Pegasus–ը կարող է կիրառվել օրենքին հակասող դեպքերում, ոչ թե հացագործների դեմ, այլ ընդդիմադիր գործիչների․ Սամվել Մարտիրոսյան. tert. am
Pegasus-ը վիրուս է, և պաշտոնապես Հայաստանը չի ճանաչել, որ այն գնել է, թեև կարող է գնել և չհաստատել, քանի որ ԱԱԾ–ի գնումները բաց չեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի՝ հարձակում է իրականացվել Pegasus ծրագրով ոչ միայն իր, այլև մերձավոր շրջապատի և ընտանիքի անդամների հեռախոսների վրա։
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այստեղ կապի օպերատորները ոչինչ չեն կարող անել, այդ վիրուսը տարածվում է տարբեր ձևերով, կարող է հիպերլինք կամ նկար ուղարկվի մարդկանց, և մեր օպերատորները մեխանիզմ չունեն դա կանխելու։
Ինչ վերաբերում է դրա դեմ պայքարին, ապա Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ բնականաբար դրանով ԱԱԾ–ն պետք է զբաղվի, մինչև չունենանք կիբերանվտանգության միասնական կենտրոն։ «Բայց խնդիրն այն է, որ հենց ԱԱԾ–ն Pegasus-ի կիրառողը կարող է լինել»,–ասաց նա։
Փորձագետը նշեց, որ այդ գործիքը երկրներին վաճառվում է որպես հետախուզական գործիք։ «Մենք գիտենք դեպքեր, որ գաղտնալսումն արվել է օրենքին հակասող ձևով, նույն կերպ Pegasus–ը կարող է կիրառվել օրենքին հակասող, այսինքն՝ ոչ թե հացագործների դեմ, այլ ընդդիմադիր քաղաքական գործիչների»,–ասաց նա։
Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ թեև ստացված ինֆորմացիայի օգտագործումն օրինական չի համարվի, սակայն շատ դեպքերում հատուկ ծառայությունները դատարաններում դա օգտագործելու չունեն խնդիր։ Նա նկատեց, որ Հայաստանում մեխանիզմները ներդրված չեն, որպեսզի այդ գործիքը չծառայի քաղաքական շահերի համար և դաշտը նորմալ կարգավորված չէ։