Ազատված 200 միլիոնանոց շուկայում ինչքանո՞վ չհաջողվեց «ձուկ բռնել»
Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ միջնորդելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մյուս կողմից՝ իշխանությունները պատրաստվում են կատարել նաև առաջին գործնական քայլը՝ մեկ այլ ուղղությամբ. մտադիր են աստիճանաբար չեղարկել Թուրքիայից ներկրումների վրա կիրառվող արգելանքը, որը գործում է տարվա սկզբից։
Այս փուլում քննարկվում է շինանյութերի ներմուծման սահմանափակումների վերացման հարցը։ Հետո կանցնեն նաև մյուս ապրանքներին։
Խոսքը հագուստի, մաքրող միջոցների, կոշկեղենի և այլ պատրաստի ապրանքների մասին է։
Թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ արգելքը կառավարությունը որոշեց կիրառել ղարաբաղյան պատերազմից անմիջապես հետո։ Այն քաղաքական որոշում էր, բայց ուներ նաև տնտեսական նշանակություն։
Ժամանակին դա պատճառաբանվեց անվտանգության խնդիրներով և Թուրքիայի տնտեսության մեջ հայկական կապիտալի հոսքերը սահմանափակելու անհրաժեշտությամբ։
«Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան»,- թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծման վրա արգելանքի կիրառումը հիմնավորել էր կառավարությունը։
Կառավարությունը հույս ուներ, որ այդպիսով պայմաններ կստեղծվեն նաև թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու համար։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այդ քայլը «հրաշալի բիզնես հնարավորություններ» էր համարում։
«Գործընկերներ, գիտեք, որ հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումը` առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են. hագուստ՝ 69,4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10,3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35,3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24,3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23,6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21,6 մլն ԱՄՆ դոլար։
Ես, իհարկե, չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան»,- թուրքական ապրանքների ներմուծումն արգելելուց հետո՝ գործարարներին փորձում էր ոգևորել նախարարը։
Թե ինչքանո՞վ հայկական բիզնեսը կարողացավ օգտվել այդ «հրաշալի հնարավորությունից» և թուրքական ներմուծումը փոխարինել այլ երկրների, առավել ևս՝ հայկական արտադրանքով, խորը վերլուծության կարիք ունի։ Բայց առանց վերլուծության էլ կարելի է ասել, որ այն հիմնականում չծառայեց իր նպատակին։ Ճիշտ է, արգելանքի կիրառումից հետո թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան պաշտոնապես կրճատվել է, բայց դրանց պակաս չի եղել։ Տարբեր զարտուղի ճանապարհներով այդ ապրանքները հայտնվել են մեր շուկայում։
Որոշ ապրանքատեսակների համար էլ կառավարությունն է հանել սահմանափակումները։
Արգելանքը շատ դեպքերում ձևական բնույթ է կրել։ Զարմանալի չէ, որ արդյունքներն էլ այսպիսին պիտի լինեին։
Այդպես էլ կառավարությունն ու իշխանությունները գրեթե ոչինչ չարեցին աջակցելու տնտեսությանը՝ թուրքական ապրանքների ներմուծումը տեղականով փոխարինելու գործում։ Իրենց քայլերով նույնիսկ խոչընդոտներ ստեղծեցին դրա համար։
Առաջին վեցամսյա արգելանքից հետո բավական երկար ժամանակ կառավարությունը չէր կողմնորոշվում՝ սահմանափակումները շարունակելո՞ւ է, թե՞ ոչ։ Իսկ դա բոլորովին էլ բիզնեսի շահերից չի բխում։ Նման անորոշության պայմաններում քչերն են պատրաստ ներդրումներ իրականացնել և թուրքական ապրանքներին փոխարինող ապրանքների արտադրություն կազմակերպել, երբ գիտեն, որ վաղը կրկին կանգնելու են խնդիրների առաջ։
Այսօր էլ, ըստ էության, նույն իրավիճակն է։ Սահմանված երկրորդ վեցամսյա ժամկետը տարեվերջին ավարտվում է, իսկ կառավարությունը հստակ ոչինչ չի ասում արգելանքը շարունակելու վերաբերյալ։ Ավելին՝ քննարկում է որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները հանելու հարցը։
Կարծես այլևս վերացել են այն հիմքերը, որոնք բերվում էին արգելանք մտցնելը հիմնավորելու համար։ Խոսքն անվտանգության ապահովման, Թուրքիայի տնտեսությունը ֆինանսավորելու և գանձարանը հարստացնելու մասին է։
Թե՞ կարծում են՝ արգելանքը վերացնելուց հետո այլևս դադարելու ենք թուրքական ապրանքներ ներմուծել ու ֆինանսավորել Թուրքիայի տնտեսությունը։
Վերջին տարիներին այդ ճանապարհով պաշտոնապես Հայաստանից գնում էր տարեկան 250-300 մլն դոլար։ Արգելանք կիրառելուց հետո գուցե ավելի քիչ է գնում, բայց դա չի նշանակում, թե մեզ հաջողվել է թուրքական ապրանքները փոխարինել տեղականով։ Եթե նույնիսկ որոշ ապրանքներ փոխարինվել են, ապա փոխարինվել են հիմնականում այլ երկրներից ներմուծվող արտադրանքով։ Հիմա եթե պիտի արգելանքը հանվի, ոչ մի կասկած չկա, որ ներկրողները կրկին հետ են գալու թուրքական շուկա ու այնտեղից իրականացնեն ներմուծումները։ Մնալու է միայն այն, որ այս ընթացքում ժամանակ են կորցրել, լրացուցիչ ծախսեր են արել՝ նոր շուկաներ ուսումնասիրելու ու այդտեղից ներմուծումներ իրականացնելու համար։
Խնդիրն այն է, որ նման կարճաժամկետ միջոցառումներով ու կիսատ-պռատ քայլերով անհնարին է հասնել թուրքական ապրանքները ներքին շուկայից դուրս մղելուն, առավել ևս՝ տեղական արտադրանքով փոխարինելուն։ Դա ընդամենը ժամանակի ու միջոցների անմիաստ վատնում է։
Պետք էր մտածել առաջին հերթին փոխարինող հզորություններ ստեղծելու, և, որ շատ ավելի կարևոր է, մրցունակ ապրանք արտադրելու մասին։ Այլապես, արգելանքը չի կարող հարատև լինել, այն մի օր այսպես թե այնպես հանվելու է, ու կրկին կանգնելու ենք նույն խնդրի առաջ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ