«Չկա հայանպաստ կամ ադրբեջանպաստ լուծում. կա լուծում կամ չլուծում». Նիկոլ Փաշինյան
Նոյեմբերի 17-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի անելիքներին և «խաղաղության դարաշրջանի» բացմանը՝ նկատելով, որ, թեև հայտարարել են «խաղաղության դարաշրջան բացելու մասին, միաժամանակ ասել են, որ այդ դարաշրջան բացելը հեշտ չի լինելու:
«Դրա համար մեզ պետք են ամուր նյարդեր: Մենք նաև ընդգծել ենք, որ «խաղաղ դարաշրջան» բացելը, ցավոք, միայն մեզանից չի կախված: Եվ մենք ասել ենք, որ լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է ապացուցել առաջին հերթին մեր հանրությանը, դրսից ապացուցել հանրությանը, որ «խաղաղ դարաշրջանը» հնարավոր չէ: Այդ ամենը ցույց է տալիս, որ սա առաջին հերթին մեր օրակարգն է, և քանի որ մենք դա ընդունել ենք՝ որպես ռազմավարություն, մենք պետք է հետևողականորեն գնանք այդ օրակարգի հետևից:
Գիտեք, ԼՂՀ բանակցային գործընթացի ողջ ընթացքում մենք սովորաբար ձևակերպել ենք մեր դիրքորոշումները, բայց մենք անարդար ենք համարել միջազգային հանրության դիրքորոշումները և ընդհանրապես լսելի չենք համարել մեր հակառակորդի դիրքորոշումները: Եվ արդյունքում ստացվել է էնպես, որ մեր դիրքորոշումները իքս պահից սկսել է լսելի չլինել միջազգային հանրության կողմից; Եվ ես սրա մասին խոսել եմ 2018 կամ 2019 թվականին ԱԳՆ-ում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ: Ես ասել եմ, որ իմ տպավորությունն այն է, որ մեր ասելիքը միջազգային հարթակներում կորսված է»,- հարցին պատասխանելիս՝ տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը:
Ապա խոստովանեց, թե այս ամենն ասում է ոչ թե որպես ընդհանուր քննադատություն, այլև որպես ինքնաքննադատություն: Այսինքն՝ հնարավոր չէ հարցերը վերցնել, և այն, ինչը վերաբերում է միջազգային օրակարգին, վերցնել ու չափել միայն սեփական արշինով:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կարելի է այդպես անել, սակայն այդ ամենը հաջողություն չի բերելու:
«Մենք պետք է կողմնորոշվենք՝ մենք ուզո՞ւմ ենք գնալ լուծումների, թե՞ մենք չենք ուզում գնալ լուծումների: Եվ մենք անկեղծորեն պետք է կողմնորոշվենք՝ ուզո՞ւմ ենք գնալ լուծումների, թե՞ չէ: Մեր դիրքորոշումը և, իմ համոզմամբ, մեր կառավարության առաքելությունը դա է, որ մենք պետք է գնանք լուծումների: Բայց պետք է հասկանանք, որ այն, ինչը մեր դիրքորոշումն է, դա չի նշանակում, որ ցանկացած լուծում մեզ համար ընդունելի կլինի: Բայց սա էլ չի նշանակում, որ մեր պատկերացրած ցանկացած լուծում ընդունելի կլինի՝ մյուս կողմի, և առավել կարևոր է՝ միջազգային հանրության համար»,- շեշտեց Փաշինյանը:
Այնուհետև հարց բարձրացրեց, թե Արցախի բանակցային գործընթացում ինչու հայկական կողմը չի կարողացել հաջողություններ գրանցել, ապա իր իսկ հարցին պատասխանեց, որովհետև հայկական կողմի ընկալումները ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար, միջազգային հանրության ընկալումներն էլ ընդունելի չեն եղել հայկական կողմի համար:
«Մենք ունեցել ենք ձևակերպում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծում, մենք բոլորս նվիրված ենք եղել Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման համար: Բայց մենք մի բան հաշվի չենք առել, որ միջազգային հանրությանը ոչ թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումն է հետաքրքրում, միջազգային հանրությանը Ղարաբաղի հարցի լուծումն է հետաքրքրում: Մենք պետք է գնանք լուծումների, հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կա՛մ լուծում, կա՛մ չլուծում, սա է մեր ընտրությունը, սա ուղղակի մենք պետք է հասկանանք»,- եզրափակեց միտքը Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում