Երբ վիրուսը շատ է տարածվում, մուտացիայի հավանականությունը մեծանում է, և երբ ասում ենք՝ պատվաստվե՛ք, պատճառներից մեկն էլ սա է. մասնագետ
Եվրոպական մի շարք երկրներում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպքերը, որին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում տվել են «օմիկրոն» անվանումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նշել են, որ COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագա տարածման հավանականությունը բարձր է: ԱՀԿ-ում հավելել են, որ ընդհանուր ռիսկերը, որոնք կապված են վիրուսի նոր տարբերակի հայտնվելու հետ, գնահատվում են՝ որպես շատ բարձր: Մի քանի օր առաջ գիտնականները հաղորդել էին Բոտսվանայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կորոնավիրուսի B.1.1.529 շտամի հայտնվելու մասին, որը պարունակում է S-սպիտակուցի 32 մուտացիա:
Հետազոտողների կարծիքով, SARS-CoV-2 գենոմի մեջ նոր փոփոխություններից շատերը մատնանշում են այդ տարատեսակի բարձր փոխհաղորդակցումը և կայունությունը հիվանդացած անձանց պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ, թեև դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել:
Մասնագետներն այն կարծիքին են, որ B.1.1.529-ն սկզբում զարգացել է թույլ իմունիտետ ունեցող մարդու օրգանիզմում, հավանաբար՝ ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդի:
Մի քանի հիվանդներ կան Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, ինչպես նաև, ենթադրվում է՝ Նիդեռլանդներում և Ավստրիայում: Այդ բոլոր դեպքերը բերովի են:
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ կորոնավիրուսի մուտացիան սպասելի էր:
«Տեսեք, վիրուսները մուտացիայի են ենթարկվում: Կորոնավիրուսի մուտացիան ակնկալելի էր, որևէ արտառոց բան չկա: Բայց մուտացիան ե՞րբ է տեղի ունենում՝ այն ժամանակ, երբ վիրուսը շատ է տարածվում, այնքան մուտացիայի հավանականությունը մեծանում է, և երբ ասում ենք՝ պատվաստվե՛ք, պատճառներից մեկն էլ սա է. դրանով նպաստում ենք, որ այն չտարածվի, ու նվազեցնում ենք իր մուտացիայի հնարավորությունը: Միգուցե ոչ այդքան շատ, բայց մեկ է՝ պատվաստված մարդիկ շատ ավելի պաշտպանված են լինելու: Դրա համար այս համատեքստում պատվաստումը մնում է կրկին արդիական, ու որքան էլ մեծ մուտացիա է տեղի ունեցել, այնուամենայնիվ, պատվաստումն անգամ եղած պատվաստանյութերով, մեկ է՝ արդյունք է տալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հանրային առողջության մասնագետը:
Սոցիալական հարթակներում հաճախ են հայտնվում գովազդներ, թե կորոնավիրուսի «Դելտա» շտամի դեմ արդյունավետ լուծում՝ կենսաբանական ակտիվ հավելում է հայտնաբերվել, որը վերականգնում է իմունային համակարգը և ախտահարված թոքերը։
Դավիթ Մելիք-Նուբարյանից հետաքրքրվեցինք՝ օգտվելու դեպքում արդյո՞ք սա չի վնասելու մարդկանց, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ողջամտությունը և կենսաբանական ակտիվ նյութերի պատմությունը հուշում են, որ դրանք չեն կարող մեծ ազդեցություն ունենալ կոնկրետ վիրուսի դեմ: Պետք է զգույշ լինենք, որ չստացվի այնպես, որ որոշ մարդիկ, օգտվելով մեր հասարակության խոցելիությունից՝ գումար աշխատեն:
Դիտարկմանը, թե մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակված մարդիկ մեկ դեղաչափով են պատվաստվում, Հայաստանում ինչո՞ւ այդպես չէ, Հանրային առողջության մասնագետն արձագանքեց.
«Եվրոպական 14 երկիր հիվանդացած-լավացածներին առաջարկում է մեկ դեղաչափ, 15 երկիր ստանդարտ երկու դեղաչափ է առաջարկում: Երկու մոտեցումներն էլ կիրառելի են, ու մեկ կամ երկու դեղաչափ առաջարկելը բուժական իմաստ չունի, սա կազմակերպչական որոշում է: Այդպես են անում, որ 2-րդ դեղաչափերը հասանելի լինեն այլ մարդկանց: Կարող ենք ասել, որ ԵՄ երկրների կեսը մի դեղաչափ է առաջարկում, մյուս կեսը՝ երկու, ու որոշումն ունի կազմակերպչական հիմքեր, ոչ թե առողջապահական»: