Խախտել են 9 ամսական երեխայի իրավունքները. Ահազանգում է նախարարության գլխավոր մասնագետը
Ինչո՞ւ են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով վարչությունում հրաժարվել վերափորձաքննել Արցախի Հանրապետության 9 ամսական երեխային. այս հարցը հնչեցնում է հենց վարչության գլխավոր մասնագետ Անի Բաբայանը:
168.am-ի հետ զրույցում Անի Բաբայանը բացեց փակագծերը՝ մասնավորապես տեղեկացնելով՝ ՄՍԾ ԲՍՓ պետի տեղակալ Արմեն Դանիելյանի «քմահաճույքով» վարչությունում մերժել են հետազոտել Արցախից Հայաստան եկած ընտանիքի երեխային: Վարչության գլխավոր մասնագետը պնդում է՝ մերժումը չունի որևէ իրավական հիմնավորում, քանի որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմինները դեռևս 2009 թ.-ից համագործակցել են, ավելին՝ հետպատերազմյան շրջանում, ձգտելով ընդլայնել երկու նախարարությունների միջև բազմակողմանի համագործակցությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունները 2021 թվականի ապրիլի 17-ին ստորագրել են համագործակցության հուշագիր:
«Ի դեպ, 2021թ. ապրիլի 1-ին Արցախում ձևավորվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, և Արցախի քաղաքացիները հնարավորություն են ունենում Արցախում անցնել փորձաքննությունը, սակայն յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի բողոքարկել այդ որոշումը (հետպատերազմյան Արցախում վերափորձաքննության բաժին ձևավորելը բարդ է, քանի որ կա կադրերի պակաս):
Երկու նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, հիմք ընդունելով նաև հուշագիրը, Արցախի քաղաքացիների բողոքարկման և հսկողական կարգով վերափորձաքննությունները սույն թվականի մայիս ամսից իրականացվում է Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցների վարչության վերափորձաքննության բաժնի մասնագետների կողմից»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ գործընթացն իրականացվել է օրենսդրության, իրավական ակտերի շրջանակներում: Բացի այդ, գործառույթն իրականացնելու համար ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կամ փոխնախարարի գրավոր հանձնարարությունը:
«Եվ ահա, 2021թ.-ի մայիս ամսից մինչ սեպտեմբեր ամիսը այդ գործընթացը տեղի է ունենում, հաջորդը նախատեսված էր 2021թ. հոկտեմբերի 27-ին, և Արցախից իր մայրիկի հետ Երևան էր ժամանել 9 ամսական մանկիկը, այդ ժամանակ վերափորձաքննության բաժնի մասնագետներին թույլ չէին տալիս դա իրականացնել, ասելով, որ այդ գործընթացը ոչ իրավաչափ է: Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2021թ. մայիս ամսից մինչև տվյալ օրը` հոկտեմբերի 27-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և ոլորտը համակարգող փոխնախարարը եղել են նույն անձինք` Նարեկ Մկրտչյանը և Տաթևիկ Ստեփանյանը:
Հոկտեմբերի 28-ին պետի տեղակալ Արմեն Դանիելյանի կողմից ինձ այդ գործընթացը ոչ իրավաչափ որակելու հանձնարարություն է տրվում, իսկ իմ հակադրմանը, թե դրա համար իրավական հիմքեր չկան, ավելին` առկա է իրավաբանական վարչության գրավոր պատասխան առ այն, որ դա իրավաչափ է, և նա չի կարող այդպիսի գրություն նախապատրաստել, ասվում է, որ դա ունենալու է իր հետևանքները»:
Ինչպես տեղեկացանք՝ Անի Բաբայանին ուղղված «հետևանքների» մասին Արմեն Դանիելյանի զգուշացումը չի ուշացել. նրա նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն:
Ցայսօր, սակայն, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով վարչության գլխավոր մասնագետը չի հասկանում, թե ինչո՞ւ փորձաքննության չեն ենթարկել Արցախի 9 ամսական քաղաքացուն և ինչո՞ւ հարցի մասին նախարարին ուղղված իր նամակը համապատասխան արձագանք չի ունեցել:
168.am–ը փորձեց կապ հաստատել նաև Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով վարչության պետի տեղակալ Արմեն Դանիելյանի հետ, սակայն վարչության միակ՝ 060 65 28 72 հեռախոսահամարով մեր զանգերը մնացին անպատասխան:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից խոստացան ուսումնասիրել դեպքը և մեր հարցադրումներին արձագանքել ավելի ուշ: