Աշխարհաքաղաքական պայքար Սյունիքի համար. ո՞ւմ օգտին կլինի ձևավորվելիք դասավորությունը

Տարածաշրջանային գերտերությունների պայքարը Սյունիքի համար շարունակում է զարգանալ ժամ առ ժամ: Թե՛ Սյունիքի պահպանումը՝ որպես հայկական, թե՛ Սյունիքի թրքացումը՝ իր բոլոր սցենարներով ու հետևանքներով, ունի աշխարհաքաղաքական մանր ու մեծ հովանավորներ, որոնցով պայմանավորված՝ Սյունիքը վերածվել է աշխարհաքաղաքական շահերի «կենտրոնի»:

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված լոկալ մարտական գործողությունների ֆոնին Իրանի պրոակտիվ հարավկովկասյան քաղաքականությունը բեկումնային նշանակություն կարող է ունենալ: Բնականաբար, ոչ պակաս կարևոր է այն, թե ինչ լուծումների կհանգեն Մոսկվայում որոշում կայացնողները վերջնարդյունքում, քանի որ Մոսկվայի շուրջ ևս թյուրքական օղակը շարունակաբար սեղմվում է: Թեև, ըստ ռուսական պաշտոնական հաղորդագրությունների, Մոսկվայում պետք է կայանար Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում, ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ դեմարկացիայի-դելիմիտացիայի և ապաշրջափակման օրակարգով, փորձագիտական կարծիքները, թե որ կողմի օգտին է որոշում կայացնելու Մոսկվան, այնուամենայնիվ կիսվում են, քանի որ Ռուսաստանի ակնկալիքները Թուրքիայից և Ադրբեջանից չեն բավարարվում, ավելին՝ թյուրքական կողմը չի խուսափում ՌԴ-ին ուղղված հրապարակային և ոչ հրապարակային հարվածներից:

Իսկ վերջին սկանդալից, կարելի է ասել՝ մեկ շաբաթ էլ չի անցել. Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին օրերս Ռեջեփ Էրդողանին թյուրքական աշխարհի քարտեզ էր նվիրել, որտեղ ներառված են նաև ՌԴ մի շարք շրջաններ։ Կրեմլի արձագանքը չուշացավ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ափսոսանք հայտնեց, որ Էրդողանին նվիրված`թյուրքական աշխարհի քարտեզի վրա կարմիր աստղը չի նշում` դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում՝ Ալթայում։ «Մեր թուրք գործընկերները խթանում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար ցավում եմ, այն է, որ քարտեզի վրա ամեն դեպքում չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում»,- ասել էր Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել էր, որ դա «այն սուրբ վայրն է ցանկացած թուրքի համար, որտեղից նրանք սկիզբ են առել»։

Վերադառնալով Իրանին, հարկ է նշել, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ընթացքում Պուտին-Ռաիսի հեռախոսազրույց տեղի ունեցավ: Ըստ իրանական Mehr գործակալության՝ Իրանի համար անընդունելի է աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն կամ սահմանի փոփոխում Հարավային Կովկասում։ Իրանական աղբյուրի համաձայն` Ռաիսին ողջունել էր Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված ՌԴ նախաձեռնությունները։ Այս համատեքստում նա ընդգծել էր, որ աշխարհաքաղաքականության կամ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն Թեհրանի համար ընդունելի լինել չեն կարող։ Սրան հաջորդեցին ՌԴ միջնորդական ջանքերն իրավիճակը կարգավորելու և լոկալ բախումները դադարեցնելու ուղղությամբ: Նույն օրն ուշագրավ էին նաև ՀՀ-ում Իրանի դեսպանի հանդիպումները և օրերս ՀՀ-ում Իրանի դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որին մասնակցում է նաև Հայաստանը, միս ու արյուն է ստանում: Այս ամենին զուգահեռ՝ վերջին ամիսների ընթացքում ակտիվ է ՌԴ-ում Իրանի դեսպանը, ով ևս դիվանագիտական հանդիպումներ է ունենում ՌԴ-ում և խոսում վերոնշյալ միջանցքի շուրջ:

Զուգահեռաբար Թեհրանը մեծ ճկունություն է ցուցաբերում Բաքվի և Անկարայի հետ հարաբերություններում, և շաբաթներ առաջ բռնկված ադրբեջանաիրանական դիվանագիտական լարվածությունը հետզհետե թուլացել է: Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, թե Բաքվի հետ հարաբերությունները նոր մակարդակի են անցել՝ շաբաթներ շարունակված փոխադարձ մեղադրանքներից հետո։ «Հրապարակային դաշտում անցանկալի և անհարկի լարվածությունից հետո, որը երկու կողմն էլ խելամտորեն նախընտրեցին հաղթահարել, այժմ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն անցնում են նոր փուլ»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: Հրապարակային մեղադրանքներից հետո՝ այս ամսվա սկզբին, պաշտոնական Թեհրանը հայտարարեց, թե կողմերը հարթել են «թյուրըմբռնումները»։ «Այժմ երկու երկրները կարող են առաջ շարժվել երկկողմ համագործակցության ընդարձակման ուղղությամբ», – հայտարարել էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հեռախոսազրույցից հետո։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ առաջիկա օրերին բանակցությունների են պատրաստվում Ռաիսին ու Էրդողանը՝ Թեհրանում, իսկ Վրաստանն օրերս պաշտոնապես հրաժարվեց տարածաշրջանային «3+3» պրոյեկտից:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ ներկայիս թյուրքական կամ թուրանական գաղափարախոսությունը, որն ակտիվ առաջ են մղում թյուրքախոս համարվող երկրները, չափազանց խորը արմատներ ունի, չափազանց շատ մշակված ծրագիր է, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ, և մեծ սպառնալիք է իրենից ներկայացնում Ռուսաստանի համար: Նրա որակմամբ, օրերս հրապարակված քարտեզը միայն այդ գաղափարախոսության երևացող հատվածն է, որում էական կարևորություն է ներկայացնում Զանգեզուրի միջանցք կոչված պրոյեկտը, որը կապելու է թյուրքական աշխարհներն իրար, և ըստ էության այդ միջանցքի անհնարինությունը թույլ չի տվել այդ գաղափարներին խորանալ և շարունակել մոտենալ ՌԴ-ին: Նադեին-Ռաևսկիի խոսքով, սա շատ վտանգավոր է Ռուսաստանի համար, միևնույն ժամանակ գործի առյուծի բաժինն արված է:

«Ես վաղուց եմ սկսել ուշադրություն հրավիրել այդ վտանգների ուղղությամբ, խոսել եմ թուրանական բանակի հեռանկարներից, թեև այդ պրոյեկտն այս պահին ժամանակավորապես չեղարկված է: Թեև նրանց առաջին քայլը հենց հաղթանակն էր Ղարաբաղյան պատերազմում: Սակայն ՌԴ-ն այս խնդիրը բաց է թողել, չի զբաղվել իր տարածքներում ռուսերենի ամրապնդմամբ, ռուսական մշակույթի տարածմամբ: ՌԴ տարածքների կեսից ավելին տարածքային կազմավորումներ են, որոնց մեծ մասն էլ իրենց հերթին ունեն թյուրքական մշակույթ և ակտիվորեն այդ հատվածներում թյուրքական մշակույթը շարունակել են խորացնել: Սա լուրջ խնդիր է Թուրքիայի համար, և հուսամ, որ դա հասկանում են, հուսամ՝ հասկանում են, որ այս ամենի նպատակը թյուրքական աշխարհ ստեղծելն է, որը կղեկավարի աշխարհը: ՌԴ-ն պետք է ընդդիմանա այս ամենին բոլոր, այդ թվում՝ հարավկովկասյան ուղղությամբ, սակայն միայն ՌԴ-ից չէ, որ այս ամենը կախված է, քանի որ ՌԴ-ն փորձում է դիմակայել այլ աշխարհաքաղաքական մարտահրավերների ևս, որոնք շատ ավելի մոտ են ՌԴ սահմաններին, քան Հարավային Կովկասը»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ Սյունիքը կարևոր է բոլոր խաղացողների համար, և բարդ է ասել, թե այս պայքարն ինչ արդյունքով կավարտվի:

Իր հերթին՝ իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Իրանը վերանայել է իր տարածաշրջանային քաղաքականությունը, և ներկայումս Իրանի հարավկովկասյան գլխավոր ուղերձը, կարմիր գիծը սահմանների անխախտելիությունն է:

«Այո, կա նաև համագործակցություն ՌԴ-ի հետ բավականին սերտ՝ ոչ միայն քաղաքական, այլև՝ ռազմական ոլորտում: Իրանն աշխատում է Սև ծով-Պարսից ծոց միջանցքն իրագործելու ուղղությամբ, սակայն պրոցեսները բարդ են, քանի որ դրանք գնում են, վերջնական ուժերի դասավորություն ձևավորված չէ, քանի որ պրոցեսներ են՝ ինչպես Հայաստանի և Արևմուտքի, այնպես էլ՝ Արևմուտքի և Իրանի, Իրանի ու Ռուսաստանի, Արևմուտքի ու Թուրքիայի, ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերություններում, Վրաստանի, Ֆրանսիայի մասնակցությամբ, ու դրանք բոլորն ունեն իրենց անդրադարձը ռեգիոնի և Հայաստանի վրա, որն ազդվում է այս ամենից: Իմ տպավորությամբ՝ այս փուլում Իրանն իր խնդիրը կատարում է»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս