Լեհաստանում խոստացել են անհրաժեշտության դեպքում զենք կիրառել միգրանտների դեմ
Լեհաստանի սահմանային պահպանությունն անհրաժեշտության դեպքում առանց տատանվելու զենք կկիրառի: Այդ մասին լրագրողներին նոյեմբերի 16-ին հայտարարել է Լեհաստանի սահմանային պահպանության պաշտոնական ներկայացուցիչ Աննա Միխալսկայան:
«Մենք հերթապահության դուրս կգանք մարտական զենքով: Մենք ուժային կառույց ենք, մենք վարժանքներ ենք անցնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառենք այդ զենքը: Կարող եմ հավաստիացնել, որ, եթե հարկավոր լինի, սահմանային պահպանության աշխատակիցները չեն տատանվի զենքի օգտագործման հարցում»,-ասել է Միխալսկայան:
«Բայց ես ընդգծում եմ, որ մենք կաշխատենք զենք չօգտագործել: Մենք չենք ցանկանում օգտագործել, բայց եթե հարկավոր լինի, ապա մենք չենք տատանվի»,-հավելել է նա:
Նոյեմբերի 8-ին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել է որ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների մեծաթիվ խումբը, հիմնականում քրդեր, ուղեւորվել է Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Երեկոյան գերատեսչությունում հայտարարել են, որ փախստականների հետ կապված իրադրությունը Լեհաստանի հետ հանրապետության սահմանին մնում է չափազանց լարված. սահմանագծին լեհական արգելափակոցների առջեւ մնացել են 2 հազար փախստականներ, այդ թվում՝ զգալի քանակությամբ կանայք ու երեխաներ: Նրանք տարերային ճամբար են խփել հանրապետության Գրոդնենի մարզի «Բրուզգի» բելառուսական անցակետից ոչ հեռու:
Լեհ ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել, միգրանտները փորձեր են ձեռնարկել հաղթահարել արգելափակոցները: Վերջին ժամանակներս Լեհաստանը, Լիտվան եւ Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից անօրինական միգրանտների թվի աճի մասին, Մինսկին մեղադրել են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:
Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:
Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են սահմանակից տարածք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: