Ո՞վ է փորձում մոլորեցնել սպառողին. հիմա սակագինն իջնո՞ւմ է, թե՞ բարձրանում

Երևանում օրերս «Ռենկո» ընկերության կողմից կառուցված նոր ջերմային էլեկտրակայանի բացումից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ կայանի շահագործումը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Նախարարի այդ հայտարարությունից շատ չանցած, ընդամենը 2 թե 3 օր հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը խոսեց հաջորդ տարվա սկզբից էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացման մասին։

Թե այս երկու պաշտոնյաներից ո՞վ է կեղծում իրականությունը և փորձում մոլորեցնել հասարակությանը, շուտով բոլորի համար պարզ կլինի։

Մի բան, ամեն դեպքում հստակ է՝ սակագները որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Իսկ Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։

Սակագնի բարձրացման հավանականությունը Գարեգին Բաղրամյանը կապում է 2 հիմնական գործոնների հետ։ Խոսքը Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շուրջ ստեղծված իրավիճակի և ատոմակայանի վարկի մարման ֆինանսական ապահովվածության մասին է։

«Հրազդան 5»-ի հետ կապված իրավիճակը նոր չէ և առաջացել է այն պատճառով, որ կառավարությունը չի կարողացել ժամանակին կատարել այդ ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորությունները։

Կայանը պիտի աշխատեր Իրան-Հայաստան էներգափոխանակումների ծրագրի շրջանակներում և արտադրված էլեկտրաէներգիայի կեսը մատակարարեր Իրան։ Դա պիտի արվեր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի միջոցով։ Այդ գիծը վաղուց պիտի պատրաստ լիներ, բայց այսօր էլ պատրաստ չէ ու հայտնի չէ, թե երբ պատրաստ կլինի շահագործման։

Կառավարությունը թերացել է իր ստանձնած պարտավորություններում, չի ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչի հետևանքով կայանը չի կարողացել անհրաժեշտ հզորությամբ աշխատել։ Աշխատել է հզորությունների ընդամենը 30 տոկոսի շրջանակներում, ինչի հետևանքով վնասներ է կրել ու բավական լուրջ պարտքեր կուտակել։ Խոսքը շուրջ 100 մլն դոլարի մասին է։

Բացի այդ՝ ևս 16 մլն եվրոյի խնդիր է առաջացել գազատուրբինի վերանորոգման համար։

Այս խնդիրների պատճառով կայանը դադարեցրել է աշխատանքը, ու դրա թիվ 1 մեղավորը կառավարությունն է, որը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։

Հիմա կառավարությունը տարբերակներ է փնտրում՝ ընկերության կրած վնասները փոխհատուցելու համար։ Իսկ փոխհատուցողը կրկին լինելու է սպառողը՝ բնականաբար, սակագների բարձրացման տեսքով։ Այն, ինչ ակնարկում է Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Ստացվում է, որ կառավարությունը թերացել է իր պարտականությունների կատարման մեջ, իսկ դրա հետևանքները կրելու են սպառողները։

Մյուս խնդիրը, որը մեծացրել է ճնշումը էլեկտրաէներգիայի սակագների վրա, կապված է ատոմակայանի վերակառուցման վարկի հետ։

Ինչպես հայտնի է, կայանի երկրորդ էներգաբլոկի տեխնիկական վերազինման և շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով Ռուսաստանը հատկացրել էր 270 մլն դոլարի վարկային և 30 մլն դոլարի դրամաշնորհային միջոցներ։ Գումարի շրջանակներում էներգաբլոկի վերազինումը և վերաթողարկումը պիտի ավարտվեր դեռևս 2019թ. և սկսվեր վարկի մարումը։

Բայց այս դեպքում էլ, կրկին կառավարության մեղքով, աշխատանքները գրեթե 2 տարով ուշացել են։

Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը ցանցին միացվեց այս տարվա հոկտեմբերի 17-ին։ Ընդ որում՝ մի քանի օր ուշացումով, ինչը ևս լրացուցիչ ֆինանսական ճնշում է էներգետիկ համակարգի վրա։ Ատոմակայանի յուրաքանչյուր չաշխատած օրը հարյուր-հազարավոր դոլարի վնասներ է բերում էներգահամակարգում՝ հաշվի առնելով, որ այն էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է։

Բայց խնդիրն այս պահին ավելի շատ կապված է ատոմակայանի վարկի սպասարկման հետ։

Ի սկզբանե հաշվարկվել էր, որ վարկի սպասարկումը լրացուցիչ բեռ չի լինելու սակագների վրա։ Դրա համար հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ տեխնիկական վերազինումից հետո էներգաբլոկի հզորությունը 10-15 տոկոսով ավելանալու է։ Այսինքն՝ այն սկսելու է ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել և ստացված լրացուցիչ եկամուտների հաշվին փակելու է վարկը։

Սակայն վերազինման աշխատանքների ուշացման պատճառով, դա էլ չի հաջողվել։

Ուստի անհրաժեշտ ֆինանսական հոսքեր ապահովելու համար՝ ակնկալվում է վերանայել նաև ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը։

Այս 2 հիմնական գործոնների հետևանքով՝ սպասվում է, որ հոսքը կթանկանա։

Վերջին անգամ էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում վերանայվել և բարձրացել էր անցած տարվա փետրվարին։ Հիմա բնակչության համար ցերեկային սակագինը՝ 44,98, գիշերայինը՝ 34,98 դրամ է։

Թե ինչքա՞ն կդառնա հաջորդ տարվա փետրվարից, պարզ կլինի մինչև այս տարվա վերջ։

Ի տարբերություն էլեկտրաէներգիայի, հաջորդ տարվա սկզբին գազի սակագնի բարձրացում չի սպասվում։ Բայց դա կարող է լինել արդեն տարվա կեսին։ Գազի գնի շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռևս շարունակվում են և առայժմ պարզ չէ, թե դրանք ինչով կավարտվեն։

Ամեն դեպքում գազամատակարարման ոլորտում սակագնային տարին ավարտվում է հուլիսի 19-ին։ Ու եթե չհաջողվի բանակցությունների արդյունքում առնվազն անփոփոխ պահել ռուսական գազի ներմուծման գինը, ապա կլինի նաև ներքին սակագների վերանայում։

Ինչ վերաբերում է ջրին, ապա այլևս հայտնի է, որ հունվարի 1-ից այն կթանկանա ավելի քան 11 տոկոսով։

Ավելորդ չէ ասել, որ հանրային ծառայությունների սակագների ցանկացած բարձրացում լրացուցիչ ֆինանսական բեռ է հասարակության գրեթե բոլոր խավերի վրա, ու դա ունենալու է սոցիալական հետևանք։ Այն էլ սպառողական ապրանքների այսպիսի համատարած թանկացումների պայմաններում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս