«Ի՞նչ գործ ունի այդ մարդն ԱԺ-ում, երբ նրա տեղը ԱԱԾ բանտում է պետական դավաճանության համար». Արմինե Ադիբեկյան

«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև, կներեք, ՀՀ Զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ: Եվ գուցե մենք այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա. պետք է քննվի` ինչ է նշանակում՝ գերի ընկնել, ինչ հանգամանքներում»,- Ազգային ժողովում պատասխանելով գերեվարված զինծառայողների մասին հարցին՝ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ապա պարզաբանել, որ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է գերիների հարցի շուրջ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունը փոխարինվել «մեղադրական» ակնարկներով, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը պատասխանեց.

«Հունիս ամսին պետք էր ձայներ հավաքել, և գերի ընկած զինվորների ծնողների, ընտանիքի անդամների, հարազատների ձայները Փաշինյանին, իհարկե, պետք էին: Եվ հենց այդ պատճառով նա այն ժամանակ պատրաստ էր ցանկացած խոստում տալ»:

Արմինե Ադիբեկյանը հիշեցրեց նաև, թե ինչպես էր Փաշինյանը պաթոսով վստահեցնում, որ կարող է այդ գերիներին վերադարձնել, անգամ նշում էր, թե գերիները կներեն մի քանի ամիս ավել գերության մեջ մնալու համար. «մինչև Փաշինյանը կվերընտրվի և կսկսեն գործընթացներ, որի հետևանքով գերիները կվերադառնան»:

Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ պետության չգոյության պայմաններում արդեն մեկ տարի է՝ սարերում, վատ պայմաններում ծառայում են 18 տարեկան տղաներ, որոնք ապակողմնորոշված են.

«Նրանք չեն հասկանում՝ ինչ է կատարվում. մեկն ասում է՝ մինչև վերջին շունչը պետք է պահեք դիրքը, մեկն ասում է՝ հետ քաշվեք, մեկն ասում է՝ չկրակեք, մյուսն ասում է՝ կրակեք: Մի խոսքով, նրանք ապակողմնորոշված են զուտ ոչ պրոֆեսիոնալ և դիլետանտ ղեկավարության կողմից:

Այսինքն՝ նրանք իրենց առջև դրված չունեն հստակ հրամաններ, չունեն հստակ խնդիրներ, որոնք պետք լուծել ստեղծված իրավիճակում: Եվ այդ պայմաններում 18 տարեկան տղան հասկանում է, որ ավելի լավ է՝ ես հանձնվեմ, քան զոհվեմ, որովհետև եթե դու 18 տարեկան ես, քո ապրելու ցանկությունը շատ ավելի մեծ է, քան ԱԺ դահլիճում նստած ոհմակի, որոնց համար այդ կյանքերն ընդամենը վիճակագրություն են:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ նա գերի չի կարող վերադարձնել, չի կարողանալու այդ հարցը երբևիցե լուծել, որովհետև նրա նման ոչնչության խոսքը արտաքին աշխարհում կշիռ չունի, նա զրոյական հեղինակություն վայելող էակ է, և բնական է՝ ոչ մի ձևով՝ ո՛չ լավով, ո՛չ վատով, ո՛չ ուժով, ո՛չ բարի խոսքով, ո՛չ զենքով, ո՛չ դիվանագիտորեն ի վիճակի չէ գերիներին վերադարձնել: Այս ամենը հասկանալով՝ նա գերի ընկնելու հանգամանքը գցում է գերի ընկածների վրա՝ չհանձնվեիք-զոհվեիք-ով: Արդեն երկրորդ օրն է, ինչ ցանցում շրջանառվում է՝ «զոհվեց, բայց գերի չընկավ» թեզը, ասել է թե՝ հերոսը պետք է զոհվի, բայց գերի չընկնի: Եթե դու գերի ես ընկել, ապա դու ես մեղավոր, դու ես դավաճանը, բայց ոչ թե նա, որ քեզ վրանում ավտոմատով թողել է տանկերի դեմ պայքարելու, ու չբացատրելով՝ երբ տանկը գալիս է, դու ինչ պետք է անես՝ պետք է փախչե՞ս, պետք է դանակով գնաս տանկի դե՞մ, ավիացիա՞ կանչես, հրետանի՞ հրավիրե՞ս. ի՞նչ պետք է անես դու, ու առհասարակ, ի՞նչ կարևորություն ունի այն դիրքը, որտեղ նա գտնվում է անմարդկային պայմաններում»:

Արձագանքելով մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պնդել է, որ «ի բնե, հնարավոր չէ այդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման», և, որ «դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»՝ Արմինե Ադիբեկյանը մեջբերեց Փաշինյանի կողմից նախկինում արված և ապա հենց իր իսկ կողմից հերքված այլ հայտարարություններ, նաև հայտնի «Սև լճի 30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք» ու «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր» աղմկահարույց ձևակերպումները։ 

Նա արձանագրեց նաև, որ 2018 թվականից ի վեր՝ Փաշինյանը պարբերաբար հանդես է եկել ինքնամերժ ու հակասական տեքստերով:

«Չզարմանաք՝ եթե ինչ-որ մի օր նա նույն տրիբունայից վեր կենա՝ ասի, որ ես եմ հրամանը տվել, որ չկրակեն: Հիշենք, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ ասում էր՝ մենք չգիտեինք՝ պատերազմը երբ է սկսվելու, հետո պարզվեց՝ նա հունիսին է տեղեկացել, որ պատերազմ պետք է սկսվի, հետո ասաց, որ դա սուտ է, Օնիկը ստում է՝ իրեն ոչ ոք նման բան չի ասել, հետո անցնում է ինչ-որ ժամանակ, և նա հայտնում է, որ արդեն սեպտեմբերի 25-ին գիտեր, որ 27-ին պատերազմ է սկսվելու, ու նույն օրը հրաման են տվել զորքերին հետ քաշվել…»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։

Նա այս համատեքստում անդրադարձավ նաև Փաշինյանի՝ «Չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. կա լուծում կամ չլուծում» նորահայտ բանաձևին՝ նկատելով. «Ես միայն մի բան կասեմ, որ նման բառերը բնորոշ են իդիոտի, որովհետև այստեղ էլ մենք գործ ունենք ինքնամերժ հայտարարությունների հետ։ Նա ընդամենը երկու տարի առաջ նույն տրիբունայից մեզ պատմում էր, թե լուծումն այնպիսին պետք է լինի, որ բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին: Մենք մեռանք բացատրելով, որ՝ պարո՛ն, դա անհնարին է. գոյություն չունի լուծում, որը կբավարարի երեքին միաժամանակ՝ ինչ-որ մի կողմը պետք է լինի չբավարարված: Նա հրահրեց պատերազմ, այդ պատերազմը սաբոտաժի ենթարկեց և արեց ամեն ինչ, որ լուծումը չբավարարի արցախյան կողմին: Այսինքն՝ փաստացի մենք կարող ենք ֆիքսել, որ սա երեք տարի արել է ամեն ինչ, որ լուծումը բավարարի միայն ադրբեջանական կողմին:

Ի՞նչ գործ ունի այդ մարդն ԱԺ-ում, երբ նրա տեղը ԱԱԾ բանտում է պետական դավաճանության համար. մարդը բառացիորեն, տառացիորեն իր բերանով հակապետական, հակահայկական հայտարարություններ է անում, ինչո՞ւ նա ձերբակալված չէ մինչև հիմա, սա՛ է հարցը: Այսինքն՝ մեր խնդիրը Փաշինյանը չէ, մեր խնդիրը մարդիկ են, որոնք հանդուրժում են, որ նման բան տեղի ունենա։ Ո՞ւր է նայում ԱԱԾ-ն, ո՞ւր է նայում ոստիկանությունը, ո՞ւր են նայում մարդիկ, որոնք աշխատավարձ են ստանում ոչ թե Փաշինյանին, այլ պետությունը պաշտպանելու համար:

Փաշինյանն իր ցանկացած ելույթից հետո պետք է ձերբակալվեր, որովհետև այդ մարդն անում է հակապետական, հակահայկական հայտարարություններ, և նա չի պատրաստվում մեր գերիներին հետ բերել. էդ տղերքի վրա կարող եք խաչ քաշել»:

Ո՞րն է ելքը՝ հարցին ի պատասխան՝ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ պետք է ամեն ինչ սկսել նորից, ու առաջին քայլը պետք է լինի պետական դավաճանների ձերբակալությունը:

«Մենք նորից պետք է ծնկից վեր կենանք, մենք պետք է զոհ գնանք հակահայկական պայմանագրերին, որոնք հնարավոր են դարձել Փաշինյանի երեք տարվա տկար կադրային քաղաքականությամբ: Դուք նկատե՞լ եք, որ մեր ոչ մի նախարարություն չի ղեկավարվում մասնագետի կողմից. առողջապահության նախարարը իրավաբան է, պաշտպանության նախարարը՝ դասատու, ԱԺ խոսնակը՝ նախկին անտաղանդ դերասան….

Այդ ռեսուրսային բազան ունենալով՝ մենք ոչ մի ապագա չունենք։ Մեր ապագան Թուրքիայի վիլայեթ կամ ադրբեջանական ռայոն դառնալն է, կամ՝ ՌԴ տարածք, գուցե և Սիրիայի պես. Սյունիքը կկառավարի թուրք-ադրբեջանականով, Արցախը՝ ՌԴ-ով, Երևանը՝ Իրանով, և այլն: Սա՛ է Փաշինյանի կողմից գծված մեր ապագան:

Ու մինչ պետական դավաճանները չհայտնվեն այնտեղ, որտեղ նրանց իսկական տեղն է, մենք չենք կարող սկսել զրոյից»,- ասաց նա:

Ճշգրտմանը, թե՝ մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք ամեն ինչ զրոյից սկսելը՝ նա արձագանքեց. «Մոտ ապագայում Մեղրիի կորուստն է մեզ սպասվում դեռ»:

Տեսանյութեր

Լրահոս