Աշխատանքից հեռացնում են խնդիրը բարձրաձայնելու համա՞ր. ի՞նչ է կատարվել Սոցապ նախարարության ՄՍԾ ԲՍՓ վարչությունում
Շաբաթներ առաջ 168.am-ն անդրադարձել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով վարչությունում տեղի ունեցած մի տարօրինակ միջադեպի. այս վարչությունում հրաժարվել էին վերափորձաքննել Արցախի Հանրապետության 9 ամսական երեխային:
Ի դեպ, դիպվածի մասին բարձրաձայնել էր հենց նույն վարչության գլխավոր մասնագետ Անի Բաբայանը: Նա վստահեցրել էր, որ վերափորձաքննության մերժումը պայմանավորված է եղել ՄՍԾ ԲՍՓ պետի տեղակալ Արմեն Դանիելյանի «քմահաճույքով», առանց որևէ իրավական հիմնավորման:
«Երկու նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, հիմք ընդունելով նաև հուշագիրը, Արցախի քաղաքացիների բողոքարկման և հսկողական կարգով վերափորձաքննությունները սույն թվականի մայիս ամսից իրականացվում է Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցների վարչության վերափորձաքննության բաժնի մասնագետների կողմից:
Եվ ահա, 2021թ. մայիս ամսից մինչ սեպտեմբեր ամիսն այդ գործընթացը տեղի է ունենում, հաջորդը նախատեսված էր 2021թ. հոկտեմբերի 27-ին, և Արցախից իր մայրիկի հետ Երևան էր ժամանել 9 ամսական մանկիկը, այդ ժամանակ վերափորձաքննության բաժնի մասնագետներին թույլ չէին տալիս դա իրականացնել՝ ասելով, որ այդ գործընթացը ոչ իրավաչափ է:
Հոկտեմբերի 28-ին պետի տեղակալ Արմեն Դանիելյանի կողմից ինձ այդ գործընթացը ոչ իրավաչափ որակելու հանձնարարություն է տրվում, իսկ իմ հակադրմանը, թե դրա համար իրավական հիմքեր չկան, ավելին` առկա է իրավաբանական վարչության գրավոր պատասխան առ այն, որ դա իրավաչափ է, և նա չի կարող այդպիսի գրություն նախապատրաստել, ասվում է, որ դա ունենալու է իր հետևանքները»,- մանրամասնել էր Անի Բաբայանը:
Այսօր տեղեկացանք՝ Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով վարչության գլխավոր մասնագետին ուղղված Արմեն Դանիելյանի՝ «հետևանքների» մասին զգուշացումը չի ուշացել. նրա նկատմամբ սկսված ծառայողական քննությունն ավարտվել է և որոշվել է կիրառել «ծառայության դադարեցում կարգապահական տույժը»:
«Դրան պետք է հաջորդի ազատման հրամանը: Իհարկե, կարող եմ եռօրյա ժամկետում բողոքարկել ՄՍԾ պետին, սակայն դա չեմ անում, որովհետև մինչ այս ՄՍԾ պետը՝ Էդուարդ Պետրոսյանը, նախապես ինձ կանչել էր, ասում էր, որ գրածս փոխեմ, ներողություն խնդրեմ, այլապես դա կավարտվի ծառայության դադարեցումով: Ես էլ ասացի՝ փաստորեն, ամեն ինչ կանխորոշված է մինչև սկսվելը:
Բայց իմ պահանջը ճիշտ էր՝ հայրենասիրական, իրավական ու բարոյական առումներով, և ես նախընտրել եմ արժանապատիվ կերպով հեռանալ, որոշումը վիճարկել դատարանում»,- նշեց Անի Բաբայանը՝ վստահեցնելով, որ իրավաբանները, որոնք ծանոթացել են գործին, այդ որոշումը որակել են իրավական անգրագիտություն:
Հավելենք, որ մեր զրուցակցի հավաստմամբ՝ ՄՍԾ պետի տեղակալ Արմեն Դանիելյանը վարչությունում տպավորություն է ստեղծում, որ գործում է վարչապետի անունից՝ վստահեցնելով, թե վարչապետի աշխատակազմից են իրեն գործուղել, որպեսզի կարգի բերի ծառայությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս միջադեպին՝ նախ պարզաբանեց, որ ՀՀ-ի և ԱՀ-ի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև փոխօգնության վերաբերյալ հուշագրի շրջանակում ՀՀ ԲՍՓ ստորաբաժանման կողմից պարբերաբար տրամադրվել է մասնագիտական օժանդակություն ԱՀ քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման մասով՝ հաշվի առնելով ԱՀ-ում համապատասխան մասնագետների սահմանափակության հետ կապված խնդիրը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ՄՍԾ ԲՍՓ աշխատակիցները կշարունակեն մասնակցել փորձաքննությանը՝ իբրև բժիշկ փորձագետներ՝ հանդես գալով ոչ թե՝ ՀՀ ՄՍԾ անունից, այլ՝ իբրև անկախ փորձագետներ, քանի որ ԱՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր բողոքարկման դեպքում ձևավորվում են անկախ փորձագետներով կազմված բողոքարկման հանձնաժողովներ:
«Այսինքն, այս համատեքստում Հայաստանի և Արցախի միջև գործընկերությունը չի փոխվել, այլ ստեղծվել են դրա իրականացման համար առավել ամուր իրավական հիմքեր: Անհրաժեշտություն էր առաջացել առավելագույնս ապահովել ողջ գործընթացի իրավական ընթացքը, որը միտված է պաշտպանելու նաև ԱՀ քաղաքացիների իրավունքները:
Ինչ վերաբերում է Ձեր նշած 9 ամսական երեխայի դեպքին՝ ասեմ, որ վերոնշյալ պարզաբանումները ներկայացվել են նաև արցախցի մեր շահառուին և վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կդիմի ԱՀ փորձաքննության՝ ներկայացնելով նոր բժշկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան գնահատելու անչափահաս երեխայի՝ այդ պահին առկա առողջական վիճակը: Այս հարցում որևէ կերպ արցախցի մեր հայրենակցի իրավունքները չեն խախտվել, իրեն ընթացակարգը ներկայացվել է, իր հետ համաձայնություն է ձեռք բերվել։
Ինչ վերաբերում է ՄՍԾ աշխատակցի նկատմամբ ծառայողական քննությանը՝ տեղեկացնեմ, որ քննության համար հիմք է հանդիսացել այն, որ Ծառայության համապատասխան բաժնի կողմից չի ապահովվել բաժնի կանոնադրությամբ սահմանված գործառույթի պատշաճ ընթացքը։ Քննության վերաբերյալ այլ մանրամասների տիրապետում է Միասնական սոցիալական ծառայությունը»,- մանրամասնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակը:
Վարչության գլխավոր մասնագետը, սակայն, չի ընդունում նախարարությունից հնչող պարզաբանումը, թե «չի ապահովվել բաժնի կանոնադրությամբ սահմանված գործառույթի պատշաճ ընթացքը»։
Նա պնդում է՝ գործել է իրավակարգավորումների համաձայն.
«Ինձ հանձնարարվել է գրել, թե գործընթացը ոչ իրավաչափ է՝ մինչդեռ նախկինում էլ այդ նույն գործընթացն արել էինք ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ. ստացվում է՝ ինձ հանձնարարել են նախարարի հանձնարարությունը համարել ոչ իրավաչափ. ես նման լիազորություն չունեմ: Ընդհանրապես գործընթացի ոչ իրավաչափությունը որոշելն իրավաբանի գործ է. ես բժիշկ եմ, իսկ իրավաբանը տվել է իր գրավոր պատասխանը, որ դա իրավաչափ է: «Mulberry» համակարգում կա մեր իրավաբանի գրավոր պատասխանը, որ այդ գործընթացն իրավաչափ է:
Այդուհանդերձ, ուրախ եմ արձանագրել, որ պայքարս տվեց որոշ դրական արդյունք, դիտարկումներս, որ ներկայացրել էի նախարարություն, որոշ չափով հաշվի են առել, և համագործակցությունն Արցախի հետ շարունակվելու է, այն էլ` շուտով, դեկտեմբերի 29-ին, ճիշտ է, մի փոքր այլ ձևաչափով, բայց կարևորը` արցախցիներն այս պահին մենակ չեն»:
168.am-ը գրավոր հարցում կուղարկի նաև Միասնական սոցիալական ծառայություն՝ ծանոթանալու նաև ծառայության պետի պարզաբանումներին:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմինները դեռևս 2009 թվականից համագործակցել են։
Ավելին՝ հետպատերազմյան շրջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունները 2021 թվականի ապրիլի 17-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: