Ժողովուրդը հանգիստ չի նստելու իր տեղը. Հակոբ Ավետյան

«Սոթքի հատվածում ուժեղ կրակոցներ են եղել, Պն-ն հաստատել է նաև զոհի և վիրավորների մասին լուրերը: Իրավիճակը ցույց է տալիս, որ թուրքերը միշտ էլ կարողանում են ագրեսիա իրականացնել»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Նա նշեց, որ թեև բնակչության շրջանում խուճապ չկա, սակայն մտահոգություններն ու անհանգստությունները շատ են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։

Քանի որ երեկ Հակոբ Ավետյանը միացել էր վարդենիսցիների բողոքի ակցիային, նրան խնդրեցինք նաև անդրադառնալ վարդենիսյան հետընտրական գործընթացներին: 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին չէր հաջողվել հաղթել ու ստանալ 50+1 վստահության քվե, որի արդյունքում «Միասնական Վարդենիս» դաշինքը և «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը Վարդենիսում կոալիցիոն իշխանություն ձևավորելու հնարավորություն էին ստացել և կոալիցիա կազմելու հայտարարություն տարածել։

Ընտրություններից 4 օր անց հայտնի դարձավ, որ ընդդիմադիր թեկնածուներից Արամ Հարությունյանը ձերբակալվել է, ինչը դրդել էր վարդենիսցիներին փողոց փակել ու պահանջել ազատ արձակել վերջինիս։

Գեղամասար համայնքի ղեկավարը համոզված է՝ Արամ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը կապված է քաղաքական, հետընտրական գործընթացների հետ:

«Եթե հանկարծ բաց չթողեցին թեկնածուին, ժողովուրդը հանգիստ չի նստելու իր տեղը: Ժողովրդի պահանջն է, որպեսզի կառավարությունը հաշվի առնի, հարգի ժողովրդին, ընտրության արդյունքները հաշվի առնի՝ ոչ թե ճնշման միջոցով, ձերբակալելով, կալանավորելով փորձեն ինչ-որ քաղաքապետ անցկացնել՝ էն էլ այն տարածքում, որտեղ ամեն օր  պատերազմի վտանգ կա, կրակոցներ կան, զոհեր կան»,- ասաց Հակոբ Ավետյանը:

Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները երեկ ևս սադրանքի էին դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում էր ստացել երկու զինծառայող։

Տեսանյութեր

Լրահոս