«Չկրակելու հրաման տվողը գործում է պետական դավաճանություն». Նիկոլ Փաշինյան

«Ո՞վ չտվեց կրակելու հրաման, կամ ո՞վ տվեց չկրակելու հրաման, որովհետև հրապարակված տեսանյութերով որոշակի գծերով տեսանելի էր, որ մարտական դիրքերից մեկի գրավումը տեղի է ունենում առանց փոխհրաձգության, դրա հաջորդ օրերին պաշտոնապես արձանագրվեց, որ ունենք 13 գերեվարված, և 24 զինծառայողի հետ կապը կտրված է: Ի՞նչ է ձեզ հայտնի մեր զինծառայողների ճակատագրի մասին, երկրորդ՝ ի՞նչ է արվում կանխելու նրանց նկատմամբ բռնությունը, դեռ չեմ խոսում՝ ավելի վատ սցենարի մասին: Ո՞վ էր այս իրավիճակի պատասխանատուն»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին այս հարցերն ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանը հետևյալն ասաց. «Դուք կիրակի օրվա և երեքշաբթի օրվա դրվագները խառնում եք իրար, ինչքան էլ դրանք ներքին փոխկապակցվածությամբ կապված են, և փորձում եք ստեղծել մի դրվագ: Ի բնե, հնարավոր չէ այդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման: Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն: Գերիների մասով՝ ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև կներեք, ՀՀ ԶՈւ ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ և պետք է հստակ բոլոր դեպքերով… և գուցե թե մենք այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել, նաև՝ էմոցիոնալ ֆոնի վրա:

Պետք է քննվի՝ ի՞նչ է նշանակում՝ գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն: Եվ յուրաքանչյուր դեպքում պետք է քննենք, այդ դեպքի հե՞տ գործ ունենք, թե՞ դեպքի հետ գործ չունենք: Օրինակ՝ ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում գերեվարվում է, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել, բայց ընդհանուր առմամբ, պետք է ձեզ կոչ անեմ, խնդրեմ, որ այդ կարգի լուրեր տարածելուց առաջ մտածենք: Այստեղ իշխանության-ընդդիմության հարց չէ, ի՞նչ է նշանակում՝ հրաման է եղել չկրակելու, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև նախ չկրակելու հրաման տվողը գործում է պետական դավաճանություն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում»:

Տեսանյութեր

Լրահոս