«Ամենաառանցքային հարցը մնում է՝ ի՞նչ է լինելու Արցախի ճակատագիրը, ո՞ւմ ձեռքում է լինելու Արցախը, ի՞նչ կարգավիճակ է ունենալու»․ Նաիրա Զոհրաբյան
Երեկ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտից հետո հայտարարություն հրապարակվեց, որով կողմերը պայմանավորվել են գնալ 2 պետությունների միջև սահմանազատման, նշվում է նաև տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին։
Բազմաթիվ քաղաքական գործիչներ իրենց մտահոգությունն են հայտնում, որ հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են 3 երկրների առաջնորդները, չկա որևէ պարտավորություն ո՛չ գերիների հանձնման, ո՛չ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի հեռացման, ո՛չ Արցախի որևէ տարածքի դեօկուպացման վերաբերյալ։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև ստորագրված հայտարարությանը՝ ասաց՝ եթե ինքը լիներ ՀՀ վարչապետը, ապա ցանկացած քննարկման, երկխոսության, հանդիպման ժամանակ առաջին նախապայմանը կդներ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրի 8-րդ կետը, որտեղ հստակ նշված է, որ կրակի դադարից հետո առանց որևէ նախապայմանի կողմերն անհապաղ փոխանակում են ռազմագերիներին, պատանդներին, գերեվարված քաղաքացիական անձանց և զոհվածների մարմինները․
«Առ այս պահն այս կետը կատարված չէ, որովհետև, Ադրբեջանի պնդմամբ, 40, իսկ մենք համոզված ենք, որ շատ ավելի ռազմագերիներ ունենք 44-օրյա պատերազմից հետո, և ունենք 30 ռազմագերի սյունիքյան վերջին՝ նոյեմբերի 16-ի լոկալ պատերազմից հետո, նրանցից 2-ը երեկ վերադարձան։ Որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվեր, մինչև չլիներ հրապարակային հայտարարություն, որ ժամերի ընթացքում բոլոր տղաներն ազատ կարձակվեն և կվերադարձվեն։ Այնուհանդերձ, մերձիշխանական շրջանակները նշում են, թե եռակողմ հանդիպումից հետո՝ փոքր ասուլիսի ժամանակ, որ քննարկվել են հումանիտար հարցեր, դա վերաբերել է բացառապես ռազմագերիներին, և մերձիշխանական շրջապատը շրջանառության մեջ է դնում տեղեկություն, թե առաջիկա, եթե ոչ ժամերի, ապա օրերի ընթացքում մեծ թվով ռազմագերիներ են վերադարձվելու Հայաստան»։
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ այո, ինչ-որ մի պահի պետք է սկսվեր սահմանագծման և սահմանազատման գործընթացը, բայց դրան զուգահեռ, եթե ոչ առաջ, անպայման պետք է ամրագրվեր Արցախը․
«Արցա՛խ, Լեռնային Ղարաբա՛ղ, այս արտահայտությունը ես երեկ ամբողջ օրը որևէ մեկից չլսեցի։ Ալիևն ընդհանրապես համառորեն հրաժարվեց Լեռնային Ղարաբաղ կապակցությունը գործածել։ Ի՞նչ է լինելու Արցախի հետ, այդ դեմարկացիան և դելիմիտացիան ի՞նչ կերպ է առնչվելու Արցախի կարգավիճակին։ Մեզ համար պարզ է, որ մինչև դեկտեմբեր ձևավորվելու է այն հանձնաժողովը, որը սկսելու է սահմանագծման և սահմանազատման գործընթացը, բայց ամենակարևոր հարցը՝ ինչի՞ համար զոհվեցին 5000 տղաներ, ինչի՞ համար մենք կորցրեցինք մեր 30-ամյա երազանքը, մենք կորցրեցինք Շուշին, Արցախի 75 տոկոսը․ ի՞նչ է լինելու 25 տոկոս մնացած Արցախի կարգավիճակի հետ, փաստաթղթում անգամ որևէ ակնարկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամ, որ հետագա բանակցությունները կվարվեն Մինսկի խմբի մանդատում, ես այդպես էլ չտեսա։ Կարծում եմ՝ այս հայտարարությունը շատ ավելի բաց պետք է ներկայացվի, հիմնական բանակցողի և ստորագրողի կողմից, որպեսզի մենք հասկանանք հայտարարությունից հետո՝ ասուլիսի ժամանակ արված եռակողմ գոհունակությունը, որ երեքն էլ գոհ են, որ երեքն էլ կարծես թե ակնարկում էին, որ շատ ավելին ստացան, քան սպասում էին, ես ուզում եմ լսել, թե որն է այդ ավելին, ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հետ, և հումանիտար հարցեր ասելով, որը, ենթադրվում է, որ քննարկվել է ռազմագերիների հարցը, ե՞րբ են մեր տղաները լինելու տանը։ Իրենք հանուն անկախության մնացին Բաքվի, Շուշիի բերդերում»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը միտումնավո՞ր չի խոսում Արցախի մասին, թե՞ նրան պարտադրում են, Զոհրաբյանն այսպես արձագանքեց․
«Չեմ կարծում, որ ինքը միտումնավոր է անում, իհարկե, ինքը կուզենար տեքստում լիներ, որ Արցախի հետ կապված հետագա գործընթացները շարունակվելու են Մինսկի խմբի մանդատի ներքո, բայց պարզ է, որ դա իրեն թույլատրված չէ։ Որպես պարտվող կողմ, ըստ էության, ինքը ընդունում է խաղի այն կանոնը, որն իրեն պարտադրվել է, և որի մեջ ինքը ներքաշվել է՝ որպես պարտվող կողմ»։
Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և նոր բանակցո՞ղ գա, և արդյոք նոր բանակցողը կկարողանա՞ այդ պահանջները ներկայացնել՝ հարցրեցինք Զոհրաբյանին․
«Եթե նոր բանակցողը լինելու է այս ընդդիմությունից, ապա ես այլևս խորապես կասկածում եմ։ Մեզ նոր բանակցող է պետք, նոր մարդ։ Նիկոլ Փաշինյանը չի՛ կարող բանակցել, դա քաղաքագիտական նոնսենս է, ես ոչ թե չեմ ուզում, որ ինքը բանակցի՝ այն պատճառով, որ իր հետ ինչ-ինչ անձնական խնդիրներ ունեմ, այլ պարզապես հասկանում եմ, որ ինքը չի կարող բանակցել, պարտություն ստորագրած ղեկավարը չի կարող պարտվածի դիրքերից բանակցել։ Մեզ պետք է նոր բանակցող, մեզ պետք է նոր իշխանություն, ցավոք սրտի, այս ընդդիմության մեջ ես չեմ տեսնում այլևս այն լիդերին, որը կարող է լինել այդ լիդերը և բանակցողը։ Եթե ինձ կհարցնեք՝ ո՞վ կարող է լինել, այս պահին ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Եթե ունենայի, ես կլինեի փողոցում և կասեի՝ ահա այս մարդը կարող է, ունակ է, և նրա շուրջ համախմբումը կարող է այս պահին երկիրն այս վիճակից հանել»։
Ամփոփելով խոսքը՝ նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երեկ Սոչիում ստորագրված հայտարարությամբ գնում են սահմանագծման և սահմանազատման գործընթացի, որին ինչ-որ մի պահի հետևելու է խաղաղության պայմանագրի կնքումը, սակայն ամենակարևոր հարցը մնում է բաց․
«Ամենաառանցքային հարցը մնում է՝ ի՞նչ է լինելու Արցախի ճակատագիրը, այն, ինչ մնացել է Արցախից։ Ո՞ւմ ձեռքում է լինելու Արցախը, ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախը․․․ Որևէ ձևակերպում չկար մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածք մուտք գործած ադրբեջանցիների մասին, ինչի մասին խոսում էր նաև Նիկոլը, որ ադրբեջանցիները 41 կիլոմետր տարածք են օկուպացրել։ Ի՞նչ է լինելու, նրանք շարունակելու են օկուպացրա՞ծ պահել ՀՀ սուվերեն տարածքը, այսինքն՝ դեմարկացիան, դելիմիտացիան ա՞յդ գծով է լինելու, թե՞ նրանք այդ 41 կիլոմետրը հետ են քաշվելու, որևէ նախադասություն, որ պետք է հարգվեն սուվերեն տարածքները, և նրանք, ովքեր ներխուժել են, պետք է հետ քաշվեն, չկա։
Եվ ամենակարևորը՝ առ այս պահը չի կատարվել ռազմագերիների, պատանդների վերադարձը, սա ամենացավոտ խնդիրն է, ես գտնում էի, որ երկրի ղեկավարը որևէ բան քննարկելուց առաջ պետք է ստանար այս 3 կարևորագույն հարցերի պատասխանները։ Ես չգիտեմ, միգուցե ինքը ստացել է բանավոր հավաստիացումներ, կապրենք՝ կտեսնենք, բայց այն, ինչ տարածում է իր շրջապատը, թե՝ հումանիտար հարցերի մասին խոսելով՝ նկատի են ունեցել ռազմագերիների խնդիրը, և դուք կտեսնեք, եթե ոչ ժամերի, ապա օրերի ընթացքում տղաները կվերադառնան, կապրենք՝ կտեսնենք․․․»։
Նաիրա Զոհրաբյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ ռուսական կողմի միջնորդությամբ իրեն առաջարկ է արվել նշանակվել Արցախի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում, եթե այո, ապա ընդունե՞լ է այդ առաջարկը․
«Դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ, այս պահին չեմ խոսելու դրա մասին, երբ ասելիքը հստակ կլինի, կխոսեմ, բայց, որ Արցախը պետք է դառնա մեր բոլորի համահայկական միասնականության նոր իդեան՝ դա միանշանակ է»։