ հրթիռների վրա կարող ենք գտնել ժանգի հետքեր։ Դա պայմանավորված է հրթիռների մետաղական, կառուցվածքային, դրանց պահպանման առանձնահատկություններով, և այլն։ Ռազմական համապատասխան ուղեցույցներով, գրականությամբ հիմնավորված է, որ անպիտան կարող է համարվել այն հրթիռը, որի մակերևույթի 40 և ավելի տոկոսը ժանգոտված է։
Ինչ վերաբերում է այս հրթիռներին, ապա այդ հրթիռների վրա չկա նմանատիպ ժանգոտվածություն, ինչը հաստատվել է հենց քննիչի կողմից իրականացված որոշ դատավարական գործողությունների արդյունքում։
«Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ, ըստ նախաքննության մարմնի, եղել են դեպքեր, երբ հրթիռների մոտ ինչ-որ շեղումներ են արձանագրվել, թեև մանրամասն որևէ տվյալ չեմ կարող հրապարակել։ Սակայն խոսքը մի քանի դեպքի մասին է, որը արձանագրվել է 10 տարվա ընթացքում։ Վստահ եմ՝ այդ դեպքերով ժամանակին կատարվել են ուսումնասիրություններ, և պարզվել է, որ դրանք հրթիռների որակի հետ կապ չունեն: Բերեմ մեկ օրինակ. Եթե, ասենք, 10.000 հրթիռից 30-ը չկրակվի, իսկ մնացածը անխափան կրակվեն, չի կարելի պնդել, որ ամբողջ խմբաքանակը անպիտան է։ Այս օրինակում խոսքը գնում է 0.3 տոկոսի մասին։ Խնդիրը պատկերացնելու համար՝ ասեմ, որ արձանագրված դեպքերը ավելի քիչ են»,- մեզ հետ զրույցում մանրամասնել էր Գալստյանի փաստաբանը:
Ի դեպ, ավելի ուշ փաստաբան Արմեն Հարությունյանը մեզ տեղեկացրել էր, որ ունեն եվրոպական սպառազինության արտադրության մեջ մեծ փորձ ունեցող հեղինակավոր մասնագետի գրավոր կարծիք։ Վերջինս մասնագիտորեն հղում անելով մասնագիտական գրականությանը և համապատասխան իրավական ակտերին, ներկայացրել է բոլոր հարցերի պատասխանները՝ կապված խնդրո առարկա հրթիռների հետ։ Ամենակարևորն այն է, որ հաստատվել է՝ հրթիռները երբևէ որևէ խնդիր՝ որակի հետ կապված, չեն ունեցել։ Ավելին, պահանջարկ չլինելու հետ կապված պնդումները ևս անհիմն են, քանի որ ՊՆ-ն այդ հրթիռների կարիքն ունի նաև այսօր:
Ի դեպ, Գալստյանի պաշտպանները ՊՆ-ին ներկայացրել են գրություն-առաջարկ՝ վերադարձնել ապրանքը, դրա դիմաց ընդունել նորը՝ հաշվի առնելով ՊՆ-մատակարարա-իրավապայմանագրային հարաբերությունները:
Ինչ վերաբերում է Դավիթ Գալստյանին չեզոքացնելու անվտանգային ռիսկերին, ներքին ու արտաքին շարժառիթներին, 168.am-ը մանրամասն անդրադարձ կատարել է:
«Ո՞վ է ներսում ուզում Դավիթ Գալստյանին խաղից հանել» ենթավերնագրի ներքո հիշեցրել էինք, որ դեռևս 2020թ. նոյեմբերին մամուլում փաստարկված հրապարակումներ եղան այն մասին, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բոլորովին էլ պատահական և ազգանվեր նպատակներով չէ քննադատության թիրախ դարձրել Դավիթ Տոնոյանին և Դավիթ Գալստյանին:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Անդրանիկ Քոչարյանի նպատակներն իրականում և բացառապես անձնական շահադիտական են, և նա նույնիսկ պատերազմի օրերին փորձել է անձնական՝ ֆինանսական շահ ունենալ։
«Հրապարակը» սենսացիոն փաստաթուղթ էր հրապարակել, որը բացահայտում էր Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները և իր նպատակին հասնելուն ուղղված քայլերը: Հրապարակման դրվագներից մեկը վերաբերում էր պատերազմի մեջ գտնվող երկրին զենք-զինամթերք մատակարարելուն։
«Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքի տակ են այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը։
Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։
«1. Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2. ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված է գրության մեջ։ Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել է, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով» և այլն, և այլն»,- գրել է թերթը՝ հրապարակելով փաստաթղթերը։ Թղթակցի հետ զրույցում գործարար-բարերար Րաֆֆի Քեոհնելյանը խոստովանել է, որ ինքն ու Անդրանիկ Քոչարյանը վաղեմի ծանոթներ են․
«Ես Անդրանիկ Քոչարյանին վաղուց եմ ճանաչում»։
Հետաքրքրվեցինք զենքի վաճառքի և ՊՆ-ին իր ներկայացրած առաջարկի մասին։ «Իրենք հարց էին տվել (նկատի ունի ՊՆ-ն), ես պատասխանել եմ, բայց ձգձգել են, ոնց որ ինձ խաբել են մի քիչ, ժամանակս խլել են»։ Ինչո՞վ են խաբել։ «Ավելի ճիշտ՝ ձգձգել են»,- ասաց նա, ապա նշեց, որ սա հեռախոսով զրուցելու թեմա չէ, ու ընդհատեց զրույցը։ Մենք տեղեկացանք, որ այս առաջարկները Անդրանիկ Քոչարյանն անձամբ է միջնորդել ՊՆ ղեկավարությանը՝ զանգահարել ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների»,- գրել էր «Հրապարակը»։
Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել էր գնումների գործընթացը հանել բանակի ռազմական հատվածից, ինչպես նաև՝ զենք գնել ոչ միայն ՌԴ-ից, այլև ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ երկրներից, ինչը նախկինների օրոք ըստ անհրաժեշտության արվել է: Դավիթ Գալստյանը ևս ժամանակին եվրոպական արտադրության ռազմական նշանակության ապրանք է մատակարարել:
Ի դեպ, դեռ փետրվարին Դավիթ Գալստյանը հայտարարություն էր տարածել, որտեղ, ըստ էության, հաստատել էր վերոնշյալ փաստերը:
«Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հավանաբար հովանավորվում կամ պատվիրվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատերազմի ընթացքում, չնայած բոլոր փորձերին, չեն կարողացել ՊՆ-ին ակնհայտ բարձր գներով և անհայտ կասկածելի եղանակներով մատակարարումներ իրականացնելու եղանակով միլիոնավոր դոլարներ աշխատել։ Հենց այդ մարդիկ տարբեր լրատվական միջոցներով տեղեկությունները ակնհայտ խեղաթյուրելով և իրականությունը մանիպուլյացնելով՝ փորձում են նաև ստեղծել հանրային տրամադրություններ՝ կապված ՊՆ-ի և դրա մատակարարների հետ»,- ասել էր Գալստյանը:
«Ո՞վ է դրսում ուզում «վերացնել» Դավիթ Գալստյանին» ենթավերնագրի տակ համապատասխան հոդվածում գրել էին, որ 2021-ի հունիսին պարզվեց, որ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո), Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում էր, որ 2001-2021թթ. ընթացքում Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը և Դավիթ Գալստյանը իբր մաքսանենգ ճանապարհով խոշոր տրամաչափի մարտական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ուղարկել Հայաստան, «այնտեղից էլ` Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի Հանրապետության հարակից շրջաններ»:
«Սամվել Սարգսի Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և Արա Աբրահամյանը որպես մեղադրյալներ են ներգրավվել քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և բոլորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,- նշվում էր Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Այսինքն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Արցախին սպառազինական օգնությունը որակվել է՝ որպես հանցագործություն, իսկ ավելի ստույգ՝ «կոնտրաբանդա»:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Դավիթ Գալստյանը 44-օրյա պատերազմի օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերել երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով կազմակերպել զենք-զինամթերքի տեղափոխություն:
Մենք փաստաբանի միջոցով փոխանցել էինք Դավիթ Գալստյանի խոսքը: Մասնավորապես, դատական նիստերից մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել Գալստյանի կալանավորման հիմքերի մասին, քննիչները մտավախություն են հայտնել, թե նա կարող է խուսափել նախաքննությունից և փախուստի դիմի, ինչին Դավիթ Գալստյանն արձագանքել էր.
«Եթե ես ՀՀ-ից դուրս գամ, ինձ այնտեղ անհամբեր սպասում է Ադրբեջանի Հանրապետությունը՝ ձեր «թեթև» գրչով: Իմ նկատմամբ կան քրեական գործեր հարուցված, Ադրբեջանը ցանկանում է որևէ կերպ վնաս հասցնել, կալանավորել, որի համար ջանք չի խնայում: Այսինքն, ինչի՞ պետք է Հայաստանից դուրս գամ, եթե գիտեմ, որ հնարավոր է՝ իմ կյանքին որոշակի վնաս սպառնա»:
Իր դեմ իրականացվող մեղադրական քայլերում Դավիթ Գալստյանը քաղաքական ենթատեքստեր, ամեն դեպքում, չի տեսնում, այլ՝ միայն բիզնես շահեր:
Ո՞ւմ և ինչո՞ւ ձեռք չի տալիս Դավիթ Տոնոյանի ազատության մեջ հայտնվելը
«Անորակ հրթիռների» գործի շրջանակում դեկտեմբերի 24-ին մերժվեց պաշտպանության նախկին նախարարի պաշտպանների Վերաքննիչ բողոքը, և Տոնոյանը դեռ շարունակելու է մնալ կալանքի տակ:
«Խնդրել էինք, որ դատարանն իրավական մոտեցում ցուցաբերեր, հարցին իրավաբանորեն մոտենար, դրանով իսկ օբյեկտիվություն կդրսևորվեր: Մինչդեռ դատարանը հարցին չգիտես ինչ կերպ մոտեցավ, բայց հաստատ՝ ոչ իրավաբանորեն»,- 168.am-ի հետ զրույցում նշել էր Տոնոյանի պաշտպանը:
Ավելի վաղ 168.am–ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել էր, թե ինչո՞ւ են անհիմն Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու պնդումները:
«Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի ազատության մեջ գտնվելու իրավական կոնկրետ հիմքերին, միակ հիմնավորումը, որը դրված է Տոնոյանի կալանքի հիմքում, և որը վարույթն իրականացնող մարմինը և դատարանները մշտապես փորձել են հաստատել, թե քանի որ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա:
Բայց պետք է նշել, որ Դավիթ Տոնոյանը 2020թ. նոյեմբերից պաշտպանության նախարար չէ, նրանից հետո նախարարներ են փոխվել, բազմաթիվ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, երկրորդ՝ գործով անցնող անձինք որևէ կախվածության մեջ չեն գտնվում նրանից: Եվ շատ կարևոր մեկ այլ հանգամանք՝ գործով նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է, գործի նյութերը տրամադրվել են ծանոթացման, և նման պարագայում խոսել, որ նյութեր կարող են թաքցնել, կամ գործով անցնող անձանց վրա ազդեցություն գործադրել, իրատեսական չէ: Ըստ այդմ՝ մեր համոզմունքն այն է, որ չկա որևէ հիմք շարունակելու Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահել»,- ասել էր պաշտպանության նախարարի պաշտպանը:
Եթե գործարար Դավիթ Գալստյանի դեպքում առաջին պլան են մղվում ինչ-ինչ անձանց՝ Փաշինյանի մերձավոր քաղաքական շրջապատի բիզնես շահերը և հետաքրքրությունները, ապա Դավիթ Տոնոյանի դեպքում չի կարելի բացառել քաղաքական շարժառիթները, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի հանգամանքների բացահայտումների տրամաբանության մեջ:
Նշենք, որ հրադադարի հայտարությունից 11 օր անց՝ 2020-ի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանն ազատվեց նախարարի պաշտոնից, թեպետ Տոնոյանի ազատումների մասին տեղեկություններ ժամանակ առ ժամանակ մամուլում շրջանառվում էին և՛ 2019-ին, և՛ պատերազմի ընթացքում:
«Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում:
Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գործում: Բայց իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը: Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը:
Բայց հավաստիացնում եմ, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության, հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով՝ միշտ անելով առավել, քան պահանջում է ծառայողական ու աշխատանքային պարտքը,- իր, այսպես ասած, հրաժեշտի ուղերձում ասել էր Դավիթ Տոնոյանը և շարունակել,- Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով՝ խուսափել բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»:
Չի բացառվում, որ այս լիցքաթափում ասվածը վերաբերում էր ոչ միայն պատերազմից հետո իր դեմ հասարակության տրամադրվածությանը, այլև Փաշինյանի հետ իր հարաբերությունններին, որտեղ գուցե լարվածություն է եղել:
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը հաստատել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը՝ ԱԽ նիստում պատերազմի չորրորդ օրը դադարեցնելու առաջարկի հետ կապված:
«Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը անկեղծ և անձնազոհաբար արել են ավելին, քան հնարավոր էր՝ հանուն հաղթանակի։ Իսկ Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ»,- «Մեդիմաքսին» տված հարցազրույցում ասել էր նա:
Միաժամանակ նշել, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։
Հավելենք, որ դեկտեմբերի վերջին Դավիթ Գալստյանի և Դավիթ Տոնոյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Արդյոք Փաշինյանը տեղյակ չէ՞ր Ստեփան Գալստյանի մասին հրապարակումներին
Ինչ վերաբերում է «անորակ հրթիռների» գործով անցնող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, նրան ևս մի առիթով անդրադարձել ենք, ով, Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով ԳՇ պետի պաշտոնից հեռացնելուց հետո, նշանակվեց պաշտոնակատար:
Մասնավորապես, նշել էինք, որ Ստեփան Գալստյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել 2009թ. հունվարին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2019 թվականի հայտարարագրերում գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի անունով հայտարարագրված է՝ թվով 11, իսկ նրա կնոջ՝ Նատալյա Գեննադիևնա Գալստյանի անվամբ՝ թվով 20 անշարժ գույք: Դեռևս տարիներ առաջ «Հետքը» օդաչուներից մեկի հետ զրույցի արդյունքում գրել էր, որ «Ռիջ Էյրվեյս»-ը պատկանում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, սակայն գրանցված է նրա կնոջ՝ Նատալյայի անունով:
Ավելին, Գալստյանին պատկանող 2 հատ «Ան-12» և 2 հատ «Իլ-76» ինքնաթիռները թռիչքներ են կատարում Աֆրիկայում:
Արդյոք խմբագիր, լրագրող, պատգամավոր, հետո վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞ր այս ամենից: Տեղյակ էր, բնականաբար, բայց Ստեփան Գալստյանի «ծառայությունները» նրան պետք են եկել, ում մի որոշ ժամանակ անգամ պաշտպանության նախարարի պաշտոնակատար կարգեցին: Ստեփան Գալստյանն էլ թեպետ ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ՀՀ ԶՈւ պահանջի տակ, երբ ԳՇ պետը Օնիկ Գասպարյանն էր, սակայն դա չխանգարեց նրան՝ Օնիկ Գասպարյանի ազատվելու օրերին, ԳՇ-ում դիմավորել Նիկոլ Փաշինյանին` հոտընկայս և խրոխտ զեկուցելով: Գուցե պատճառն այն էր, որ «իրավունքի ուժով» ԳՇ պետ էր դառնալու մտերիմ ընկերը՝ Արտակ Դավթյանը: Գուցե:
Ինչպես հոդվածի սկզբում նշեցինք, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի, Արցախի անվտանգությանն և բանակին առնչվող տարբեր զարգացումներում, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, զենքի մատակարարման գործընթացում լուրջ ֆիգուրների նկատմամբ քրեական գործերի հարուցումը ոչ միայն ներքաղաքական, բիզնես հետաքրքրությունների շրջանակում այս կամ այն խնդիրների լուծում է հետապնդում, այլև արտաքին քաղաքական:
Այսինքն, այս ամենը տեղավորվում է նաև ՀՀ անվտանգության ապահովման, բանակի հզորացման կամ թուլացման արտաքին ուժերի, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերի, ցանկությունների տրամաբանության մեջ: Եվ մեզանից է կախված՝ ինչ չափով ենք բանակում կոռուպցիայի վերացումը տեղափոխում թուրք-ադրբեջանական հետաքրքրությունների հարթակ: Եթե կան բանակին և երկրի անվտանգությանը վնասող երևույթներ, անշուշտ, պիտի կանխել, բայց դրան շատ զգույշ և հիմնավոր պետք է մոտենալ, և ոչ թե՝ առանց այսրոպեական ինքնագովազդի՝ PR շահերից ելնելով:
Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժխնդրությունից ելնելով՝ հասավ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատմանը, որին պատերազմի ընթացքում վստահել էր:
Այն դեպքում, երբ Գասպարյանը և զինվորականները, հաշվի առնելով նաև պատերազմական վիճակը, Փաշինյանին չէին մեկուսացրել: Թե որքանո՞վ էին գեներալները ճիշտ կամ սխալ, տվյալ դեպքում խնդրո առարկան դա չէ, և այլ խոսակցության թեմա: