«Լվանալուց հետո Made in Armenia-ն մաքրվում է և հայտնվում՝ Made in Turkey». օգտատերը դժգոհում է, ընկերությունը հերքում՝ թուրքական չէ, չինական է
Ֆեյսբուքյան «Հանուն Հայկականի» խմբի անդամներից մեկը գրել է. «Ուրեմն՝ ուզբեկական կտորի և հայկական կարի անվան տակ շուկայականից թանկ պատվիրել եմ սպիտակեղեն, մի քանի անգամ լվանալուց հետո made in Armenia գրվածը մաքրվել է, փոխարենը տակից բացվել է սա։ Իսկ ես էնքան էի ուրախացել, որ վերջապես գտնվել է մի արտադրող, ով մեկ օրում կարեց, շատ բարեհամբույր առաքեց սպիտակեղենը, ոչինչ, որ ավելի թանկ, քան սովորաբար է, բայց պատրաստվում էի միշտ օգտվել իրենից, բայց արի ու տես, որ արտադրողը մտածել է, որ կյանքումս այս մի սպիտակեղենն է ինձ պետք, կամ վստահ էր, որ չի մաքրվի Made in Armenia գրվածը, կամ իրեն պետք էր այդ մի ձեռք սպիտակեղենը վաճառել, կամ էլ ուղղակի թքած ունի մեզ վրա։ Ես շատ վիրավորված եմ, որովհետև մի քանի անգամ հատուկ զանգով ճշտել եմ, ասենք՝ գոնե այնքան թքած չունենար, որ այս մի սմ հատվածը կտրեր, մի բան աներ, չգիտեմ, չնայած մյուս կողմից ուրախ եմ, որ չի ֆայմել էդքանը, որովհետև կշարունակեի գնել իրենից մշտապես։ Հուսամ կարդում է, ու հոգու խորքում մի տեղ զղջում։ Մեկ հորդոր ևս՝ հայկականի անվան տակ թուրքական վաճառելն էդքան չկա, որ ստեք, մի ստեք էլի, հիմա ես արդեն կասկածում եմ բոլորին, ու ստիպված պետք է սպիտակեղենն էլ այլ երկրի արտադրության սկսեմ գնե՞լ։»։
Օգտատերը, ի դեպ իր գրառման մեջ նշել էր իր գնած սպիտակեղենը արտադրող ընկերության անունը և լուսանկար:
168.am–ը կապ հաստատեց արտադրողի՝ «Mayilyan’s Bedding» ընկերության հետ՝ պարզելու այն հարցերի պատասխանները, որոնք բարձրացրել էր ֆեյսբուքյան օգտատերը: Ահա թե ինչ պարզաբանեցին՝ մեր հարցերին ի պատասխան.
«ՀՀ-ում կտոր չի արտադրվում: Մեր բերած կտորն արտադրվում է Չինաստանում, այնտեղից ներկրվում է Ռուսաստան, ապա գալիս, հասնում է Հայաստան: Թե հիմա Չինաստանում ով ինչ է անում՝ չգիտենք: Ասենք, որ այդ կտորը, որը նկարած է, մեր մոտից չէ: Թող ամբողջ նամակագրությունը հրապարակեն, տեսնենք՝ ում հետ է արվել: Հայաստանում կլյաուզան մոդա է դարձել: Ինչ վերաբերում է կտորին, եթե մեծամասնությունը դա ներկայացնում է որպես սատին և բամբուկ, ապա մենք անգամ սատինի անունը չենք շեշտում, որովհետև կա թուրքական և պարսկական սատին: Բամբուկն ու սատինը իրար հետ որակապես ընդհանրապես համեմատելի չեն: Սար ու ձորի տարբերություն է, սատինը որակով շատ ավելի լավն է ու գինն էլ կրկնակի թանկ է: Բամբուկին կպցնում են սատին անունը, բայց մեզ մոտ միայն բամբուկ է»: