Տականքը

Տականք կա բոլոր հասարակություններում, մարդկային բոլոր խմբերում, ցեղերում ու գերդաստաններում։

Պետություններն ու հասարակությունները, ցեղեր ու գերդաստանները առողջ կամ հիվանդ են նաև նրանով, թե ինչպես են կառավարում տականքին, որքանով են տականքին պահպանում թույլատրելի սահմանում կամ հակառակը՝ հանդուրժում տականքի անցումը դեպի ավելի վերին տիրույթներ։

Իրեն հարգող գերդաստանը տականքին չի նստեցնում սեղանի պատվավոր տեղում, ինչպես որ պատվարժան ցեղը տականքին չի թաղում արժանիորեն։

Մեր խնդիրներից մեկն այն է, սակայն, որ մեր գերդաստաններում ու ցեղերում տականքին զսպելով, մեզ թվում է, թե կարող ենք նորմալ պետություն ունենալ՝ տականքին իշխանությանը մոտ թողնելով ու որոշումների կայացման իրավունք տալով։

Այդպես չի լինում՝ ըստ սահմանման և բնականորեն, քանի որ տականքին ոչ միայն չսանձող ու իր տեղը ցույց չտվող, այլև պետության վերևներ հասցրած հասարակությունը չի կարող գոնե տանելի երկիր ունենալ։ Որովհետև, ինչպես ցեղերում ու գերդաստաններում, այնպես էլ ու առավել ևս՝ պետության մեջ, տականքը ոչ թե ձգտում է բարձրանալ իր ցեխափոսից, այլ իրենից վեր գտնվող ամենայնը քաշում է դեպի գարշահոտություն։

Հիմա Հայաստանի հետ տեղի է ունենում հենց այդ գործընթացը։ Տականքը պետությունը քաշում է դեպի ճահիճ, Հայաստանը նեխում է ամեն օրվա հետ, որովհետև բոլոր նրանք, ովքեր պետք է թույլ չտային տականքի պաշտոնականացումը, զբաղված են կամ այս գարշահոտմանը պասիվ հետևելով, կամ տականքի հետ ստվերային հարաբերություններով՝ ճահճում ավելի հարմարավետ տեղ ունենալու ճղճիմ մղումով։

Հայաստանը չի նեխում միանգամից ու ակնթարթորեն։

Պետությունը, մարդկային օրգանիզմի հանգույն, կարող է ենթարկվել ու հիմա ենթարկվել է փտախտի, ու ներկայումս տեղի է ունենում նրա անդամահատումը։

Սկզբում Արցախն էր, հետո՝ Սյունիքի ճանապարհները, հետո գալու է միջանցքի հերթը, վերջում գուցե կլինեն անկլավները…

Բայց եթե հիվանդի պարագային երբեմն փրկություն լինում է, ու թեկուզ անդամահատված, բայց կյանքը շարունակվում է, ապա պետության պարագան դրանցից չէ։ Որովհետև տականքը զբաղեցրել է հենց բժշկողների տեղը և անդամահատում է ոչ թե առողջացնելու, այլ վերջնական վախճանն արձանագրելու նպատակով։

Այս անելանելի թվացող վիճակից միակ տեսական ելքը տականքին իր տեղը վերադարձնելն է։

Բայց դա չի կարող տեղի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական կոչվող օրակարգը լցված է տականքի առանձին ներկայացուցիչների այս կամ այն ցնդաբանության քննարկմամբ ու քննադատությամբ, իրականում նույն տականքի ամրապնդմանը ծառայող աղմուկով կամ դրա իմիտացիայով։

Իսկ ընտրության տարբերակները շատ չեն, ինչպես և ժամանակը։

Կամ տականքը պետք է վերադարձվի իր ելման կետը, կամ պետությունը վերջնականապես կհայտնվի ճահճում, և տականքը կշարունակի գարշահոտ խրախճանքը շատ երկար ժամանակ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս