Սա օրենք է մի մարդու դեմ քննադատությունը կանխելու համար, բայց այն իր նպատակին չի ծառայելու. Աղվան Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ լիագումար նիստում ներկայացրել են քրեական և քրեադատավարական օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ էության, ենթադրում է ծանր վիրավորանքների քրեականացման մասին օրենքի չեղարկում: Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ օրինագծի նպատակը քրեական հետապնդման միջոցով հանրային ելույթների, խոսքի ազատության սահմանափակումն է:

Հարցով հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց՝ 7-րդ  գումարման խորհրդարանը «վերջին շնչում»  ընդունել է ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքի նախագիծը, որն արդեն գործում է։

«Ակնհայտ է, որ այդ օրենքն ունի լրջագույն հիմքեր, պրոբլեմներ Սահմանադրության և Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել. իրականում ունեցել է մեկ նպատակ՝ սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը՝ հատկապես հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքական անձանց դեպքում»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Հիշեցնելով արդարադատության նախարարի ծանուցումն այն մասին, որ օրենքի գործադրման ժամանակ արդեն իսկ հարուցվել են 106 գործեր, որոնցից վարույթ են ընդունվել 18-ը, պատգամավորը վստահեցրեց, որ այդ օրենքը մեկ մարդու դեմ քննադատությունը սահմանափակելու համար է:

«Վստահ եղեք, որ 18 վարույթում գտնվող գործերից բոլորը վերաբերում են հենց այդ մեկ մարդուն»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ նկատելով, որ օրենքում կան գնահատողական ձևակերպումներ, ինչը ենթադրում է կամայական մոտեցումներ:

Տեսանյութեր

Լրահոս