«Եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը լուռ և խաղաղ կերպով «կքերի» իր համար Նախիջևանի միջանցքը». Խրամչիխին

Նոյեմբերի սկզբին նախատեսվող Փաշինյան-Պուտին-Ալիև հետպատերազմյան բանակցությունների երրորդ ռաունդի չեղարկումից հետո սկսվել է Ադրբեջանի իշխանությունների ռազմական սադրանքների հերթական փուլը ՀՀ սահմանների ուղղությամբ: Նախ նոյեմբերի 10-ի երեկոյան ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն անակնկալ կերպով հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

Նոյեմբերի 14-ից լարվածության մեջ պահելով հանրությանը և չտալով սպառիչ տեղեկատվություն, ՀՀ ԱԽ-ն նախօրեին հայտարարություն տարածեց. «2021թ․  նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ»:

Մինչ այդ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը դիրքային առաջխաղացման փորձ է կատարել։ Հայտնել էին, թե ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել, որը դադարել է, բանակցություններ են սկսվել՝ ռուսական կողմի միջնորդությամբ: Երկու գերատեսչությունները, ի դեպ, հակասություններով էին տրամադրել տեղեկատվությունը: ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, թե սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը, իսկ ԱԽ-ն տեղեկացնում է՝ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ․ ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից:

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ նոյեմբեր 15-ին՝ կեսգիշերից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ: Զուգահեռաբար՝ ՀՀ ԱԽ-ն իր նախօրեի հայտարարությունում նշել է. «Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ, և այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ»:

Ի դեպ, նոյեմբերի 14-ից տարածվող լուրերի ֆոնին՝ նախօրեին ՀՀ ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ աշխատանքից ազատել է ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանին, նրա փոխարեն նշանակելով Սուրեն Պապիկյանին: Ի դեպ, ադրբեջանական կողմը ՀՀ ինքնիշխան տարածք էր ներխուժել Սև լճի հատվածում դեռևս մայիսի 12-ին՝ կրկին առանց զենքի գործադրման, և այդ ուժերը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, շարունակում են ծավալված մնալ ՀՀ տարածքում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակն ու շրջանառվող կարծիքները, թե Ադրբեջանի գործողություններն ընթանում են Ռուսաստանի «համաձայնությամբ», Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասաց․ «Դա արդեն վաղուց ծեծված է, հասկանալի է, որ այդպես պետք է ասվի: Իսկ ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ հայկական զորքը, զինվորները չեն դիմադրում: Բացարձակ անհասկանալի է, թե ինչն է նրանց խանգարում դա թույլ չտալ»:

Խրամչիխինը նշեց, որ իր համար բարդ է դատել, ասել, թե ինչու չեն կրակում կամ ինչու կրակելու հրաման չի տրվում: «Բայց, ի վերջո, եթե Ձեր իշխանությունները հանձնել են Ղարաբաղը, ապա ինչո՞ւ նրանք բավարարվեն միայն Ղարաբաղով և չտան, ասենք, Նախիջևանի միջանցքը: Եթե արդեն ընտրվել է նման կապիտուլիստական քաղաքականություն և, ի դեպ, նաև ԶՈՒ-ի հետ է, մեղմ ասած, ամեն բան ոչ այնքան լավ, ի՞նչ պատճառ կա զարմանալու: Գլխավորը, իհարկե, Մոսկվայում մեղավորներ գտնելն է»,- նշեց նա:

Ալեքսանդր Խրամչիխինը տեղի ունեցողի շուրջ որևէ սցենար չի բացառում, այդ թվում՝ այն, որ սա կարող է համաձայնեցված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի չստորագրվի, այլ Ադրբեջանը գա և կանգնի այդ կետերում: «Որևէ բան չեմ բացառում, որովհետև եթե կապիտուլիստական քաղաքականություն է վարվում, ապա այն վարվում է, ինչպես արդեն ասացի: Ոչինչ պետք չէ բացառել, ինչո՞ւ՝ ոչ»,- ասաց Խրամչիխինը:

Նա նշեց, որ այդ կապիտուլիստական քաղաքականությունը ՀՀ իշխանությունները վարում են շուրջ մեկ տարի: «Իսկ այն, թե ո՞վ է պատասխանատու ՀՀ ԶՈՒ դեգրադացիայի համար, բարդ է ասելը, երևի թե բոլորը, բայց կապիտուլյացիայի քաղաքական մասը մենք տեսնում ենք նախորդ տարվա սեպտեմբեր ամսից»,- ասաց ռազմական վերլուծաբանը:

Խոսելով տվյալ հարցերում Մոսկվայի դիրքորոշման մասին՝ Խրամչիխինն ասաց, որ իր համար բարդ է ասել, թե ինչ են մտածում Կրեմլում:

«Բայց միանշանակ կերպով կարող եմ նշել՝ Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել ռազմական հակամարտության մեջ, առավել ևս՝ տեսնելով, որ Հայաստանը չի դիմադրում: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը լինի ավելին, անի ավելին, քան Հայաստանն է անում, թեև դա նրանից պահանջում են, բայց ամեն դեպքում տարօրինակ է, թե ինչո՞ւ դա այդպես պետք է լինի»,- նկատեց վերլուծաբանը:

Նման իրավիճակում անդրադառնալով ՀԱՊԿ գործառույթներին և պարտավորություններին՝ ռուս ռազմագետն ասաց. «Ի՞նչ ասել է՝ անվտանգության երաշխավոր, Հայաստանն ու Ռուսաստանը մեկ միության անդամ են, որում դե ֆակտո ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանը բոլորին պարտք է, իսկ ՌԴ-ին ոչ ոք ոչինչ պարտք չէ և ոչ ոք կատեգորիկ կերպով ոչ ոքի չի պատրաստվում պաշտպանել, որովհետև դա որևէ մեկին պետք չէ: Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը գոյություն ունի առավելապես թղթի վրա, ի դեպ, դրանով ՀԱՊԿ-ն էականորեն նման է ՆԱՏՕ-ին, ոորովհետև ՆԱՏՕ-ում նմանօրինակ վիճակ է: Մոսկվան ցանկանում էր սեփական ՆԱՏՕ-ն ունենալ, և իսկապես նրա մոտ դա ստացվեց: Թե ո՞վ է այս կառույցում մյուսին երաշխավոր՝ ես չգիտեմ: Խեղդվողի փրկությունը խեղդվողի խնդիրն է: Եթե Դուք դիմադրում եք, ակնհայտ է՝ Ռուսաստանն ինչ-որ բան կանի, բայց եթե չեք դիմադրում, ապա ինչո՞ւ պետք է ավելին անի: Օրինակով ասեմ՝ շատ մեծ է հավանականությունը, որ Չինաստանը կներխուժի Թայվան, ԱՄՆ-ը Թայվանի անվտանգության երաշխավորն է, բայց ես երաշխավորում եմ, եթե Թայվանը շուտ հանձնվի, ապա ամերիկացիները ոչինչ չեն անելու, եթե դիմադրի, ապա նրանք ստիպված կլինեն մտածել: Նույնն այստեղ է՝ ձեր մոտ»,- ասաց Խրամչիխինը:

Նա գտնում է՝ եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը լուռ և խաղաղ կերպով «կքերի» իր համար միջանցքը՝ զուգահեռաբար լուծելով սահմանազատման-սահմանագծման, ինչպես նաև իր համար ապաշրջափակման հարցում կարևոր խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս