Բաժիններ՝

Որևէ մեկը չի կարող ասել՝ երբ, որ պահին և ինչ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել. Նիկոլայ Գրիգորյան

Երևանում և մի քանի մարզերում տեղական ժամանակով ժամը 15։29-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: «Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում»,- քիչ առաջ հայտնեցին Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հնարավո՞ր է՝ հետցնցումներն ավելի ուժգին լինեն, քան արձանագրված ցնցումը՝ հետաքրքրվեցինք ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանից: Ի պատասխան՝ նա նշեց. «Ընդհանրապես, հետցնցումները լինում են ավելի թույլ. եթե, ինչպես իրենք էին նշել հաղորդագրության մեջ՝ մարման գործողություններ են գնում, և 46 հետցնցում է արձանագրվել»:

Նիկոլայ Գրիգորյանը նկատում է, որ հանրության մոտ առկա է «մագնիտուդ» և «բալ» բառերի շփոթ, ուստի պարզաբանում է. «Մագնիտուդը խորության վրա է. այստեղ մենք ունենք 10 կմ խորություն: Սպիտակի երկրաշարժի ժամանակ էլ էր 10 կմ խորություն, բայց այն ժամանակ հիպոկենտրոնում մագնիտուդը կազմում էր՝ մոտ 7, իսկ հիմա՝ 4.7 է: Այն ժամանակ 7 մագնիտուդն առաջացրեց 9-10 բալ հզորության երկրաշարժ:

Իսկ բալերն էպիկենտրոնում որոշվում են այդ երկրաշարժի ուժգնությունից առաջացած հետևանքներով, այսինքն՝ ինչ ավերածություններ են եղել: Իսկ այդ 5-6 բալ երկրաշարժը դեռ չի ենթադրում որևէ ավեր կամ այլ վնաս:

Եթե մագնիտուդը շատ արագ կարելի է արձանագրել՝ սարքերը դա գրանցում են, ապա հետևանքները, որոնք չափվում են արդեն բալայնությամբ, մեզ մոտ չափվում է MSK-64 կոչվող 12 բալանոց սանդղակով»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ կոնկրետ այս բալայնությամբ երկրաշարժի հետևանքով առողջական հնարավոր խնդիրները կսահմանափակվեն գլխապտույտով, սրտխառնոցով, ոտքերի դողով և այլն:

Նա անշնորհակալ գործ է համարում հաջորդ երկրաշարժի վերաբերյալ կանխատեսումները. «Ամբողջ աշխարհով մեկ դեռևս պարզված չէ, թե երբ կարող է լինել հաջորդ երկրաշարժը: Որևէ մեկը չի կարող ասել՝ երբ, որ պահին և ինչ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել, և բոլոր նրանք, ովքեր խոսում են, թե քիչ հետո կրկնվի, հիմա կրկնվի և այլն,  խուճապարարներ են, և դրանց լսել չարժե:

Բայց ԱԻՆ-ի սեյսմիկ ծառայության մասնագետները, երբ սկսում են իրականացնել երկրաշարժի վերլուծություն՝ հաշվելով հետցնցումները, գրանցելով, տարբեր տեղերից հավաքելով տեղեկությունը… հիմա նրանք նստած վերլուծում են, թե ինչպես է իրեն դրսևորում այդ երկրաշարժը, ինչ զարգացում ունի, որի հիման վրա արդեն կարող են նաև ասել, որ արդեն կարող եք գնալ ձեր տները:

Հիշեցնեմ՝ դեպք ունենք, Իտալիայում է դա տեղի ունեցել, երբ սեյսմոլոգներին դատեցին, քանի որ նրանք երկրաշարժից հետո մարդկանց ուղղեցին տները, որից հետո եղավ նորից հզոր երկրաշարժ, և մարդիկ զոհվեցին»:

«Պիտի փորձենք մեր գրագիտությամբ, մեր իրազեկ լինելով՝ հաշտ ապրել երկրաշարժի հետ»,- եզրափակեց Նիկոլայ Գրիգորյանը՝ խորհուրդ տալով դիտել 18 րոպեանոց «Հաշտ ապրել երկրաշարժի հետ» ֆիլմը, որտեղ կան երկրաշարժի մասին մեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Հիշեցնենք, փետրվարի 5-ին Հայաստանում գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժից հետո ՀՀ ԱԻՆ ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս