Երկրաշարժից 33 տարի անց մասնագետներն ահազանգում են՝ շենքերի 80 տոկոսը բարձր խոցելի է

1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25․000 մարդ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։ Ու թեև Սպիտակի երկրաշարժից հետո հանրապետության ողջ տարածքում վերանայվեց սեյսմիկ վտանգի մակարդակը, խստացրին նորակառույց շենքերի սեյսմակայունությանն ուղղված պահանջները, այդուհանդերձ աղետից 33 տարի անց դարձյալ մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանը պատրաստ չէ դիմագրավելու Սպիտակի երկրաշարժի ուժգնության երկրաշարժի։

Նկատենք՝ այս տարում արձանագրված երկրաշարժերը ևս մեկ անգամ փաստեցին՝ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն կա:

«Ով իրազեկված է, նա պաշտպանված է»,- ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ահա այս վստահ համոզումով է տարիներ շարունակ բարձրաձայնում սեյսմիկ խնդիրներին դիմակայելու անհրաժեշտության մասին:

168.amի հետ զրույցում նա հիշեցրեց՝ ոչ միայն Սպիտակի երկրաշարժը, այլև, առհասարակ, ողջ պատմությունն ապացուցել է, որ մեր երկրում հնարավոր են 9 և ավելի բալ ավերիչ երկրաշարժեր.

«Առաջարկում էի, որ Դեկտեմբերի 7 փոխվի հիշատակի և աղետների դիմակայության օրվա, ինչը և եղավ, որպեսզի մեր երկիրն իր կյանքի ծրագիրը դարձնի դիմակայունության, աղետների կառավարման ծրագիր»:

Նիկոլայ Գրիգորյանը նշեց նաև աղետների և ռիսկերի կառավարման միջազգային փորձի մասին՝ ցավով արձանագրելով, որ մեր երկիրն այսօր չունի դիմակայունության ծրագիր, և քաղաքացուց մինչև պետական պաշտոնյա չունեն աղետներին դիմագրավելու միասնական զգացողությունը:

«Մենք այնպես լինենք, որ փորձությունը գալուց, փորձանքի նման մեր գլխին չփլվի, այլ կարողանանք հաղթահարել՝ մյուս դիմակայուն երկրների պես: Սակայն այժմ այդ ուղղությամբ որևէ դրական բան ասել չեմ կարող. միակ ասելիքս այն է, որ ոչ մեկն այդ մարտահրավերը, այդ ցունամիի ալիքը մեր գլխի վերևից չի տարել, և եթե մեր մասին չենք մտածում, պետք է մտածենք մեր երեխաների, թոռների մասին»,- եզրափակեց մասնագետը:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանը ևս արձանագրում է՝ սեյմսիկ անվտանգության տեսանկյունից խնդիրները շատ են ու բազմաշերտ. «Այդ խնդիրները պայմանավորված են ոչ միայն այն հանգամանքով, որ շենքերը հիմնականում կառուցվել են խորհրդային տարիներին և այն ժամանակ գործող նորմերով, որը պահանջում էր շենքը կառուցել ընդամենը 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով: Այսօր վերագնահատվել է տարածքը, և շենքերը պետք է կառուցվեն 9 և ավելի բալ ինտենսիվությամբ երկրաշարժին դիմակայելու համար: Եվ, հետևաբար, եթե կառուցվել են 7 բալին դիմակայելու համար, 9 բալին չեն դիմանա, իսկ այդ շենքերը կազմում են գոյություն ունեցող շենքերի 80 տոկոսը:

Այսինքն՝ 80 տոկոսը բարձր խոցելի շենքեր են, ինչը նշանակում է, որ ողբերգական հետևանքներ կարող են լինել, եթե լինի այդ ուժեղ երկրաշարժը: Իսկ թե՝ կլինի՞ այդ երկրաշարժը. նորմերում ամրագրված է, որ, օրինակ, Երևան քաղաքում կարող է լինել 9 բալ և ավելի բարձր ուժգնությամբ երկրաշարժ, բայց թե ե՞րբ կլինի՝ ոչ ոք չի կարող ասել»:

Թեև նորակառույց շենքերը, ըստ Գուրգեն Նամալյանի, ունեն բավականին առավելություններ, սակայն այդ դեպքում ևս քիչ չեն նախագծման և կառուցման հարցերով մտահոգությունները:

«Նոր կառուցված շենքերի առավելություններից մեկն այն է, որ դրանք երկրաշարժին դիմակայելու տեսանկյունից արդեն հաշվարկվում են մոտ 2.5-3.5 անգամ ավելի բեռների տակ, քան նախկինում: Այսինքն՝ այդ շենքերը 2.5-3.5 անգամ առավել դիմակայուն պետք է լինեն, բայց մյուս տեսանկյունից հարց է ծագում՝ արդյո՞ք դրանք ճիշտ են նախագծվում և ճիշտ են կառուցվում: Հաշվի առնելով, որ մեր երկրում դեռևս առկա է բարձր կոռուպցիոն ռիսկ, հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ այդ բնագավառում նույնպես կա այդ կոռուպցիոն ռիսկը,- նշեց սեյսմակայունության վարչության պետի տեղակալը՝ այս համատեքստում հնչեցնելով մտահոգիչ մի շարք հարցեր,- Արդյո՞ք նախագծերը մշակվում են նորմերի բոլոր պահանջներին համապատասխան, արդյո՞ք նախագիծն անցնում է ճիշտ փորձաքննություն, որը պետք է կանխեր ու վերացնել տար նախագծում առկա թերությունները, արդյո՞ք շինարարությունը ճիշտ է իրականացվում՝ եթե նախատեսված է 300 տեսականիշի բետոն, արդյո՞ք հենց 300 տեսականիշն է կիրառվում շինհրապարակում, թե՞ գուցե 200-ն է, որը 300-ից բավականին մատչելի է»:

Անդրադառնալով Երևան քաղաքի կենտրոնի խիտ կառուցապատմանն ու սեյսմիկ անվտանգության տեսանկյունից առաջացած խնդիրներին՝ մասնագետը դրանք դիտարկեց օրենսդրական դաշտի թերացումների համատեքստում:

«Այդ հարցում նորմերը, կարծում եմ, այդքան էլ լավ չեն մշակված, որովհետև տեսեք՝ նորմն ինչ է ասում՝ շենքերի կառուցապատումը սեյսմիկ տեսանկյունից երկրորդ գոտում (Երևանը երկրորդ գոտում է), սեյսմիկ տեսանկյունից երկրորդ-երրորդ կարգի գրունտերի վրա (Երևանի կենտրոնը երկրորդ-երրորդ կարգի գրունտեր են) պետք է լինի հիմնականում մինչև 4 հարկ հարկայնությամբ:

«Հիմնականում»․ ի՞նչ է նշանակում, հիմնականում՝ ինչ-որ մեկն ասո՞ւմ է՝ կարելի՞ է մի հատ բազմահարկ, մյուսն ասում է՝ ես էլ եմ ուզում. մեկ էլ տեսնում ենք՝ կենտրոնը բազմահարկերով է կառուցապատվել, կամ՝ «պետք է ձգտել ավելի լայն փողոցներով և ավելի քիչ կառուցապատմամբ»…. :

Ահա նման խնդիրներ կան, որոնք թույլ են տալիս կառուցապատելու այդքան խիտ և այդքան բարձրահարկ շենքերով»,- եզրափակեց Գուրգեն Նամալյանը:

Տեսանյութեր

Լրահոս