Իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ փոխհամաձայնեցված քաղաքականություն. նպատակը նաև ՀՀ որոշ տարածքներ զիջելն է. Սիրանուշ Սահակյան

«Նախքան հայտարարություններ անելը մենք ստուգում ենք փաստերը, հանգամանալից ուսումնասիրում ենք տեսանյութերը և նաև հանդիպումներ ենք ունենում գերիների ընտանիքի անդամների և այլ ականատես համածառայակիցների հետ, ովքեր բազմաթիվ տեղեկություններ են մեզ փոխանցում, և այս տեղեկությունների մշակման, վերլուծության արդյունքում է, որ կարող ենք հայտարարություններ կատարել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական հերթական հարձակման ժամանակ գերեվարված զինծառայողների թվի վերաբերյալ իր կատարած հայտարարությանը:

Նրա խոսքով՝ հետագայում հստակեցված 13 թիվը չի արտացոլում ամբողջ իրականությունը, և գերեվարվածների թիվն իրականում ավելին է, մոտ 3 տասնյակ:

«Բնականաբար, գերիների թվաքանակը մեծացել է նաև, այսպես կոչված, անհետ կորածների թվաքանակի հաշվին, բայց քանի որ անհետ կորածների ցուցակ հրապարակված չէ, մենք չենք կարող ասել՝ ամբողջությամբ նույն անձանց մասի՞ն ենք մենք խոսում, թե՞ տարբերվող: Այդ հարցին մենք ստույգ կարող ենք պատասխանել, երբ հայտնի լինի, թե 13 գերիների մեջ ո՞ւմ է նկատի ունեցել Պաշտպանության նախարարությունը (ՊՆ), և անհետ կորածի կարգավիճակ ո՞ր զինծառայողներին է տվել»,- ասաց իրավապաշտպանը:

Խոսելով այն մասին, թե, ի վերջո, այս պահին, ներառյալ Արցախյան վերջին պատերազմում գերեվարված զինծառայողները, որքա՞ն գերի ունենք Ադրբեջանում, հատկապես, եթե նկատի ունենանք, որ սոցապ նախարարը խոսում է գերիների 40 թվի մասին, ՄԻԵԴ-ում նրանց ներկայացուցիչն ասաց, որ 40-ը պաշտոնականացված թիվն է:

«Սա այն թիվն է, ինչը պաշտոնապես ընդունում է Ադրբեջանը մինչև նոյեմբերի 16-ի միջադեպի հետևանքով գերեվարվածները: Եվ ըստ էության Սոցապ նախարարությունը պաշտոնականացնում է այն թիվը, ինչը հայտնում է Ադրբեջանը: Այստեղ համակարգված մոտեցում չկա ինքնին իշխանության ներսում, որովհետև Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ 40-ը Ադրբեջանի կողմից պաշտոնականացված թվերն են, սակայն կա տեղեկատվություն նաև շուրջ 100 անձի գերեվարման մասին: Այս թիվն իրականությանն ավելի մոտ թիվ է: Մենք, իհարկե, խոսում ենք առնվազն 80 անձի մասին՝ չբացառելով, որ այդ թիվը կարող է լինել 100-120: Մենք խոսում ենք 80-ի մասին, քանի որ, իհարկե, այս պահին չկա ցուցակ, բայց մենք փաստահավաքության արդյունքում կարողանում ենք հիմնավորել 80 դեպք, որն անվիճելի է: Եվ այս ապացույցներով մենք կարող ենք համոզել դատական և ոչ դատական ատյաններին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այս թվերին պետք է ավելացնել նոյեմբերի 16-ին գերեվարվածների թիվը:

Անդրադառնալով Ազգային ժողովում (ԱԺ) Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե դեռ պետք է պարզվի՝ ի՞նչ հանգամանքներում են մեր զինծառայողները գերի ընկել, ի՞նչ մեսիջ էր սա իր մեջ պարունակում, իրապաշտպանն ասաց՝ պետությունը պարտավոր է վերադարձնել իր քաղաքացուն, եթե անգամ նա կամովին է գերի հանձնվել:

«Այն, որ որոշները կարող էին կամովին գերի ընկնել, պարոն Փաշինյանին չի ազատում այդ տղաներին իրենց հայրենիք վերադարձնելու պարտականությունից, և դա եղել և մնում է պետության պարտականությունը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ նախկին գործերով էլ քննության առարկա դարձել է կամովին գերի ընկնելու վարկածը, և մենք արդեն իսկ ունենք 114 հայրենադարձված զինծառայող գերիներ, ու նրանցից որևէ մեկը պաշտոնապես չի մեղադրվում կամովին գերի ընկնելու մեջ:

«Դրա համար այս առումով խոսքը որևէ նորություն չուներ: Եթե նման մտավախություն կար, քննությունը կպարզեր, և Նիկոլ Փաշինյանը նոր կարող էր արձագանքել՝ իր ձեռքում ունենալով ճշտված, ավելի հուսալի ապացույցներ: Ես օբյեկտիվ նախադրյալը չեմ տեսնում նման լարված իրավիճակում, երբ էմոցիոնալ է ողջ հասարակությունը և նաև ընտանիքի անդամները, այդպիսի հայտարարություն կատարելը, և այս առումով, կարծում եմ, այն վաղաժամ էր»,- ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ գերեվարման նոր դեպքերը դժվարացնում են բանակցությունները, և նախկին գերեվարվածներին նույնիսկ չի կարողանում բերել (վերադարձվածների վերջին թվաքանակը 5 էր, ու հիմա նաև տասնյակ նոր դեպքեր են արձանագրվել), գործընթացը մտնում է փակուղի, և իր անկարողությունն ավելի տեսանելի է դառնում հասարակության համար:

«Այս անկարողությունն արդարացնելու համար փնտրում է մեղավորներ և մեղավորության բաժին է տալիս ընտանիքներին, որպեսզի վերջիններս չդժգոհեն կամ առնվազն մեծ ակնկալիքներ չունենան վարչապետից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Անդրադառնալով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ ֆրանսիական «Լա Ֆիգարոյին» տված հարցազրույցի այն հատվածին, որում վերջինս ասում էր՝ «գերիները կարող են արտադատական մահապատժի ենթարկված լինել, պահվել ընդհատակյա բանտերում կամ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինել», և արդյո՞ք հատկապես մարդկային օրգանների թրաֆիքինգի վերաբերյալ նրա հայտարարությունը սոսկ հայտարարություն էր, թե՞ դրա տակ կարող են լինել հստակ փաստեր, Սիրանուշ Սահակյանը նախ նշեց՝ եթե անձի գերեվարումը չի պաշտոնականացվում, նա մեկ տարի անց արդեն համարվում է բռնի անհետացած, իսկ վերջիններս գտնվում են կամայականության տիրույթում, իրավունքի պաշտպանությունից դուրս:

«Նման պայմաններում բացառված չէ որևէ գործողություն, և քանի որ օրգանների առևտուրը թանկ, նաև շահութաբեր ոլորտ է, ու կան երկրներ, որտեղ մեծ պահանջարկ կա, հասկանալի է, որ նաև այդ գործողությունները կարող են լինել: Այո, սա տեսականորեն հնարավոր է, բայց մեր կողմից ուսումնասիրված դեպքերով նման դեպք չենք արձանագրել: Իհարկե, պետք է հասկանանք՝ մենք իրավապաշտպանական թիմ ենք և մեծամասամբ տիրապետում ենք ինֆորմացիային, սակայն կարող են լինել դեպքեր, որոնք կարող են մեզ ներկայացված չլինել, այլ պետությանը, և եթե պետությունն ունի նման փաստ և բարձրաձայնում է այդ մասին, ողջունելի է»,- ասաց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում միմյանցից տրամագծորեն տարբերվող երկու հայտարարություններին, երբ մի դեպքում ասաց՝ չկրակելու հրաման չի կարող լինել, դա պետական դավաճանություն է, իսկ դրանից օրեր առաջ նույն Ազգային ժողովում հայտարարել էր, թե ինքն է հայկական զորքերին հրաման տվել լքել Սյունիքի բարձունքները, Սիրանուշ Սահակյանն ասաց՝ սա խոսում է այն մասին, որ իսկապես կա ծրագրավորված քաղաքականություն, որն իրականացվում է ադրբեջանցիների հետ փոխհամաձայնեցված, որի նպատակը նաև ՀՀ որոշակի տարածքներ զիջելն է և սահմանային հարցերն Ադրբեջանի հետ լուծելը, որին, ենթադրում եմ, պետք է հաջորդի նաև Ադրբեջանի սահմանների ճանաչումը Հայաստանի իշխանությունների կողմից:

«Սա փոխադարձ համաձայնությամբ իրականացվող ծրագիր է, որը, բնականաբար, իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի տարաբնույթ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ: Իսկապես մեկը չէ, մի քանիսն են, բայց մենք, իհարկե, հույս չունենք, որ Հայաստանում դրանց այս իշխանության օրոք գնահատական տրվի: Արդեն իսկ պատերազմը և հետպատերազմական իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ուժային կառույցները կորցրել են իրենց իմունային համակարգը, և երկրի սուվերենությանն ու պետականության գոյությանը սպառնացող պրոյեկտները դեռ իրականացվում են, և նրանք դա խափանելու պրոֆեսիոնալիզմն ու ինքնուրույնությունը չունեն»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս