«Ի՞նչն ենք վերահսկելու, եթե այդ հատվածով մարդ, տրանսպորտային միջոց չի անցնելու»․ տնտեսագետը՝ Գորիս-Կապան ճանապարհին հայկական մաքսակետ տեղադրելու մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին նաև հայկական մաքսակետեր են տեղադրվելու, ասաց, որ մաքսային ծառայողներն արդեն իսկ նշված հատվածում ծառայություններ են իրականացնում․
«Իհարկե, բուն գործառույթներին հարցը չի հասել, դա այն դեպքերում կլինի, երբ համապատասխան մեքենա հատի Հայաստանի սահմանը, և այդտեղ մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա, բայց մաքսային ծառայողներն արդեն տեղակայված են, և որոշակի աշխատանքներ ենք տանում, որպեսզի իրենց համար աշխատանքային հավելյալ պայմաններ ապահովենք այդ հատվածներում․․․»։
168.am-ը Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանին հարցրեց, թե արդյոք տեղյա՞կ է, երբ են մաքսային ծառայողները տեղակայվել Գորիս-Կապան ճանապարհին։ Քոչարյանն ասաց, որ նշված ճանապարհին հայկական կողմից մաքսային ծառայություն իրականացնելու վերաբերյալ որևէ տեղեկության չի տիրապետում, ապա հավելեց․
«Այդ ուղղությամբ ընդհանրապես ոչ մի շարժ չկա, միայն իրանցիների մի քանի մեքենա են գնում, ու վերջ․․․»։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊԵԿ նախագահի՝ Գորիս-Կապան ճանապարհին հայկական մաքսակետերի տեղադրման վերաբերյալ արված հայտարարությանը՝ ասաց՝ շատ կարևոր է ֆիքսել, թե մաքսակետերի տեղադրման թեման ինչի արդյունքում է առաջացել․
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով Գորիս-Կապան ճանապարհահատվածի համապատասխան մասը համարել է Ադրբեջան, քանի որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը դա համարում է Ադրբեջան, բնականաբար, Ադրբեջանն էլ պետք է այդ տարածքը համարի իրենը և իր օրենսդրական տարբեր նպատակակարգերը կիրառի այդ տարածքի վրա այնպես, ինչպես իր տարածքի մնացած հատվածներում։ Այդ ատրիբուտների մեջ են մտնում մաքսակետերի տեղակայումը, անունը կդնենք՝ մաքսակետ, կդնենք՝ սահմանային անցակետ, դա էական չէ, որովհետև տարբեր երկրներում տարբեր անցակետեր են գործում, օրինակ, կան երկրներ, որտեղ գործում է սահմանային ոստիկանություն՝ որպես անցակետ, կան երկրներ, որտեղ մաքսակետեր են, հիմա ես չգիտեմ՝ ադրբեջանցիներն ինչ անցակետեր են տեղակայել, փաստն այն է, որ իրենք ունեն այդ իրավունքը որոշակի ընթացակարգեր կիրառելու՝ այդ թվում՝ տրանսպորտային միջոցներից գումար գանձելու, քանի որ Հայաստանը դա համարում է Ադրբեջան։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ մենք էլ մեր հերթին ենք մաքսակետ տեղադրելու, դա ընդամենը ծիծաղելի է, որովհետև դրանք որևէ նպատակային նշանակություն չեն ունենալու, այսինքն՝ հայկական հատվածում տեղակայված մաքսակետը որևէ նպատակ չունի, բնականաբար, այդ տարածքով ադրբեջանցիները դեպի Հայաստան չեն անցնելու, իսկ իրանական բեռնատարները կրկնակի հսկողության չեն ենթարկվելու, որովհետև մենք Մեղրիի անցակետ ունենք, և, բնականաբար, դա արդեն լրացուցիչ ավելորդություն է մեզ համար։ Թե հիմա այս մաքսակետերը ի՞նչ ֆինանսական բաց կպահանջեն, ի՞նչ տեսք կունենան, ի՞նչ ծավալի աշխատողներ կունենան, չեմ կարող ասել։ Այս մաքսակետերի տեղադրումը մեզ ոչինչ չի կարող տալ, ընդամենը հայտնի քաղական գործչի բառերն ասեմ՝ մի հատ բուդկա, ուրիշ ոչ մի բան․․․ Մաքսակետերի նպատակային նշանակությունը շատ պարզ է՝ գանձել մաքսային վճարներ, իրականացնել մաքսային հսկողություն, ապահովել տնտեսական անվտանգություն։ Հիմա, եթե այդ հատվածով մարդ չի անցնելու, տրանսպորտային միջոց չի անցնելու, ի՞նչն ենք վերահսկելու, սա է խնդիրը»։
ՊԵԿ նախագահն այսօր խորհրդարանում խոսել էր նաև գնաճի և հարկերի հավաքագրման մասին, համեմատության մեջ էր դրել 2021 և 2019 թվականի ցուցանիշները։
«Մեր վերլուծությամբ՝ 2021 թվականը համեմատել ենք 2019 թվականի հետ, արձանագրել ենք, որ 2019 թվականի ցուցանիշները բարելավվում են։ Հիշեցնեմ, որ 2019 թվականը ռեկորդային տարի էր հարկային եկամուտների առումով։ Որոշակի ուսումնասիրություններ ենք արել նաև գնաճի մասով և ավել հավաքագրված եկամուտի նկատմամբ, ընդամենը 3,2-3,4 տոկոսի ազդեցություն ունի մեր գնահատումներով»,- ասել էր Ռուստամ Բադասյանը։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն ընդգծեց, որ 2019 թվականի ռեկորդային հարկերի հավաքագրումը պայմանավորված էր ավտոտրանսպորտային միջոցների ներմուծումների աննախադեպ քանակով, քանի որ ԵԱՏՄ կարգավորումներով 2020 թվականի հունվարից փոխվելու էին դրույքաչափերը, բոլորն ավտոմեքենաներ էին ներմուծում։ Ինչ վերաբերում է, որ հիմա 2019 թվականի այդ աննախադեպ մուտքերի համեմատ ավելի մեծ թվով մուտքեր կարող ենք ունենալ, Ֆարմանյանն ասաց․
«Չեմ բացառում, հնարավոր է նման բան, բայց այստեղ խնդիրն ուրիշ բանի մեջ է՝ ինչի՞ հաշվին է դա ապահովվում, նախ՝ գնաճն իր հերթին, երկրորդը՝ միջազգային շուկայում գունավոր մետաղների գներն աճել են, և տրանսֆերտների աճը․․․
Տնտեսության նաև որակական կառուցվածքը կապ ունի, թե մուտքերի մեջ տնտեսությունը որակապես փոխվե՞լ է, թե՞ ոչ, իմ ունեցած տեղեկատվությամբ՝ մենք որևէ որական աճ չունենք այս պահին։ Այսինքն՝ սրանք ժամանակավոր գործոններ են, որոնք երկարաժամկետ կտրվածքով չեն կարող որևէ բանի մասին վկայել»։