Ինչպե՞ս էր ամերիկացի Ուիլյամ Հասկելը փորձում Նախիջևանը, Արցախը և Զանգեզուրը նվիրել Ադրբեջանին

1919 թվականի օգոստոսի 21-ին ամերիկացի ռազմական-քաղաքական գործիչ Ուիլյամ Հասկելը Երևան ժամանելուց հետո հանդիպումներ է ունենում և զրուցում Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության հետ։ Զրույցների ժամանակ Հասկելն ընդգծում է, թե ինչ ծրագրերով է եկել։ Առաջին հայացքից Հասկելի ծրագրերն ու խոստումները բացառապես հայանպաստ են։ Դրա մասին մանրամասն ներկայացրել ենք նախորդ համարներում։ Սակայն խոստումներից կարճ ժամանակ անց Հասկելն անցնում է գործի։ Հետագայում արդեն տեսնում ենք, որ Հասկելի խոստումներն ու գործերն իրար այդքան էլ չեն համապատասխանում։

Արդեն իսկ օգոստոսի 23-ին նա մեկնում է Թիֆլիս, ապա և՝ Բաքու։ Բաքվում Հասկելը հանդիպում է Ադրբեջանի կառավարության հետ, որպեսզի քննարկի Շարուր-Նախիջևանի հարցը։ Բաքվում Հասկելը հանդիպում է Ադրբեջանի կառավարության ղեկավար Նասիբ բեկ Ուսուպբեգովին, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարին։ Քննարկումներից հետո` օգոստոսի 29-ին, Ուսուպբեգովն ու Հասկելը ստորագրում են պայմանագիր, որը բացառապես ադրբեջանամետ պայմանագիր էր.

«Այդ պայմանագրի համաձայն՝ «Շարուր-Դարալագյազի և Նախիջևանի գավառներում պիտի հաստատվի չեզոք շրջան», որի կառավարությունը պիտի հանձնվի գնդապետ Հասկելի նշանակած ընդհանուր նահանգապետին։ Երկու կողմերն այդ շրջանից հանում են իրենց զորքերին ու գործակալներին, և կազմակերպվում է տեղական իշխանություն։ Այսպիսով Շարուր-Դարալագյազ-Նախիջևանի շրջանները հայտարարվում էին վիճելի, որով գնդապետ Հասկելը յուրացնում էր ադրբեջանյան տեսակետը։

Ավելին դեռ. Պայմանագրի 9-րդ կետն ասում էր. «Հայաստանի կառավարությունը պիտի գործադրե իր ամբողջ ազդեցությունը հանգստացնելու համար հայ ազգաբնակչությունը չեզոք շրջանում և Զանգեզուրում»։ 12-րդ կետով «Ազրբեջանի կառավարությունը համաձայնում է ամեն կերպ դյուրացնել Ամերիկյան նպաստամատույցի պարենավորման և սնունդ տալու գործը Շուշիի և Զանգեզուրի շրջանների ազգաբնակչությանը»։ 15-րդ կետով «Բաքու-Ջուլֆա շինվող երկաթուղագիծը պիտի լինի բացառապես Ազրբեջանի կառավարության իշխանության տակ և ոչ ոք չպիտի խառնվի նրա կառուցման գործում»։ 16-րդ կետ. «Հայաստանի չեզոք շրջանի սահմանը պիտի լինի այն տեղը, որը կոչվում է Գայլի Դրունք»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 23)։

Այլ կերպ ասած, Հասկելը Զանգեզուրը և Արցախը տալիս է Ադրբեջանին։ Հաշվի առնելով նաև այն, որ չեզոք գոտի էր համարվում նաև Դարալագյազը (ներկայիս Վայոց ձորի մասը), ստացվում էր, որ փորձ էր արվում հայկական տարածքները տալ Ադրբեջանին և արդյունքում, մեր օրերի քաղաքական լեզվամտածողությամբ ասված՝ ստեղծելու «թուրքական միջանցքը»։ Բաքվում Հասկելի և Ուսուպբեգովի ստորագրած պայմանագրի կնքումը մեծ զայրույթ առաջացրեց Երևանում։ Բացի այդ, Հասկելն ուղարկում է Երևան պայմանագրի երկու օրինակ և նշում, որ կառավարությունը ստորագրի առանց դանդաղելու։ Սակայն այդ ընթացքում, այսպես կոչված, «Հարավ-Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչները Հասկելին հասցնում են 10 կետից բաղկացած հուշագիր, որում մասնավորապես նշվում է.

«Նկատի ունենալով, որ ամեն ազգ իրավունք ունի անկախության և իր ձեռքն առնելու իր իրավունքներն ու ճակատագիրը, Սուրմալուի, Վեդի-Բասարի, Միլիստանի, Շարուրի, Նախիջևանի և Օրդուբադի շրջաններն իրենց համարում են անբաժանելի մաս Ադրբեջանի»։ (Նույն տեղում` էջ 324)։

Թուրք–ադրբեջանական հերթական կեղծ փաստաթղթում ասվում էր նաև, որ այս շրջանների ժողովուրդն Ադրբեջանի կառավարությունից, ինչպես նաև Հասկելից պահանջում է, որպեսզի իրենք այլևս չենթարկվեն Հայաստանին, ունենան ժամանակավոր ինչ-որ դրություն, քննվի, այսպես կոչված, հայերի վայրագություններն Երևանում ապրող ադրբեջանցիների դեմ, հակառակ դեպքում իրենք կդիմեն զենքով պայքարի։ Հերթական սուտ փաստաթուղթը ստանալով՝ Հասկելն ավելի է խճճվում։ Սիմոն Վրացյանն ինքն իր գրքում ընդգծում է, որ Հասկելը ամեն կողմում հանդիպելով թուրքերի բողոքներին և ստերին, չէր կարողանում կողմնորոշվել, թե իրականում ո՞րն է ճշմարտությունը և ո՞րն է կեղծիքը։ Սրանից զատ, Հասկելը նաև ստանում է ևս մեկ կեղծ փաստաթուղթ, այսպես կոչված, «Երևանի վաղեմի բնակիչ թուրքերի կողմից», ովքեր ներկայացնում էին այն մասին, թե իբր հայերի կողմից ենթարկվում են բռնությունների և կոտորածների։

Արդյունքում՝ Բաքվից Հասկելի ուղարկած գրությունը քննվում է երկրի կառավարությունում և որոշում է կայացվում Հասկելի մոտ ուղարկել պատվիրակություն, որը մանրամասն կպարզի ամբողջ եղելությունը։ Քննարկումներից հետո Հասկելը չեղյալ հայտարարեց Ադրբեջանի կառավարության ղեկավար Ուսուպբեգովի հետ ստորագրած պայմանագրի այն կետերը, որոնք վերաբերում էին Արցախին և Զանգեզուրին։ Ադրբեջանը մերժեց ընդունել այդ համաձայնությունը։ Կարճ ժամանակ անց Հասկելը կարգադրեց Նախիջևան մտցնել ամերիկյան իշխանությունը։ Արդյունքում՝ Նախիջևանը իր ինքնավարությունը պահեց մինչև 1920 թվականի ամառ։

Զ. Շուշեցի   

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930