Ինչո՞ւ են անհիմն Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու պնդումները

«Անպիտան հրթիռների գործով» անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ կալանավորված մնալ-չմնալու հարցը կամ ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի 24-ին, քանի որ դեկտեմբերի 17-ին վերաքննիչ բողոքի քննությունը չի ավարտվել:

Նշենք, որ Տոնոյանի փաստաբանական խումբը ավելի վաղ տեղեկացրել էր, որ պաշտպանության նախկին նախարարին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումն ամբողջությամբ անհիմն է, չփաստարկված և չպատճառաբանված, ուստի մանրամասն առարկություններ ներկայացնելով՝ այն բողոքարկել են վերաքննության կարգով: Իսկ Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին:

Հավելենք, որ Դավիթ Տոնոյանի կալանքի երկարացման հարցը քննվել է 3 օր:

Արդյո՞ք ազատության մեջ գտնվելով պաշտպանության նախկին նախարարը, այսպես ասած, իրավական առումով կարող է վտանգ ներկայացնել իրենից, կամ միգուցե իշխանությունների համա՞ր «ռիսկեր» կան, 168.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց՝ քաղաքական առումով չեն ցանկանում որևէ հայտարարություն անել, այս պահին ճիշտ չէ:

«Այս պահին զերծ կմնանք գնահատական տալուց՝ իշխանություններն ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում Դավիթ Տոնոյանին ազատության մեջ տեսնել: Հույս ունենք, որ իշխանություններն այս գործի հետ կապված չեզոքություն են դրսևորելու: Ամեն դեպքում, որոշում կայացնողը դատարանն է, և քանի դեռ չունենք Վերաքննիչ դատարանի որոշումը, զերծ մնանք գնահատականներ տալուց: Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի ազատության մեջ գտնվելու իրավական կոնկրետ հիմքերին, միակ հիմնավորումը, որը դրված է Տոնոյանի կալանքի հիմքում, և որը վարույթն իրականացնող մարմինը և դատարանները մշտապես փորձել են հաստատել, թե քանի որ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա:

Բայց պետք է նշել, որ Դավիթ Տոնոյանը 2020 թվականի նոյեմբերից պաշտպանության նախարար չէ, նրանից հետո նախարարներ են փոխվել, բազմաթիվ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, երկրորդ՝ գործով անցնող անձինք որևէ կախվածության մեջ չեն գտնվում նրանից: Եվ շատ կարևոր մեկ այլ հանգամանք՝ գործով նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է, գործի նյութերը տրամադրվել են ծանոթացման, և նման պարագայում խոսել, որ նյութեր կարող են թաքցնել, կամ գործով անցնող անձանց վրա ազդեցություն գործադրել, իրատեսական չէ: Ըստ այդմ՝ մեր համոզմունքն այն է, որ չկա որևէ հիմք շարունակելու Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահել»,- մանրամասնեց Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կարևորում են ավիացիոն հրթիռների փորձաքննությունը:

«Որքան գործի նյութերին ծանոթանում ենք, էլ ավելի ենք համոզվում, որ դրա անհրաժեշտությունը միանշանակ է: Առանց դրա գնահատական տալը իրավաբանության հետ աղերս չունի»,- ընդգծեց նա:

Նշենք, որ նոյեմբերի վերջին, երբ դատարանում քննվում էր Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը, պաշտպանական կողմը բավականին հակափաստարկներ էր ներկայացրել ավիացիոն հրթիռների պահանջարկի լինել-չլինելու և պիտանիության վերաբերյալ:

«Օրինակ, ասում են, որ նշված սպառազինությունը ձեռք է բերվել առանց Պաշտպանության նախարարության պահանջարկը հաշվի առնելու, կոպիտ ասած, դա մեզ պետք չի եղել, բայց ձեռք է բերվել, մենք շատ կոնկրետ, լուրջ և հավաստի ապացույցներ ենք ներկայացրել դրա հետ կապված, որոնք որևէ կերպ չեն կարող հերքվել: Մենք բերել ենք լուրջ ապացույցներ, համապատասխան իրավական ակտեր, մասնագիտական լուրջ կարծիք՝ ոչ միայն պահանջարկի հետ կապված, որ այն եղել է, այլև՝ հրթիռների որակի հետ կապված: Այն, ինչ մեղսագրվում է Դավիթ Տոնոյանին, հավատացնում եմ, ընդամենը ենթադրությունների մակարդակում է, և մենք ստիպված ենք այդ ենթադրությունների դեմ պայքարել, ինչը, ամեն դեպքում, ըստ էության հաջող ստացվում է»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր Տոնոյանի պաշտպանը:

Հավելենք, որ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտնել էր, որ վարույթն իրականացնող մարմինը անկատար է թողել նշանակված դատանյութագիտական, պայթյունատեխնիկական-ապրանքագիտական համալիր փորձաքննությունը և դրա փոխարեն նշանակել է դատատեխնիկական փորձաքննություն:

«Դրա հետ միասին մինչ օրս Դավիթ Տոնոյանի մեղադրանքի վերաբերյալ քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, և հակառակը, սպառազինության պահպանման և շահագործման ցուցանիշների վերաբերյալ համապատասխան փորձաքննություն իրականացնելու մեր միջնորդությունը մերժվել է: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ փորձագետի եզրակացության մեջ և ամբողջ քրեական գործում շրջանառվում են սպառազինության շահագործման և պահպանության ժամկետների վերաբերյալ ՀՀ-ում չգործող, ՀՀ օրենսդրությամբ չվավերացված և չնախատեսված իրավական ակտեր և փաստաթղթեր, որոնք ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ որևէ կերպ չեն կարող դրվել որևէ մեկի, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի մեղադրանքի կամ քրեական պատասխանատվության հիմքում:

Դրանք ԽՍՀՄ և ՌԴ ներքին, ներպետական օգտագործման փաստաթղթեր են, որոնք երբեք չեն վավերացվել ՀՀ-ում և լավագույն դեպքում կարող են ունենալ զուտ խորհրդատվական նշանակություն: Դրան հակառակ, սպառազինության գնման գործարքից շատ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունում արձակվել է նախարարի համապատասխան հրաման, որով կարգավորվել են զինամթերքի պահպանության կամ շահագործման ժամկետների հետ կապված հարցերը, ինչն էլ դրվել է 2018 թվականին կատարված գնման հիմքում»,- նշվում էր տարածված հայտարարության մեջ:

168.amգրել էր, որ «անորակ հրթիռների» գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին ազատ են արձակել:

Դավիթ Տոնոյանի փաստաբանն ասաց, որ նա ցուցմունք է տվել իր իսկ մեղադրանքի շրջանակում:

«Մեր մեղադրանքին դա, մեծ հաշվով, չի էլ առնչվում, այլ առավելապես հենց իր մեղադրանքին է առնչվում»,- շեշտեց Տոնոյանի փաստաբանը:

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Հավելենք, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատեցին «անորակ հրթիռների» գործով անցնող և կալանքի տակ գտնվող Ստեփան Գալստյանին՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի:

Տեսանյութեր

Լրահոս