Բաժիններ՝

Պետք է հասկանանք, որ եթե չենք բրենդավորում՝ բիզնեսին էլ ենք վնասում, թացն ու չորը խառնվում են իրար. ո՞ր դեպքում կարող ենք ասել, որ ապրանքն «Արտադրված է Հայաստանում»

Ֆեյսբուքյան «Հանուն Հայկականի» խմբի անդամներից մեկը գրել էր, որ ուզբեկական կտորի և հայկական կարի անվան տակ շուկայականից թանկ պատվիրել է սպիտակեղեն, մի քանի անգամ լվանալուց հետո made in Armenia գրվածը մաքրվել է, փոխարենը՝ տակից բացվել է Made in Turkey-ը: Օգտատերը նաև լուսանկար էր հրապարակել, ինչպես նաև հաղորդագրությունից հատված:

168.am–ը կապ էր հաստատել արտադրողի՝ «Mayilyan’s Bedding» ընկերության հետ, որտեղից պարզաբանել էին, որ ՀՀ-ում կտոր չի արտադրվում, իսկ իրենց բերած կտորն արտադրվում է Չինաստանում, այնտեղից ներկրվում է Ռուսաստան, ապա գալիս-հասնում է Հայաստան: Թե հիմա Չինաստանում ով՝ ինչ է անում՝ չգիտեն:

Նրանք նշեցին նաև, որ կտորը, որը նկարած է, իրենց մոտից չէ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ իրենք ևս նման բողոքներ ստացել են, բայց որպեսզի կարողանանք արդյունք ստանալ՝ պետք է կարգավորումներ լինեն, պարզ լինի, թե որ դեպքում ապրանքը պետք է կոչվի հայկական:

«Տեսեք, եթե հայկական սուրճ ենք ասում՝ պարզ է, որ մենք սուրճի հումք չունենք, չէ՞, սուրճը բերում ենք, մշակում ենք, բովում, աղում, փաթեթավորում և անվանում ենք հայկական առաջին, երկրորդ կամ 5-րդ սուրճ: Մենք լիմոնադի հումք էլ չենք ստանում:  Այն ներմուծում ենք Ռուսաստանից, Գերմանիայից կամ Չինաստանից և ստանում ենք հայկական լիմոնադ: Հիմա կան դեպքեր, որ բաղադրիչներից 1-2-ը, կարող ենք ենթադրել, որ կարող է դրսից լինել, բայց միևնույն է՝ իրավունք տանք կոչել հայկական: Սակայն որոշ դեպքերում կարող ենք արգելել: Օրինակ, եթե մոլդովական սպիրտով կոնյակ են արտադրում, կարող ենք թույլ չտալ, որովհետև հայկական խաղող մենք շատ ունենք, ու հումքը կարող են օգտագործել՝ կոնյակ ստանալու համար: Դրա համար անհրաժեշտ է, որ պատկան կառույցներն իրականացնեն համապատասխան մոնիտորինգ, և, ի վերջո, «Արտադրված է Հայաստանում» մակնշումը դարձնեն բրենդ, կոնկրետ դեպքերի համար լինեն կոնկրետ չափանիշներ, որպեսզի իմանան՝ երբ կարող են դրանից օգտվել, երբ՝ ոչ: Եթե խաղի կանոններ չես սահմանում՝ հետո չես կարող ինչ-որ բանի հետևից գնալ»,- նկատեց Բաբկեն Պիպոյանը:

Նա շեշտեց՝ պետք է չափանիշներ սահմանել՝ դրանք համադրելով բիզնես ռիսկի հետ:

«Եթե իտալական կտոր լիներ՝ վերը բերված օրինակի դեպքում ոչ ոք չէր ասի՝ ինչո՞ւ է գրած հայկական: Այսինքն, խորը պետք է ուսումնասիրել ու ճշգրիտ եզրակացություններ անել: Իսկ մենք բարդ աշխատանք տանել չենք սիրում: Իդեալական ճշգրտությամբ պետք է հաշվարկել, որպեսզի ոլորտային ռիսկերը տարանջատվեն: Օրինակ, կաթնամթերքի դեպքում պետք է մտածել լուծում, որ տեղական թարմ կաթով և ոչ թարմ կաթով արտադրանքները տարանջատվեն՝ զուտ «Արտադրված է Հայաստանում» մոտեցումով: Գինու արտադրությունը կամաց-կամաց վերականգնվում է, բայց մենք երկար տարիներ խտանյութեր ենք ներմուծել:

Շատ հստակ կարմիր գծեր պետք է լինեն, որից այն կողմ «Արտադրված է Հայաստանում» մակնշումը չպետք է լինի: «Արտադրված է Հայաստանում»-ը պետք է լինի բրենդային մակնշում, ու կարող են օգտագործել, եթե համապատասխանում է  այս կամ այն կետերին, ու որևէ պետական պաշտոնյա չի կարող ասել՝ ԵԱՏՄ-ն մեզ արգելում է: Դա մեր խիստ չափորոշիչն է: Պետք է հասկանանք, որ եթե չենք բրենդավորում՝ բիզնեսին էլ ենք վնասում, չորն ու թացը խառնվում է իրար: Չենք կարող Գավառի քյուֆթայի փոխարեն Էջմիածնից բերենք ու ասենք՝ Գավառի է: Ի վերջո, բացի աշխարհագրական մակնշումը, հայկական բրենդավորում ասվածը պետք է խիստ կանոնակարգենք: Այնպես պետք է չափորոշիչներ սահմանենք, որ անգամ աշխարհում հասկանան, որ եթե մտնում են Հայաստան՝ փնտրեն այն ապրանքը, որի վրա կա «Արտադրված է Հայաստանում» մակնշումը»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս