Իշխանության ճոխություններն ու խորացող աղքատությունը. 800.000 մարդ Հայաստանում աղքատ է
Մինչ հասարակությունը շարունակում է աղքատանալ, իշխանությունները վայելում են իրենց բաժին հասած իշխանական բարիքները։ Ոչ միայն պատրաստ չեն հրաժարվել հայտնի ու անհայտ պարգևավճարներից, այլև կարող են միլիոնավոր դրամներ վճարել ծառայողական մեքենաներ գնելու, պատգամավորական ծախսերը քառապատելու ու հնգապատկելու, պետության հաշվին հազար ու մի անիմաստ ճոխություններ իրենց թույլ տալու համար։ Միևնույն ժամանակ դեմ են մի քանի հազար դրամով փոխհատուցելու աննախադեպ բարձր գնաճի հետևանքով հասարակության սոցիալական խմբերի եկամուտները։ Մինչդեռ՝ իշխանության գալիս խոստանում էին նույնիսկ անվճար աշխատել ու բարելավել հասարակ քաղաքացու կյանքը։
Հասարակ քաղաքացու կյանքն այս ընթացքում ոչ միայն չի բարելավվել, այլև ավելի է վատացել։
Հրապարակված վերջին տվյալներով, անցած տարի երկրի բնակչության 27 տոկոսն աղքատ է եղել։ Խոսքն ավելի քան 800 հազար մարդու մասին է։
Աղքատությունը մեր երկրում շարունակել է խորանալ։ Աղքատների քանակը 2020թ. պաշտոնապես ավելացել է ևս 0,6 տոկոսով։ Բայց դա աղքատության լիարժեք պատկերը չէ։
Աղքատության միջին ցուցանիշից զատ, կա նաև աղքատության վերին շեմ, որի մեջ մտնում են բոլոր այն քաղաքացիներ, ովքեր կենսապահովման նվազագույն պահանջարկը բավարարելուց ցածր եկամուտներ ունեն։
Այդպիսի քաղաքացիները կազմում են մեր բնակչության գրեթե կեսը։ Նրանց քանակն անցած տարի շատ ավելի կտրուկ է ավելացել՝ 43,8 տոկոսից հասնելով 47,6 տոկոսի։
Այս ցուցանիշով աղքատների քանակը մեր երկրում ավելի շատ է, քան մինչև իշխանափոխությունը։
2017թ. աղքատության վերին շեմում էին գտնվում բնակչության 47,5 տոկոսը, 2020թ. գտնվել են 47,6 տոկոսը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին այդպիսի մարդկանց քանակը ոչ միայն չի պակասել, այլև ավելացել է։
Սպասվում է, որ աղքատության աճը շատ ավելի կտրուկ է լինելու հատկապես 2021-2022թթ.։ Եթե անցած տարվա աղքատության ցուցանիշների վրա իրենց ազդեցությունն են ունեցել 1-2 էական գործոններ, ապա առաջիկա 2 տարիներին այդ գործոններն այլևս դեր չունեն։
Խոսքն ինչպես նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման, այնպես էլ՝ կենսաթոշակների՝ թեկուզ 2-3 հազար դրամով ավելացման մասին է։
Այս 2 գործոններն անցած տարի նպաստել են աղքատության զսպմանը։ Բայց անգամ այդ պայմաններում աղքատությունը մեր երկրում չի դադարել ավելանալ։ Առավել ևս՝ չի դադարի ավելանալ այս և հաջորդ տարի։
Այս տարի արդեն այդ գործոնների դեր զրոյացվել է. բարձր գնաճը ամբողջությամբ չեզոքացրել է դրանց ազդեցությունը։ Եվ ոչ միայն չեզոքացրել է, այլև մեծացրել ճնշումն աղքատության խորացման ուղղությամբ։ Դրանում դժվար չէ համոզվել կենսաթոշակառուների օրինակով։
Ամենուրեք թանկացումներ են, իսկ կենսաթոշակները մեր երկրում մնացել են նախորդ տարվա մակարդակին։ Պարզ է, որ այդ խմբում ընդգրկված քաղաքացիների ծախսերն ավելացել են, իսկ եկամուտները չեն փոխվել։ Մի բան, ինչը բերել է նրանց սոցիալական վիճակի վատացման և աղքատության խորացման։ Բայց դա կերևա արդեն հաջորդ տարի, երբ կհրապարակվեն 2021թ. աղքատության ցուցանիշները։
2022թ. ևս իշխանությունները պատրաստ չեն բարձրացնել կամ գնաճին համարժեք ինդեքսավորել կենսաթոշակները։ Իսկ դա նշանակում է, որ այդ մարդիկ շարունակելու են աղքատանալ նաև հաջորդ տարի։
Աղքատանում են ոչ միայն սոցիալական խոցելի խմբերը, այլև չաշխատող քաղաքացիները, որոնց քանակը տատանվում է 240 հազարի սահմաններում։
Եվ, որ շատ ավելի վատ է, աղքատանում են նաև աշխատող քաղաքացիները կամ բնակչության միջին խավը, որի եկամուտները նվազել են կամ ծախսերն են ծանրաբեռնվել։
Անցած տարի աղքատության վերին շեմում գտնվող քաղաքացիների թվի ավելացումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Փաստ է, որ մեր երկրում քիչ չեն այն մարդիկ, ովքեր չնայած աշխատում են, այնուհանդերձ ստանում են շատ ցածր աշխատավարձ։ Ու այդ աշխատավարձը բավարար չէ, որպեսզի նրանք չհամարվեն աղքատ քաղաքացիներ։
Այս երևույթի ազդեցությունն աղքատության վրա անհամեմատ ավելի մեծ է լինելու հատկապես ընթացիկ և հաջորդ տարի։ Նույնիսկ պաշտոնական տվյալներն են վկայում, որ միջին աշխատավարձն ավելի դանդաղ է աճում, քան գնաճն է։ Դեռ չհաշված սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության այն լայն սպառման ապրանքների գների բարձրացումը, որը կրկնակի-եռակի ավել է միջին աշխատավարձի աճից։
Սա նշանակում է, որ արագորեն աղքատանում են ոչ միայն աշխատանք չունեցողները, այլև ունեցողները։ Նրանց եկամուտներն անհամեմատ ավելի դանդաղ են աճում, քան ծախսերն են ավելանում։ Խոսքը միայն սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մասին չէ։ Քաղաքացիների ծախսերն ավելանում են նաև հարկային բեռի ծանրացման հետևանքով։
Սրանք գործոներ են, որոնց ազդեցությունն աղքատության խորացման վրա առաջիկայում դեռ տեսնելու ենք։
Կասկած չկա, որ այդ ֆոնին 2020թ. 27 տոկոսանոց աղքատության միջին մակարդակը շատ ավելի համեստ ցուցանիշ է լինելու։ Չնայած 27 տոկոսն էլ պակաս բարձր ցուցանիշ է։ Այն ցույց է տալիս, որ նվազելու փոխարեն՝ աղքատությունը մեր երկրում խորանում է։
Ցածր է տնտեսական աճի մակարդակը, իսկ եղած եկամուտները միշտ չէ, որ համաչափ են բաշխվում։ Այլապես՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձերին որպես հավելում՝ այդքան էլ պարգևավճար չէին ստանա, իսկ սոցիալական անապահով խավերի համար մի քանի հազար դրամ չէր գտնվի՝ եկամուտներն ավելացնելու համար։ Չհաշված այն շքեղություններն ու ճոխ ծախսերը, որոնք իշխանություններն իրենց թույլ են տալիս, երբ հասարակության գրեթե կեսն աղքատության մեջ է ապրում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ